Ալիևը գնում է վա բանկ

Oct 06, 2017 Comments Off on Ալիևը գնում է վա բանկ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ:

Ալիեւը դժգոհություն է հայտնել Եվրոպայից Ադրբեջանին չաջակցելու եւ հակառակը՝ Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցության համար՝ ղարաբաղյան խնդրում: Ալիեւը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի խորհրդին անդամակցում էին Ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հույսով, սակայն այդ հույսերը չեն արդարացել: Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը կարծես թե վերադառնում է բանակցության, եւ դա կարեւոր է»:

Ալիեւը հայտարարել է նաեւ, որ, եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ապա դա ոչինչ չի փոխի Ադրբեջանի կյանքում: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ Եվրոպայի Խորհրդից դուրս գալու տրամադրությունն Ադրբեջանի պաշտոնական տրամադրությունը չէ, այլ հանրության մեջ, ԶԼՄ-ներում առկա մտորումներ: Սակայն նա նշել է, թե ամեն իշխանություն պետք է հաշվի առնի հանրային կարծիքը:

Ինչ խոսք, հանրային կարծիքը հաշվի առնելու մասով Ալիեւի հայտարարությունը ինքնին զավեշտալի է, սակայն միեւնույն ժամանակ հասկանալի է, որ այստեղ բանը հանրային կարծիքը չէ, այլ նրա շանտաժը, որի գործիք է դառնում կամ ներկայացվում այդ կարծիքը: Իրականում Ալիեւը հանդես է գալիս Եվրամիությանն ուղղված պարզ շանտաժով՝ կապված Ղարաբաղյան խնդրում Եվրոպայի մոտեցումների հետ՝ եթե ճնշում չգործադրվի հայերի վրա, ապա Ադրբեջանը դուրս կգա Եվրոպայի խորհրդից:

Այդ շանտաժը հատկանշական է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ, որին Ալիեւը կարծես թե տվել է իր մասնակցությունը, եւ դրա մասին է վկայում հայտարարությունը, թե «Հայաստանը կարծես թե վերադառնում է բանակցության»:

Այդ հանդիպումից առաջ Եվրամիության հանդեպ շանտաժը կարծես թե խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ կապված առանձնակի հույսեր Ալիեւն այս փուլում չունի:

Այլապես ինչո՞ւ պետք է շանտաժեր Եվրամիությանը, եթե Ռուսաստանի օգնությամբ այսպես թե այնպես կարող էր առաջընթաց ապահովել իր ակնկալիքներում: Չէ՞ որ դիմելով այդօրինակ շանտաժի՝ Ալիեւը Եվրամիության հետ հարաբերությունում գնում է փաստացի վա բանկ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: