Տարեվերջյան հանդիպման միակ խնդիրը

Sep 26, 2017 Comments Off on Տարեվերջյան հանդիպման միակ խնդիրը

Անցած օրերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվեցին մի շարք հանդիպումներ, որոնք վերաբերվում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 22-23-ին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այս հանդիպմանը նախորդել էին արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպումները:

«Խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհները գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը: Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին և նրանք քաղաքական կամքի կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար», ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` նախօրեին տարածած հայտարարության մեջ:

Ի դեպ, համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ՝ տեղում իրավիճակի ու խաղաղ կարգավորման գործընթացում վերջին իրադարձությունները քննարկելու և բարձր մակարդակով հաջորդ հանդիպման նախապատրաստման մասին իրազեկելու համար:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այց կատարել հոկտեմբերին: Այսպես, չնայած Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կոշտ ելույթներին համանախագահներն արձանագրում են, որ նախապատրաստում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ավելին, նրանք արձանագրում են, որ ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին և նախագահները քաղաքական կամքի կդրսևորեն՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար:

Նշենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:

Մինչ Մամեդյարովի հետ հանդիպումը, հաստատելով, որ նման հանդիպում տեղի կունենա` Նալբանդյանն ասել էր. «Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ», – արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հարցին:

«Հայաստան-Սփյուռք համաժողովին Ձեր ելույթում անդրադարձաք ղարաբաղյան հակամարտությանը և խոսեցիք որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց։ Խնդրեմ ավելի հանգամանալից ներկայացնեիք, թե ինչ ի նկատի ունեիք», – այս հարցին էլ Հայաստանի արտգործնախարարն արձագանքել է․ – «Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակվող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»։ «Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց հանրապետության նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաև այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ», – հայտարարել է Նալբանդյանը:

Մինչ համանախագահների համատեղ հայտարարության ընդունումը, նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետեր:

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առանձին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։

Այսպես, համանախագահների տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ նախարարները հանձնառություն են արտահայտել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում նախապատրաստելու հաջող գագաթնաժողով։

Ըստ ամենայնի Սարգսյան-Ալիև հանդիպում, այնուամենայնիվ մինչև տարեվերջ կկազմակերպվի: Հարցն այն է, թե ի՞նչ են քննարկելու ապրիլյան պատերազմից հետո առաջացած ու խորացած անվստահության պայմաններում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: