14 տարեկան հասակում քրոջս նշանում էին, իսկ ես երազում էի կրթություն ստանալու մասին

Oct 01, 2017 Comments Off on 14 տարեկան հասակում քրոջս նշանում էին, իսկ ես երազում էի կրթություն ստանալու մասին

 

Եզդիական համայնքում շատերն այն կարծիքին են, որ աղջիկը պետք է վաղ տարիքում ամուսնանա, հետևաբար նա չի կարող 12 տարի կրթություն ստանալ դպրոցում: Վաղ տարիքը առանձին դեպքերում չի գերազանցում 16 տարեկանը, իսկ տարիքային այդ շեմը ուղղակիորեն հակասում է 12-ամյա պարտադիր կրթությանը:

Մասնավորապես վերջերս Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հայտարաեց, թե եզդի աղջիկը 16 տարեկանում 3 երեխա է ունենում, նա ինչպե՞ս կարող է դպրոց գնալ:

Եզդիական համայնքի երիտասարդ ներկայցուցիչ, մասնագիտությամբ լրագրող Զեմֆիրա Քալաշյանը կտրականապես դեմ է եզդի աղջիկների վաղ ամուսնությանը և գտնում է, որ նրանք այդ տարիքում պետք է ամուսնական խնդիրներով զբաղվելու փոխարեն կրթություն ստանան: «Սովորաբար եզդի աղջիկների մեծ մասը, հիմնական կրթությունը ստանալուց հետո դուրս էին գալիս դպրոցից, իսկ մինչև այդ էլ շատ վատ են հաճախում դպրոց: Կան նաև դեպքեր, երբ եզդի աղջիկները ամուսնության պատճառով ընդհատում էին կրթությունը դեռ մինչև հիմնական կրթությունը՝ 9-րդ դասարանն ավարտելը: Ես չեմ ուզում ասել, որ սա ազգային ավանդույթ է: Սա ընդամենը տգետ մոտեցում է, և ես գտնում եմ, որ պետությունը պետք է հնարավորինս խիստ մոտեցում ցուցաբերի կրթությունն անավարտ թողած բոլոր քաղաքացիների, հատկապես մեր համայքնի ներկայացուցիչների նկատմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Զեմֆիրան:

Նրա խոսքով՝ վաղ ամուսնությունների դեպքում շատ հաճախ, զույգերի փոխարեն, ծնողներն են ընտրում աղջկա թեկնածուին: «Տղան, ի տարբերություն աղջկա, գոնե կարող է արտաքնապես համակրել կամ հավանել աղջկան, իսկ աղջիկը շատ դեպքերում իրավունք էլ չունի կարծիք հայտնելու: Իսկ ամենացավալին այն է, որ աղջիկը հաճախ չի էլ փորձում կարծիք հայտնել, չի փորձում պաշտպանել իր կրթություն ստանալու իրավունքը: Պատճառն, իհարկե, ցածր ինքնագիտակցությունն է, հաճախ նաև սեփական կարծիքի բացակայությունը: Ես, ցավոք, պետք է ասեմ, որ այս համատարած տգիտությունը փորձ է արվում ներկայացնել որպես բարոյական մոտեցման չափանիշ: Աղջկան 9-րդ դասարանից հետո արգելում են դպրոց գնալ՝ պատճառաբանելով, թե ինչ-որ մեկը կփախցնի: Կամ էլ համարում են, որ բարոյական աղջիկը 16-ից հետո դպրոց չի գնա, էլ չեմ խոսում համալսարանի կամ ինստիտուտի մասին: Իսկ ես համոզված եմ, որ տգիտությունը երբեք չի կարող բերել որևէ բարօրության կամ բարոյականության»,- ասում է բարձրագույն կրթությամբ եզդի աղջիկը: Որպես իր ասածի վկայություն՝ նա ներկայացնում էի և իր մյուս գործընկերների կողմից մեկ տարի առաջ հրապարակված «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը զեկույցը»: Զեմֆիրա Քալաշյանի խոսքով՝ 15 եզդիաբնակ համայանքներում իրենց կողմից արված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003-2015 թվականնեին դպրոց է ընդունվել 473 եզդի աղջիկ, որից 234-ը ավարտել է 9-րդ դասարանը, 122-ը ստացել է 12-ամյա կրթություն, իսկ 117 աղջիկ,  օրենքի խախտմամբ, չի ստացել անգամ 9-ամյա կրթություն : «Օրինակ՝ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում 2004-2015 թվականներին ընդունվել է 84 եզդի աղջիկ, որից 37-ը ավարտել է 9-րդ դասարանը, իսկ 3-ը՝ 12-րդ դասարանը: Այսինքն՝ դպրոց ընդունվածների 52 տոկոսը չի ավարտել անգամ 9-րդ դասարանը, այսինքն՝ չի կատարվել պարտադիր կրթության մասին օրենքի պահանջը»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը կողմ է, որպեսզի կրթությունից դուրս մնալու համար խիստ պատիժներ սահմանվեն: «Ինձ համար 12-ամյա պարտադիր կրթությունը շատ ընդունելի է, ես շատ ուրախացա, երբ իմացա, որ նոր օրենք է ընդունվել: Բացի դրանից, ես գտնում եմ, որ պետք է օրենդրական փոփոխություն կատարել և աղջկա համար ևս ամուսնության տարիքը բարձրացնել 18 տարեկան, այդ դեպքում այլևս առիթ չի լինի ասելու՝ դպրոցից հանում ենք, որպեսզի ամուսնացնենք: Ժամանակին, երբ որ մինչև 16 տարկանը ամուսնության դեպքերի համար մի քանի հոգու մեր համայնքից դատապարտեցին, դա  տվեց որոշակի արդյունք, հիմա շատերը խուսափում են 16-ից ավելի ցածր տարիքում ամուսնանալ: Նույնը նաև կրթությանն է վերաբերում. պետությունը պարտավոր է ամեն ինչ անել,  որպեսզի օրենքը գործի»,- ասում է նա:

Զեմֆիրայի խոսքով՝ այս խնդիրն իրեն սկսել է հուզել 14 տարեկան հասակում, երբ իր քույրերից մեկը /եզդիները  քույր են անվանում նաև հորքրոջ, հորեղբոր, քեռու և մորքրոջ աղջիկներին/ , որն իր հասակակիցն էր, որոշեցին նշանել, որին հաջորդեց ամուսնությունը: «Այդ տարիքում ես ունեի ապագայի պլաններ, ուզում էի համալսարան ընդունվել, իսկ իմ քույրը փաստորեն պիտի ամունանար: Երբ ես ընդունվում էի համալսարան, քույրս արդեն երկու երեխա ուներ: Քույրս, ի տարբերություն ինձ, կարծիք չէր հայտնում, չէր ասում, որ ուզում է սովորել: Նա գտնում էր, որ ճակատագիրը պետք է որոշեն իր ծնողները, ոչ թե ինքը: Իսկ դրա հիմքում կրթության պակասն է ընկած. չէ՞ որ կրթությունը ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլ նաև արժեհամակարգ է ձևավորում: Շատ բան իհարկե գալիս է նաև տղամարդկանց և տղաների վերաբերմունքից: Շատերը խոսում են կրթության կարևորությունից և ազատությունից, բայց երբ հարցը հասնում է իրենց, ապա իրենք չեն ուզում որ դա լինի իրենց քույրը կամ կինը»,- նշում է Զենֆիրա Քալաշյանը՝ հավելելով, որ կանանց կրթության խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը տղամարդկանց գիտակցությունը փոխելն է. «Տղամարդու խոսքն ավելի որոշիչ է, երբ դու աշխատում ես մի տղամարդու հետ, փոխում ես մի քանի կնոջ կյանք, իսկ երբ աշխատում ես մի կնոջ հետ, փոխում ես ընդամնեը մի  կնոջ, կոնֆլիկտ ես ստեղծում նրանց համար»,- գտնում է նա:

Հավելենք, որ Զեմֆիրա Քալաշյանը սովորել է Երևանի թիվ 135 դպրոցում, այնուհետև սովերել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Այժմ նա ամուսնացած է, ամուսինը՝ լրագրող Բորիս Մուրազին  ևս բարձրագույն կրթությամբ եզդի երիտասարդ է, նրանք ունեն նաև երեխա: Կրթությունը, աշխատանքն ու ընտանիքը չեն խանգարում միմյանց: Զենֆիրան իր օրինակով ուզում է ցույց տալ ժամանակակից եզդի ընտանիքի մոդելը և մտադիր է լրագրողական գործունեությանը զուգահեռ աշխատել որպես ուսուցիչ եզդիաբնակ գյուղերից մեկում, որովհետև համոզված է՝ կրթված մարդն ապրում է բոլորովին այլ աշխարհում և ունի այլ աշխարհընկալում: Նա գտնում է, որ պետք է կրթության նկատմամբ սերը և իրավունքի նկատմամբ պահանջատիրությունը փոքր տարիքից սերմանել և շատ լուրջ աշխատանք պետք է տանել համայնքի հետ:

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: