Կարեն Կարապետյանի ու Վարդան Հարությունյանի նոր մոնոպոլիան

Oct 08, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանի ու Վարդան Հարությունյանի նոր մոնոպոլիան

 

 

Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով մաքսային կարգոների խնդրին, հաստատել է այն տեղեկությունը, որ այժմ մաքսազերծմամբ զբաղվում է ընդամենը մի ընկերություն, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանը։

Նոր ստեղծված ընկերության անվանումն է «Նորֆոլկ Քոնսալթինգ»: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի առցանց բազայում նշված է, որ այն գրանցվել է 2017 թվականի հունիսի 23-ին։ Այս ընկերության միակ հիմնադիրը «Նորֆոլկ Պրոջեկտ լփ» անունով կազմակերպությունն է, որը Շոտլանդիայում գրանցված օֆշորային ընկերություն է:

«Կարգոները» ասվածը բեռնափոխադրող ընկերություններ էին, որոնք արտերկրից ՀՀ էին ներկրում տարբեր գործարարների ապրանքները: Նրանք ապրանքը, օրինակ, Չինաստանից կամ Թուրքիայից հասցնում էին Հայաստան, մաքսազերծում այն, դրա դիմաց ստանում նաև որոշակի գումար՝ որպես միջնորդավճար: Կարգոների շարքում, բնականաբար, պատահական մարդիկ չկային, դրանց հետևում կանգնած էին տարբեր տնտեսական և իշխանական կլանններ և ունեին կոնկրետ հովանավորներ: Այս ընկերությունները իրականում թաքցնում էին ստվերային ահռելի շրջանառություն: Բացի այն, որ նրանք իրենց ծառայության դիմաց, որպես կանոն, 5 տոկոս միջնորդավճար էին ստանում, նաև որոշակի գումար էլ աշխատում էին մաքսազերծման ընթացքում՝ անօրինական գործարքների մեջ մտնելով մաքսային ծառայությունների հետ: Օրինակ՝ հայտնի մեխանիզմներից մեկն այն էր, երբ ներմուծվող ապրանքը մաքսազերծվում էր բոլորովին այլ անվան տակ: Օրինակի համար ջինսի տաբատը կարող էր մաքսազերծվել որպես տրիկոտաժի կտոր՝ իբրև հումք: Կամ էլ ասենք՝ բանանը մաքսազերծվեր որպես կարտոֆիլ և այլն:

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ դառնալուց հետո չթաքցրեց, որ  բացահայտ պայքար է սկսել կարգոների դեմ: Այս պայքարն ավարտվեց նրանով, որ նախկին բեռնափոխադրող ընկերություններն այժմ ապրանքը հասցնում են մինչև մաքսատուն և այնտեղ արդեն մաքսազերծման ծառայությունը բոլորի համար մատուցում է վերը նշված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը այդ ծառայության դիմաց  ներկրողներից գանձում է 1,5 տոկոս միջնորդավճար: Այս ընկերության գործունեությունը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գնահատել է արդյունավետ: Ըստ Վարդան Հարությունյանի՝ առաջին իսկ ամսում` օգոստոսին, նորաստեղծ ընկերությունն արդեն իսկ 1,8 միլիարդ դրամի ԱԱՀ-ի հարկ է վճարել: Սեպտեմբերին ՊԵԿ–ում ավելի մեծ արդյունք են ակնկալում։
«Այս ընկերությունը ստեղծվել է բեռնափոխադրողների և մանր առևտրով զբաղվողների գործառույթները համակարգելու, նրանց աշխատանքը պարզեցնելու, փաստաթղթավորում անելու, տնտեսվարողներին հնարավորություն տալու 5 տոկոսի փոխարեն 1,5 տոկոս հարկ վճարել»,– նշել է ՊԵԿ նախագահը` հավելելով, որ կարգոնով զբաղվող այլ ընկերություններ ևս կան, և տնտեսվարողները հնարավորություն ունեն իրենց ցանկալի գործընկերոջն ընտրել։

Մեկ ամսվա արդյունքներից ելնելով՝ լուրջ դատողություններ անել, իհարկե չի կարելի: Բայց փաստը մնում է փաստ, որ Վարդան Հարությունյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ստեղծել են նոր մոնոպոլիա. նախկին բոլոր կարգոների գործն այժմ իրականացնում է մեկ ընկերություն՝ այն էլ օֆշորային արմատներով: Սա էլ քիչ է, այդ ընկերությունը պատկանում է վարչապետի և ՊԵԿ-ի նախագահի ընկերոջը: Հարց է առաջանում՝ ազնիվ նպատակներով ստեղծված, օրինական գործունեություն ծավալող ընկերությունը ինչո՞ւ է թաքնվում օֆշորում:

Եվ ի՞նչ երաշխիք, որ այդ ընկերությունը այսօր չի զբաղվում նույն անօրինականություներով, որոնցով նախկինում նույն կարգոներն էին զբաղված:

 

Արման  Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: