Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է. Դավիթ Լոքյան

Sep 26, 2017 Comments Off on Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է. Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի  համանախագահ Դավիթ Լոքյանը և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին երկօրյա նիստի աշխատանքների ավարտին սեպտեմբերի 26-ին ստորագրել են  տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 4-րդ նիստի համատեղ արձանագրությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերը համաձայնել են, որ կարևոր է ստեղծել նոր պայմաններ՝ նպատակ ունենալով երկկողմ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա: Հանձնաժողովի համանախագահները հայտարարել են, որ երկկողմանի  համագործակցության  ոլորտները բազմաթիվ են. առևտրաշրջանառություն, ներդրումներ, բանկային և  նավթային համակարգ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մշակութային, էներգետիկ, կրթական, առողջապահական, տեղեկատվական  տեխնոլոգիաներ, երիտասարդություն, դիվանագիտություն և այլն: Ընդգծվել է հատկապես  Հայաստանից Իրաք ցամաքային ճանապարհով բեռափոխադրումների կազմակերպման հարցը: Կողմերը համաձայնել են խրախուսել երկու երկրների գործարարներին՝ ստեղծել համատեղ  ձեռնարկություններ ներդրումների բոլոր ոլորտներում:

Նախարար Դ. Լոքյանի խոսքով, երկօրյա նիստի ընթացքում  Ֆիքսվել են այնպիսի առանձնահատուկ ուղղություններ, որոնք  հետագա աշխատանքի ընթացքում հստակ արդյունք են ապահովելու:  «Արձանագրված ուղղությունները խիստ շոշափելի են և ռեալ, և ամենափոքր ակտիվության պարագայում  կարող ենք արձանագրել լրջագույն արդյունքներ: Առաջին կարևոր խնդիրը, որ հանձնաժողովը պարզաբանել է,  դա առևտրային ոլորտում երկու երկրների համագործակցության խնդիրն է: Իրաքյան կողմն առաջարկում է, որ մենք  անպայման Բաղդադում ունենանք մշտական գործող ապրանքային ցուցահանդես, ինչը հնարավորություն կտա ապահովել մեր երկրի արտադրանքի ծանոթացումը Իրաքում: Առաջարկ է եղել ակտիվ մասնակցել  նաև  այս տարի Բաղդադում կայանալիք տոնավաճառին:

Բոլորիս հասկանալի է, որ  Հայաստան-Իրաք  հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է: Կարողություններ, հնարավորություններ կան յուրաքանչյուր երկրում և մեր թիմերին է  վստահված այդ խնդիրը լուծել ու մենք պատավոր ենք այն իրականացնել»,-ասել է նախարար Լոքյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել  հանձնաժողովի անդամներին, փոխնահագահներին, որոնք ջանք են դրել երկկողմանի  հարաբերություններն ակտիվացնելու համար:

Իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին  նույնպես շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին հետևողական աշխատանքի համար: «Այս նիստը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար և փաստաթուղթը, որը ստորագրեցինք,  համապարփակ է և ընդգրկում է այն բոլոր կարևորագույն ոլորտները, որոնց մասին նշեց  նախարար Լոքյանը: Հույս ունեմ, որ Իրաքի և Հայաստանի համար կարևոր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում: Կարևորում եմ տնտեսական և ֆինանսական համագործակցումը երկու երկրների Կենտրոնական, նաև մասնավոր բանկերի միջև և ընդհանուր մեխանիզմի մշակումը: Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել մշակույթի, զբոսաշրջության ոլորտները, քանի որ  Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է և վստահաբար կարող ենք դա կյանքի կոչել: Այդ համատեքստում պայմանավորվել ենք խրախուսել իրաքցի տուրիստների այցը Հայաստան և արագ կարգավորել օդային և ցամաքային ճանապարհներով փոխադրումների հարցը: Մեր պատվիրակությունը ներառում է բոլոր նախարարություններից աշխատակիցներ և   լիահույս ենք, որ հաջորդ տարի կյանքի կոչած կլինենք այս բոլոր կետերը»,-ասել է իրաքյան համանախագահը:

Համանախագահների ելույթից հետո ստորագրված արձանագրության և հետագա անելիքների մասին կարծիքներ են հայտնել նաև երկու երկրների դեսպանները, կառավարությունների ներկայացուցիչները: Նիստի ավարտից հետո կայացած ասուլիսում հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրել են ստորագրված արձանագրության հիմնական ուղղությունները, առաջիկա անելիքները, պատասխանել լրագրողների հարցերին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: