Մոսկվան ու Բյուլբյուլը. նոր «լվացքատուն» ընդդեմ Հայաստանի՞

Oct 07, 2017 Comments Off on Մոսկվան ու Բյուլբյուլը. նոր «լվացքատուն» ընդդեմ Հայաստանի՞

Ռուսաստանը պաշտպանել է Ադրբեջանի ներկայացուցիչ ՓոլադԲյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, երեկ այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։ «Ընտրությունները տեղի կունենան երկուշաբթի, ամենայն հավանականությամբ կլինի մի քանի փուլ։ Մեզ համար առաջնահերթ է մնում Ադրբեջանը, իսկ հետո կողմնորոշվենք ըստ իրավիճակի »,- ասել է նա։ Գատիլովը նաև նշել է, որ իրենք այդ հարցում կանխակալ չեն։ «Մենք գրեթե բոլորի հետ հանդիպել ենք։ Նրանք բոլորն էլ եղել են Մոսկվայում»,- ասել է նա։

Ասել, թե այս նորությունն անսպասելի, կամ անհավատելի է՝ չափազանցություն կլիներ:Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, փաստորեն, հերթական քայլն է անում, որը ընդդեմ Հայաստանի է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, որը պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, կհեռանա այս տարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են Ադրբեջանի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Կատարի, Չինաստանի, Վիետնամի, Ֆրանսիայի  ներկայացուցիչները։

Եվ այստեղ, արժե հիշեցնել, որԻրինա Բոկովայի անունը շոշափվում էր «Ադրբեջանական լվացքատան» սկանդալում։ Ըստ հետաքննող լրագրողների, Ադրբեջանում գործող մասնավոր ընկերություններից մեկից շուրջ 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որն անցյալ տարի ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդի կազմում: Ուշագրավ է, որ Միտևի կինը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, որը 2010-ին այս կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային:

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի` OCCCRP-ի հրապարակած տվյալները բացահայտեցին Ադրբեջանի նախագահի ու նրա մերձավորների կոռուպցիոն գործարքները: «Ադրբեջանական լվացքատուն», այսպես են բնութագրում OCCCRP-ի երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի հեղինակները փողերի լվացման այն մեխանիզմը, որ գործել է 2012-ից 2014 թվականներին եվրոպական մի շարք երկրներում: Ծավալուն այս հետաքննության մանրամասները երկուշաբթի երեկոյան հրապարակվեցին բրիտանական հեղինակավոր The Guardian թերթում, հայտնում է «Ազատությունը»: Այդ հրապարակման համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու դրան մոտ կանգնած պաշտոնյաներն ու գործարարներն ընդամենը երկու տարում եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում հատուկ այդ նպատակով գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել:

Հիմա խնդիրն այն չէ, որ Իրինա Բոկովայի պաշտոնին է հավակնում նաև Փոլադ Բյուլբյուլօղլուն, այլ այն, որ իրականում, բոլորի համար պարզ է, որ նրա հնարավոր պաշտոնավորումը՝ Ռուսաստանի աջակցությամբ, ուղղակիորեն Հայաստանի նկատմամբ կեղծիքի ու ստի տարածման քաղաքականության հեղեղով է առանձնանալու: Իսկ Մոսկվայի համար, դա, բնականաբար, խնդիր չէ: Ընդամենը այսքանը…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: