Լարված իրավիճակ՝ Երևանում. Թիվ 157 մանկապարտեզի 17 տարվա տնօրենի հեռացման դեպքում ծնողները պատրաստ են ամեն քայլի

Sep 26, 2017 Comments Off on Լարված իրավիճակ՝ Երևանում. Թիվ 157 մանկապարտեզի 17 տարվա տնօրենի հեռացման դեպքում ծնողները պատրաստ են ամեն քայլի

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում գտնվող Թիվ 157 մանկապարտեզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին մեծ թվով ծնողներ հավաքվել էին մանկապարտեզում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի շուրջ, որ մանկապարտեզի 17 տարվա սրտացավ ու հոգատար տնօրեն Զառա Ադիյանին ազատել են աշխատանքից:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողներն ասում էին. -Անարդար են վարվել, որ նման տնօրենին հեռացրել են աշխատանքից: Նա մեր երեխաների ու մանկապարտեզի համար այնքան բան է արել, որ համոզված կարող ենք ասել՝ ոչ մի մանկապարտեզի տնօրեն չի արել ու չի անի: Մեր մանկապարտեզը քաղաքի ամենալավ մանկապարտեզն է, այստեղ հաճախող 225 երեխաները ոչ միայն այս թաղամասից են, այլ քաղաքի բոլոր ծայրերից: Այնպիսի պատիվ ու համբավ է ձեռք բերել մանկապարտեզը տնօրենի սրտացավ, բարի, հոգատար, աշխատասեր վերաբերմունքի շնորհիվ, որ մենք պատրաստ ենք և խոստանում ենք՝ եթե նրան հեռացնեն, մենք մեր երեխաներին այստեղ չենք բերի այլևս:

Հարցին, թե ի՞նչ պատճառ են նշում հեռացնելու համար, պատասխանեցին. -Տիկին Ադիյանը մի անապահով ընտանիքից երեխայի է ընդունել մանկապարտեզ, երբ տեղ չի եղել, դա էլ քաղաքապետարանի համար պատճառ է հանդիսացել, ու փոխանակ ասեն՝ անապահով ընտանիքի երեխա է, ճիշտ է արել, որ ընդունել է, ասում են՝ աշխատանքից հեռացված եք: Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն նոր տնօրեն էլ են նշանակել ու ասում են՝ ինչ-որ պաշտոնիայի կին է: Ստացվում է, որ իրենք ընդամենը մի չնչին բանի էին ման գալիս, որ իրենց մարդուն նշանակեին: Մեր որոշումը վերջնական է. եթե մեր սիրելի տնօրենին հեռացնեն, մենք միահամուռ ոչ մեկս երեխաներին չենք բերելու պարտեզ, թող քաղաքապետարանը հասկանա, որ մեր կարծիքն էլ պետք է հաշվի առնել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: