Վահան Մարտիրոսյանը ստե՞լ է ԱԺ ամբիոնից

Oct 06, 2017 Comments Off on Վահան Մարտիրոսյանը ստե՞լ է ԱԺ ամբիոնից

 

 

Տրանսպորտի, կապի եւ ՏՏոլորըի նախարար Վահան Մարտիրոսյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ առաջիկայում  արգելվելու է

աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքենաների շահագործումը և  այդ թեմայով արդեն քննարկում է եղել կառավարությունում:

«Հաշվի առնելով ոստիկանության տրամադրած տվյալները ավտովթարների վերաբերյալ, թե դրանց որ տոկոսն են կազմում աջակողմյան ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, մենք համապատասխան առաջարկով հանդես կգանք»,- Ազգային ժողովում հայտարարել է նախարարը:

Armtimes.com-ը գրում է, որ  մինչեւ նախարարի հայտարարությունը կայքը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն, որից պարզ է դառնում, որ վերջին 10 տարվա վթարների վիճակագրության մեջ աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ առանձին վիճակագրություն Ճանապարհային ոստիկանության կողմից  չի արվել:

«Կա՞ վիճակագրություն, թե աջ ղեկ ունեցող մեքենաների մասնակցությամբ քանի՞ վթար է եղել նույն ժամանակահատվածում եւ քանի՞ դեպք է եղել, որ աջ ղեկային համակարգը վարած վարորդն է եղել մեղավոր կողմը: Եթե կա, ապա խնդրում եմ տրամադրել այդ վիճակագրությունը»,- հարցրել էր կայքը ՃՈ-ին, որին ի պատասխան  նշվել է, որ նման հաշվառում չի արվում:

Հետևաբար, ստացվում է, որ կամ նախարար Վահան Մարտիրոսյանը ԱԺ ամբիոնից ստել է՝ խոսել է գոյություն չունեցող վիճակագրության մասին կամ էլ նման վիճակագրություն կա, սակայն ՀՀ ոստիկանությունը այն թաքցրել է լրատվամիջոցից՝ չունենալով դրա իրավունքը:

Փաստորեն, կառավարությունը և կոնկրետ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը աշխատանքային խումբ է ձևավորել, որն աշխատում է օրենսդրական լուրջ  փոփոխություն կատարելու ուղղությամբ՝  անգամ տարրական վիճակագրություն չունենալով:

Վերջին տարիներին աննախադեպ քանակով աճել են Հայաստան ներկրված  ավտոմեքենաների թիվը և դրանց մեջ զգալի է նաև աջակողմյան երթևեկությամբ մեքենաների թիվը: Եթե աջակողմյան ղեկերն արգելվեն, այս մարդիկ, բնականաբար, խնդիրներ են ունենալու: Ի դեպ, մի անգամ, նման նախաձեռնության  փորձ արվեց, որը սակայն դժգոհության մեծ ալիք բարձրացրեց:  Աջակողմյան ղեկը ձախակողմյան դարձնելու արժեքը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների,  որոնք  ստացվել են մեքենաների վերանորոգմաբ զբաղվող վարպետներից, 600-1000 դոլար է, եթե խոսքը ոչ թանկարժեք, 4-5 հազար դոլարով ձեռքբերվող մեքենաների մասին է: Մեքենայի գնի հետ բարձրանում է նաև ղեկը տեղափոխելու ծառայության արժեքը: Այսինքն՝ նման որոշում կայցնելու դեպքում, վարորդների վրա անուղղակի կերպով դրվում է հավելյալ ֆինանսական բեռ:  Հավանաբար ոստիկանությունը տիրապետում է այն վիճակագրությանը, թե քանի աջակողմյան ղեկով մեքենա  կա հանրապետությունում: Արգելքի որոշումը շատ կոնկրետ կարող է նպաստել որոշ մարդկանց բիզնեսին: Եթե աջ ղեկերի վթարային վիճակը, իսկապես, անհնագստացնող է, ապա առաջին քայլով պետք է արգելվի դրանց ներմուծումը, կամ էլ գոնե աջ ղեկով մեքենաների համար ավելի բարձր մաքսային տարիֆներ սահմանվեն, ինչպես դա արվել է հարևան Վրաստանում: Այդ դեպքում, ներմուծողներն իրենք կխուսափեն նման մեքենաներից: Ինչ վերաբերում է արդեն ներմուծված մեքենաներին, ապա նման որոշում կայացնելուց առաջ պետությունը պարտավոր է նաև իր հաշվին լուծում տալ՝ աջակողմյան  ղեկը փոխելով ձախակողմյանի:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: