Սամվել Բաբայանին ազատ կարձակե՞ն

Sep 27, 2017 Comments Off on Սամվել Բաբայանին ազատ կարձակե՞ն

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատավարությունն ուշագրավ ընթացք է ստանում։ Դատարանում ցուցմունք տվող վկա Աշոտ Շուշանյանը սեպտեմբերի քսաներեքի նիստում հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։

Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանին փակելու մասին թերեւս կանխատեսում էին շատերը։ Նա մտադիր էր ռադիկալ գործողություններ ծավալել, հասցրել էր մի քանի հարցազրույցներ տալ, կոշտ քննադատել իշխանություններին։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընտրություններից առաջ Բաբայանին ձերբակալեցին։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույքը, եթե իշխանությունը կեղծեր ընտրությունները։ Իսկզբանե Բաբայանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, որ իշխանությունն իր գլխին գործ է սարքում եւ ամեն ինչ ակնհայտ կեղծ է ու շինծու։

Եւ ահա, ամիսներ անց Բաբայանի այդ պնդումը, որքան էլ տարօրինակ է, կարծես հաստատվում է։ Վկա Աշոտ Շուշանյանը հայտարարել է, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։ Կարե՞լի է արդյոք սա շրջադարձային ընթացք համարել եւ ենթադրել, որ իշխանությունները մոտ ապագայում ազատ կարձակեն Սամվել Բաբայանին, քանզի որպես կանոն, եթե անգամ իշխանությունները ինչ-ինչ պատճառներով շինծու գործ են «կարում» իրենց թիրախների վրա, ապա ամեն ինչ կազմակերպված հասցնում են տրամաբանական ավարտին, թե գործով անցնող վկաները չեն ընկրկում ճնշումներին եւ դատարանում խոստովանում են իրականությունը։

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի կարծիքով քիչ հավանական է, որ Սամվել Բաբայանին ազատ արձակեն, պարզապես իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նա հիշեցնում է, որ դեռեւս ամիսներ առաջ, երբ գործը դատարանում դեռ չէր քննվում, ինքը կանխատեսել էր, որ դատարանում ճշմարտությունն ի հայտ կգա: «Կեղծ ցուցմունք տվողներն ի վերջո մտածում են, որ վերջը վատ կլինի, չենք կարող պնդել մի բանի մասին, ինչը որ չի եղել, բա հետո՞»,- հռետորական հարցադրում է անում Եղիազարյանը ու միեւնույն ժամանակ կանխատեսում, որ ըստ էության դատավորը հաշվի կառնի նախաքննական ցուցմունքները եւ նման վճիռ կկայացնի:

«Բաբայանին ձերբակալեցին ընտրություններից առաջ, երբ ՕՐՕ-ն թափ էր հավաքում։ Հայտնի ծեծուջարդից հետո Սամվել Բաբայանը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ, ասելով, որ ադեկվատ պատասխան է լինելու, հետո պարզվեց, որ Իգլա է բերել»,- համոզմունք հայտնեց նա:

Եղիազարյանի կարծիքով իշխանության չարախնդությունը թույլ չի տա ներել Բաբայանին ու եթե վերջինս ազատ արձակվի, ապա մեր զրուցակցի գնահատմամբ՝ կարող ենք ասել, որ Հայաստանի դատական համակարգում արդար դատավորներ կան, որոնք նման վճիռներ են կայացնում․«Ես անկեղծորեն ուզում եմ, որ Բաբայանին ազատ արձակեն, որովհետեւ նրան պանծալի հերոս եմ համարում։ Սակայն կարծում եմ, որ մարդկանց կյանքը ոչ թե ցուցմունքներն ու դատավորներն են որոշելու, այլ պատվեր տվողը»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: