Արա Աբրահամյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանն իրեն Աստծո տեղ է դրել

Oct 09, 2017 Comments Off on Արա Աբրահամյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանն իրեն Աստծո տեղ է դրել

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին երկու ունիկալ հայտարարություն է արել: Նա իր միջոցներով կառուցված եկեղեցու բացման ժամանակ ասել է, որ իրենք միշտ կողմ են այն մարդկանց, ում ընտրում է Հայաստանի ժողովուրդը կամ նշանակում է Հայաստանի իշխանությունը. «Մենք օտար երկրի քաղաքացի ենք, ի՞նչ գործ ունենք այնտեղից ասենք, թե իրենք էստեղ ինչ անեն, ոնց անեն»,- հայտարարել է Արա Աբրահամյանը: «Դերեվյաննի մալչիկը» կարծես թե լրիվ կորցրել է իրեն. այդ ի՞նքը չէր, որ մի քանի տարի առաջ որոշել էր կուսակցություն բացել ու մտնել քաղաքականություն: Ինքը, գուցե, մոռացել է, բայց մենք շատ լավ ենք հիշում, որ ժամանակին կուսակցություն բացելու և քաղաքականություն մտնելու մասին ասուլիսներ էր հրավիրում: Այն ժամանակ չգիտե՞ր, որ այլ երկրի քաղաքացի է և իրավունք չունի խառնվել այստեղի գործերին:

Առավել սենսացիոն են  Սերժ Սարգսյանի ու մի քանի օտարերկրյա ներդնողների հետ հանդիպման մանրամասների մասին Արա  Աբրահամյանի պատմածները:  Արա Աբրահամյանի պատմելով՝ Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե մեր՝ այսինքն Հայաստանի իշխանությունների համար, ներդրողները կարծես թե վերևից եկած լինեն: «Էնտեղ ներկա էր նաև իմ գերմանացի բարեկամը, ինքը զարմացել էր նախագահի ասածներից: Ասում էր, ոչ մի տեղ ներդրողների  մասին նման համեմատություններ չեն արվում, նման վերաբերմունք չկա: Վարչապետն էլ է միշտ նույն բանն ասում, ընդհանրապես ղեկավարությունը շատ լավ է տրամադրված, բոլոր  պայմանները ստեղծում է»,-  ուրախացած պատմում էր Արա Աբրահամյանը: Հավանաբար մալիշկացի Արային թվացել է, թե Սերժ Սարգսյանն իրեն Աստծու հետ է համեմատել, երբ ասել է, թե ներդրողներին վերևից են ուղարկում / վերևում, ինչպե հայտնի է Աստվածն է/:

Նույն  զրույցի ժամանակ  Արա Աբրահամյանը բացահայտում է, որ ինքը Հյուսիսային պողոտայում շուրջ 130 մլն դոլարի ներդրում է արել / ժամանակին հերքում էր/ , մինչդեռ կարող էր այդ փողերն ուրիշ տեղ ներդնել  և ավելի լավ բիզնես անել: Հետո էլ  հպարտությամբ ասում է, որ կիսատ է  թողել Հյուսիսային պողոտայի նախագիծը և որոշել է այդ փողերով բարեգործական ծրագրեր իրականացնել Հայաստանում. «Բիզնեսի գործերը միշտ կհասցնեմ ավարտել»: Կամ այս մարդը  մեզ է հիմարի տեղ դնում, կամ էլ արդեն ամեն ինչ խառնել է իրար:  Նախ ո՞վ է իրավունք տվել Արա Աբրահամյանին Հյուսիսային պողոտայի նախագիծը, որը կոնկրետ ծրագրային ժամկետ ունի, անավարտ թողնել: Սա ընդամենը նշանակում է, որ Արա Աբրահամյանն անբարեխիղճ  ներդնող է, իսկ  բարեգործական ծրագրերը, որոնցով ինքն այդքան հպարտ է, արդարացում չեն:

Ընդհանրապես, ո՞վ է ասել, որ ներդնողներ են միայն նրանք, ովքեր միանգամից 100 մլն դոլար և ավել  գումար են բերում Հայաստան: Եթե մարդը, 100 մլն-ի փոխարեն 100 հազար դոլար է ներդրել մեր տնտեսության մեջ, ապա հաստատապես կատարել է նույնքան կարևոր և սուրբ գործ և արժանի է նույնքան գովասանքի և գնահատանքի, որքան Արա Աբրահամյանը: Կամ ի՞նչ է նշանակում ղեկավարությունը՝ նախագահը կամ վարչապետը  ներդրողին երաշխիք է տալիս: Երաշխիք տվողը օրենքն է, ոչ թե վարչապետը կամ նախագահը: Հենց այն փաստը, որ օրենքի փոխարեն երաշխիք են տալիս անձերը, արդեն իսկ նշանակում է, որ ներդրումները  երաշխավորված չեն: Երաշխավորված է այդ անձերի հետ գործարարի հետ  ունեցած հարաբերությունների մակարդակը:

 

Հայկ Դավթյան      

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: