Սերժ Սարգսյանի հետքայլը մեծ հարվածից առաջ

Oct 11, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի հետքայլը մեծ հարվածից առաջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կատարած այցից առաջ՝ տարածաշրջանային այցն ավարտեցին Բաքվի հանդիպումներով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ասվում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Բաքվում ավարտելով իրենց տարածաշրջանային այցը՝ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել են, թե երկու նախագահները պատրաստակամ են՝ վերսկսել խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները:

Միջնորդները նշում են, որ հոկտեմբերի 6-ին հանդիպում ունենալով Հայաստանի, իսկ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի հետ` նպատակ են ունեցել ավարտին հասցնել երկու նախագահների հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ու հստակեցնել քննարկվելիք հարցերի շրջանակը:

«Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»,- համատեղ հայտարարության մեջ արձանագրում են միջնորդները:

Հիշեցնենք, Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը միջազգային միջնորդները, ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել էին «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները»: Համանախագահները Երևանում հանդիպում էին ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հիշեցնենք, վերջին անգամ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացել էր նախորդ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, իսկ դրանից առաջ՝ մայիսին՝ Վիեննայում:

Այսպես, Սարգսյանն ու Ալիևը վերսկսում են բանակցությունները: Կարելի է կանխատեսել, որ այդ հանդիպումը մինչև տարեվերջ կկազմակերպվի: Սակայն մի յուրահատկություն կա այդ հանդիպման կազմակերպման հարցում. արդյոք միջնորդները պահանջելո՞ւ են իրագործել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, որն առավել ուժգնորեն դրվեց ապրիլյան պատերազմից հետո:

Սա կարևոր հարց է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց նախավերջին համատեղ հայտարարությունում միջնորդները չէին հիշատակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների հարգումը, ինչը անակնկալ էր, և շատերի համար հիմք դարձավ կասկածելու, որ միջնորդները, թերևս, այլևս չհիշատակեն դրանց մասին:

Իսկ սա չափազանց կարևոր պահ է, քանի որ պաշտոնական Երևանը այդ պահանջի կատարումն էր պնդում մեկ տարուց ավելի, և ըստ էության, որպես բանակցությունների սկսման պայման էր դնում:

Այսպես, գլխավոր ինտրիգը մնում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները, եթե դրանց մասին չհիշատակվի Սարգսյան-Ալիևի առաջիկա հանդիպման արդյունքում, ուրեմն, կարելի է եզրակացնել, որ Բաքվին հաջողվել է կրկին առավելություն ստանալ, քանի որ Հայաստանը հետ է կանգնել իր դիրքորոշումից և այլևս չի պնդում այդ պահանջների կատարումը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: