Կրճատումների «խերը». բյուջեից անիմաստ փողեր են ծախսվում

Sep 28, 2017 Comments Off on Կրճատումների «խերը». բյուջեից անիմաստ փողեր են ծախսվում

Նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների  վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխությունների հետևանքով աշխատանքից ազատվել է շուրջ 224 քաղաքացիական ծառայող: Առաջիկայում դրանց թիվը կավելանա առնվազն 86-ով՝ տեսչական մարմինների վերակազմավորմամբ պայմանավորված : Օրենքով կրճատումների դեպքում քաղծառայողները գրանցվում են կադրերի կարճաժամկետ ռեզերվում և աշխատանքը կորցնելուց հետո 6 ամիս շարունակ ստանում են իրենց պաշտոնի համար սահմանված աշխատավարձն՝ ամբողջությամբ :

Օրենքի այս պահանջը կատարելու համար կառավարությունը ստիպված է պահուստային ֆոնդից հավելյալ գումարներ հատկացնել : Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստում : Կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով տրամադրել 60 մլն 307 հազար դրամ գումար: Համաձայան որոշման նախագծի հիմանավորման՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակում զգալիորեն ավելացել է քաղա­քացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիա­կան ծառայողների թիվը:

«ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2017 թվականի հուլիսի 12-ի N 553-Ա որոշմամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզեր­վում գրանցվել են  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի 31, հուլիսի 31-ի N 613-Ա որոշմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի 10 քաղաքացիական ծառայողներ, օգոստոսի 25-ի N 677-Ա որոշմամբ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի 22, օգոստոսի  29-ի N 687-Ա որոշմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի 161 քաղաքացիական ծառայողներ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կադրերի կարճաժամկետ ռեզեր­վում 2017 թվականի սեպտեմբեր 1-ի դրությամբ գրանցված են 251 քաղաքացիական ծառայողներ:Տեսչական մարմինների բարեփոխումների հետ կապված սպասվում է ևս թվով 86 քաղաքացիական ծառայողների  գրանցում»,- նշված է հիմնավորման մեջ:

2017 թվականի պետական բյուջեով «02.Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված ծախսեր» բյուջետային տողով հատկացվել է 113 մլն  դրամ գումար, որն  ամբողջությամբ ծախսվել է: Այդ նպատակի համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ  42 մլն  դրամ  գումար է հատկացրել դեռ  հունիսի 15-ին , որը  նույնպես սպառվել է: Մինչդեռ հուլիս-օգոստոս ամսիների համար անհրաժեշտ է 216 մլն դրամ՝ կարճաժամկետ ռեզերվում գտնվողներին վճարելու համար : Ըստ էության՝  բացի կատարված 60 մլն դրամ հավելյալ հատկացումից, կառավարությունը  մինչև տարեվերջ ստիպված կլինի կրկին պահուստային ֆոնդից գումար հատկացնել՝ կրճատվածների համար :  Ինչ է ստացվում՝ մի կողմից ավելացել է գործազուրկների թիվը, մյուս կողմից էլ բյուջեն ավել գումարներ է վճարում : Կրճատումների «խերն» էլ սա էր :

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: