Հայոց դշխուհիներն ու Սամվել Ալեքսանյանի բերած քաղցկեղը

Oct 09, 2017 Comments Off on Հայոց դշխուհիներն ու Սամվել Ալեքսանյանի բերած քաղցկեղը

Մինչ հայրենի մոլոպոլիսների սանձազերծած հերթական գնաճը դատավճիռ է դառնում Հայաստանի շարքային մահկանացուների համար, հայրենի էլիտան իր կանանցով խրախճանքի է բռնվել ժանտախտի ժամանակ: Ցուցադրում են նախ իրենց գեղցի նախասիրությունները, ցոփ ու շենշող հարսանիքներ, ճռճռան ու աչք ծակող ճոխություններ, հետո էլ միմյանց գովում են ՝ ի տես հանրության, ասես հեռավոր գյուղի դշխուհիներ, որոնք կտրված են աշխարհիս բանուգործից, հոգսուցավից, ասես աշխարհն իրենց շուրջ է պտտվում ու չկա այդ աշխարհում իրականությունը տեսնող, զգացող գեթ բանական մի մարդ, այն իրականությունը, որը տգեղ ու գաղջ է դարձել հենց այդ դշխուհիների, նրանց հայրերի, որդիների ու ամուսինների շնորհիվ: Ահավասիկ երկու օր էլիտան իրարանցման մեջ է, հիանում են մեծն Սամվել Ալեքսանյանի աղջկա Աստղիկի հաջողություններով, որն արձանագրելու էր գնացել անգամ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ իր եւ Հայաստանի ողջ տնտեսության քավորությունը վերցրած Սամվել Կարապետյանը: Սա քիչ էր եւ Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանն է  Instagram-ի էջում գրառել. «Մեր խելացին։ Իզուր չէ քո անունը Աստղիկ։ Առաջինը յոթ հարազատ եղբայրներից ու քույրերից։ Քո ընտանիքի ուղեցույց աստղ։ Շարունակիր իմ աղջիկ նույնքան ակտիվ կյանքի կոչել քո բոլոր համարձակ գաղափարները։Հպարտ եմ լինել նման աղջկա կնքամայրը»։

Ապագան, իհարկե, երիտասարդներին է, նրանք են մեծերի գործի շարունակողը  եւ պետք է խրախուսել, ոգեւորել, ճանապարհ բացել նրանց առաջ: Բայց չմոռանանք, որ ցանկացած երիտասարդ այն միջավայրի կրողն ու շարունակողն  է, որտեղ մեծացել է: Իսկ Աստղիկն  այն գործարարի դուստրն է, որը մինչեւ մահի գերեզման այդպես էլ չի խոստովանի, որ ինքը գործարար է, ինքը ոչինչ չունի, ամբողջը տանեցիներինն է՝ կնոջը, աղջկանը, ումը պատահի, բայց ոչ իրենը: Այն գործարարն է, որը դարձել է երկրի տնտեսության հերն անիծողներից, հզոր մոնոպոլիստներից մեկը, որը բիզնեսի ազատ դաշտ չի թողնում ,   ավելացնում է  ընկերությունների, ձեռնարկությունների թիվը, հետո էլ հասարակության առաջ արդարանում են , թե իր անունով ոչինչ չունի: Կար ժամանակ, երբ կեղծում էր միայն արտասահմանյան ապրանքանիշները, մանիպուլացիաներով շուկա գրավում, սակայն ախորժակն, ինչպես ասում են ուտելիս է բացվում, եւ հայրենական արտադրողները եւս դարձան նրան մրցակիցներ: Իրեն պատկանող Երեւան Սիթի-ներում ոչ հեռավոր անցյալում մանկական հագուստի բաժինը վարձակալությամբ զբաղեցրել էր հայրենական արտադրությամբ զբաղվող փոքրիկ ընկերություն, սակայն գործարարի աչքից չվրիպեց այդ ընկերության հաջողությունները ու հիմա Ալեքսանյանն իր ձեռքն է վերցրել նաեւ այդ բիզնեսը, հիմնել նման արտադրամաս ու շուկա է դուրս բերում իր գործարանի արտադրությունը՝ դուրս մղելով փոքր ձեռնարկությանը: Հատկապես, որ ինքը հարկային անհամեմատ շահեկան դիրքերում է, նա արտոնյալների ցանկում է, քանզի իշխանության կաթսան լցնողներից է, չհայտարարգրված բյուջեն ձեւավորողներից, այնինչ հարկային ոչ ստվերային դաշտում գործելու պարագայում  ոչ այդ կաթսան պահելու անժրաժեշտություն կլիներ, ոչ էլ նման վիճակ, ինչպես այսօր է:
Ու այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչ պետք է ժառանգի Ալեքսանյանի դուստրը հայրիկից, թեկուզ բիզնես միջավայրում նա պետք է իրացնի իր այն գիտելիքները, որոնք ձեռք է բերել հարազատ միջավայրից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: