Ինչու է միսը թանկանում. Սամվել Ալեքսանյանը ամեն ինչ խառնել է իրար

Oct 08, 2017 Comments Off on Ինչու է միսը թանկանում. Սամվել Ալեքսանյանը ամեն ինչ խառնել է իրար

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու են միսն ու կարագը վերջին շրջանում թանկացել: Նախարարը պատասխանել է, թե դա պայմանավորվում է շուկայական օրենքով` շուկան է պայմանավորում գինը: Իգնատի Առաքելյանի խոսքով՝ կա որոշակի արտահանում, խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակը հանրապետությունում պակասել է 12 հազարով, որ չէր կարող ազդել գնի վրա: Սակայն արտահանման միտումը ստեղծել է մի իրավիճակ, երբ վաճառողները, հաշվի առնելով պահանջարկի աճը, մսի գինը բարձրացնում են: Բացի այդ՝ 30%-ով բարձրացել է նաև խոտի գինը, ինչը ևս կարող էր բերել մսի թանկացման 15%-ով: Նախարարի պարզաբանումը, հատկապես արտահանման աճի և գնի փոխկապակցվածության առումով, համոզիչ չէ: 12 հազար խոշոր եղջերավոր անասունի արտահանումը Հայաստանի նման փոքր սպառման ներքին շուկայի համար, բնականաբար լուրջ թիվ է: Դա նշանակում է, որ Հայաստանից դուրս է բերվել մոտ 10 հազար տոննա միս և, որ առավել կարևոր է, այս միտումը կարող է շարունակվել նաև ապագայում: Ըստ ամենայնի, արտահանման գործոնն այս պահին մսի գնի աճի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան անասնակերի գնի բարձրացումը:
Մամուլում մասնավորապես հրապարակում էր եղել, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Հայաստանից տավարի միս է արտահանում վերջերս ինքն իրեն անկախ հռչակած Իրաքյան Քուրդիստան: Եթե Ալեքսանյանը շարունակի նույն տեմպերով, ապա մսի տեղական ռեսուրսները մոտ ապագայում կսպառվեն: Փորձագիտական կարծիքների համաձայան՝ արտահանման նման տեմպերի դեպքում գարնանը մսի գինը կբարձրանա մինչև 5 հազար դրամ:
Իհարկե եթե կա արտահամման պահանջարկ, հետևաբար արտահանմանը զարկ տալը այն արհեստականորեն արգելելը անիմաստ է: Թեպետ որոշ երկրներում ներքին շուկան պաշտպանելու կոնկրետ քաղաքականություն է իրականացվում: Օրինակ՝ հարևան Վրաստանում Ջավախքի մեր հայրենակիցները, չնայած Ախալքալաքի Կարծախ գյուղի անցակետի բացմանը, չեն կարողանում միս արտահանել Թուրքիա: Անցակետով Ախալքալաք գնացող-եկող Թուրքիայի քաղաքացիները առավելագույնը իրավունք ունեն 5 կգ միս տանել իրենց հետ: Այսինքն՝ Թուրքիան իր ներիքն գյուղշուկան պաշտպանելու հստակ քայլեր է ձեռնարկում: Միաժամանակ Թուրքիայից ցանկացած տեսակի գյուղմթերքի արտահանումը ազատված է հարկերից և տուրքերից: Սա այդ երկրի մոտեցումն է՝ զարգացնելու սեփական գյուղատնտեսությունը:
Հայաստանը այդ կարգի որևէ քայլ այս պահին չի ձեռնարկում: Արտահանման վրա արգելանքներ կիրառելը մեր պարագայում անգամ սխալ կլինի: Բայց մեծ է վտանգը, որ շուկան կարող է հեղեղվել ներմուծված սառեցված անորակ մսով: Պետությունն ու կառավարությունը զօր ու գիշեր աղաղակում է, թե բարենպաստ պայմաններ է ստեղծել գյուղատնտեսական վարկերի համար: Նման իրավիճակում տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանում շատ արագ պետք է ստեղծվեին ֆերմերական տնտեսություններ և զբաղվեին անանսնաբուծությամբ: Բայց Հայաստանի գյուղացիները գյուղոլորտով հետաքրքրվող գյուղացիները այդ ոլորտի նկատմամբ ակտիվ նախաձեռնողականություն առայժմ հանդես չեն բերում: Սա նշանակում է, որ կա՛մ բացակայում է իրավիճակի ճշգրիտ գնահատումը, կա՛մ էլ գյուղվարկերն իրականում այնքան էլ մատչելի ու հասանելի չեն, որքան փորձ է արվում ներկայացնել:
Կոնկրետ դեպքում գյուղնախարարի ասած շուկայի օրենքը չի գործում, իսկ շուկայի ամենազոր տեն ու հզոր խաղացողը՝ Սամվել Ալեքսանյանը, ամեն ինչ խառնել է իրար:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: