Կարապետյաններին հաջողվեց լռեցնել քաղաքական դաշտին

Oct 06, 2017 Comments Off on Կարապետյաններին հաջողվեց լռեցնել քաղաքական դաշտին

Կարեն Կարապետյանի գործունեության մեկամյակի հաշվետվությունից հետո ընդդիմադիր ուժերը համատեղ գրոհ էին կարծես պատրաստվում ձեռնարկել Կառավարության անգործության դեմ եւ հաշիվ պահանջել նախկին մեծամեծ խոստումների համար, այդ մասին ավետում էին լրատվականների իրենց աղբյուրները: Բայց արի ու տես ընդդիմադիր հատվածում նախանձելի  հանգստություն է տիրում: Նրանց անդորրը չի խախտել նույնիսկ   վերջին մի քանի օրերին համատարած գնաճը, առավել եւս դրա պատճառով   Հայաստանի բնակչության շրջանում  առաջացած խուճապը, որի մասին ահազանգում են քաղաքացիները: Թանկացել են առաջին անհրաժեշտության պարենային մթերքները եւ աղքատավարձով ապրող շարքային քաղաքացիների զգալի մասի համար կյանքը դարձրել իսկական պատուհաս: Ենթադրվում էր, որ գոնե վերջին թանկացումների մասին կառավարության պատասխանատուներից ժողովրդի ընտրյալները բացատրություն կպահանջեն, բայց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում որեւէ մեկին պարզվեց չի էլ հետաքրքրում նույնիսկ թանկացումների հարցը, էլ ուր մնաց կառավարության գործունեության դեմ քննադատություններ ակնկալել: Ընդդիմադիր շարքերում չկա նախկին էնտուզիազմը, որով քննադատում, նեղն էին գցում վարչապետին ու իր ենթականերին:
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանից  բանակի խնդիրներից էր հետաքրքրվում, ընդ որում՝ մասնավոր մի դեպքի մասին, ասում էր ինքը տեղյակ է մի զինվորի մասին, որի բուժման համար  ՊՆ-ն պարտավորություն չի ստանձնել, նախարարի պատասխանից պարզվեց, որ այդ զինվորին 5 մլն դրամ է հատկացվել, Թանդիլյանի երկրորդ հարցը այն մասին էր, որ առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաները գնում են զինվորի ընտանիքի անդամները, մինչդեռ ասում էր՝ պետք է գումար հատկացնել: Պատգամավորը տեղյակ չէր, որ ամսեկան յուրաքանչյուր զինվորի 2 հազարական դրամ է հատկացվում ու երբ նախարարը տեղեկացրեց, նա խոստացավ ճշտել: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն էլ Արծվիկ Մինասյանից բացատրություն էր պահանջում՝ ինչու նախարարության որեւէ աշխատակից չներկայացավ Հաղարծինի ճանաարհը շաբաթներ առաջ  օրինական անտառահատման պահանջով  փակած իջեւանցիների բողոքի ակցիային: Ավելորդ է խոսել ՀՀԿ-ականների մասին, Սերժ Սարգսյանի թիմը եւս զարմանալիորեն չի մարտնչում Կարապետյանի կաբինետի դեմ: Միակ հարց տվողը Շիրակ Թորոսյանն էր, սակայն նրա հարցի հասցեատերը՝ ԱԳ նախարարը բացակայում էր նիստից:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ներիշխանական վերադասավորումները եւ 2018-ին ընդառաջ իշխանության համար պայքարը ամլացրել է հայրենի քաղաքական դաշտը: Արդեն ակնհայտ է, որ այդ վերադասավորումների ընթացքում զգալիորեն ամրապնդվել է Կարեն Կարապետյանի եւ իր մեկենաս Սամվել Կարապետյանի դիրքերը, որոնք Հայաստանի առանց այն էլ մենաշնորհախեղդ տնտեսությունում նոր մենաշնորհներ են ձեւավորում, տնտեսությունը, ֆինանսական հոսքերն ամբողջությամբ վերցնում իրենց ձեռքում կամ վերահսկողության ներքո: Այս պարագայում բնական է, որ իշխանության ներսում պետք է առանձնակի զգուշավորություն դրսեւորել, ի վերջո, թանկացումներն էլ նույն այդ մենաշնորհների հետեւանքն են: Փաստացի Կարապետյաններին  հաջողվել է սաստել ՀՀԿ-ականների ընդվզումը իրենց դեմ, ինչը դրսեւորվում էր ոչ հեռավոր անցյալում, իսկ մյուս կողմից չեն ցանկանում ռիսկի գնալ, որպեսզի հետո դաշտում մնալու իրավունք ստանան: Եթե 2018-ից հետո իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն Կարապետյանները, այսօրվա խելոք ՀՀԿ-ականները կարող են նաեւ գլուխ գովել, որ իրենց նախընտրությունն էլ այս թեւն էր, վկան հնազանդ պահվածքը, իսկ եթե մնա Սերժ Սարգսյանի ձեռքում, կասեն, թե սպասում էին Գերագույն հրամանատարի հրամանին: Դե, իսկ ընդդիմության պահվածքն առավել քան հասկանալի է, իշխանության հաստիքային ընդդիմադիրները աչք են գցում իրենց տերերին՝ ով տեր, իրենք ծառան:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: