Կմնանք սառեցված անորակ մսի հույսին

Sep 25, 2017 Comments Off on Կմնանք սառեցված անորակ մսի հույսին

Այս տարվա 8 ամիսներին անկումը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 9.4 տոկոս, իսկ միայն օգոստոսին՝ 25 տոկոս: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ գյուղատնեսության ոլորտի անկումը բացասաբար է անդրադարձել նաև անասնապահության և անասնաբութծության ճյուղի վրա:Ըստ Բերբերյանի՝ դրա հետևանքները մենք կարող ենք զգալ հատկապես գալիք գարնանը, երբ միսը կտրուկ կթանկանա՝ հասնելով մինչև 5000  դրամի:Ըստ Բերբերյանի՝ անասնաբուծության ոլորտում աղետալի վիճակ է: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ:

Անասնակերի պակասի պատճառով՝ տարեվերջին, ըստ Բերբերյանի մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ զանգվածային մորթ կլինի, բայց գարնանը կտրուկ կթանկանա՝ մինչև 5000 դրամ:

Նկատենք, որ այս տարվա ամռանը մսի գինը նկատելի աճ էր արձանագրել. և՛ տավարի, և՛ խոզի մսի գների մեջ. տավարի մսի արժեքը տատանվում է 2400-4000 դրամի սահմանում, իսկ խոզի միսը՝ 2800-3500 սահմանում:

Գնաճն ակնհայտ է նաև գյուղատնտեսական մյուս մթերքների դեպքում՝ օրինակ կարագի և  պանրի: Հատկապես կարագի գինը նկատելի  բարձրացել է և այժմ   երևանյան առևտրի կետերում կարագի համար նվազագույն գին է սահմանված 3500 դրամը:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակին բուսական ծագման սննդամթերքի ներմուծումն ավելի շատ է եղել, քան թե արտահանումը: Սա թերևս ԵԱՏՄ մտնելու տխուր հետևանքներից մեկն է. մեր գյուղատնեսությունը չի դիմանում ռուսական շուկայի ճնշմանը, փաստորեն ներկրված ապրանքը գրավում է տեղական շուկան: Նույն պատկերը, փաստերն, սպասվում է նաև անասնապահության ոլորտում: Եթե տեղական ռեսուրսները չբավրարեն ներքին շուկայի պահանջարկը, ապա միսը, ինչպես օրինակ բուսական  յուղն ու կարագը, կսկսվի հիմնականում ներկրվել: Դա նախ բացասական ազդեցություն կթողնի որակի վրա, որովհտև տեղական միսը շնորհիվ մեր արոտավայրերի բուսատեսականու,  համային առավելություն ունի, և երկրորդ՝ էականորեն կբարձրանա գինը: Հաշվի առնելով մեր բնակչության գնողունակության մակարդակը, մենք թերևս ստիպված լինենք մնալ սառեցված անորակ մսի հույսին:

Ամեն դեպքում պատասխանատուները գյուղատնտեսության ոլորտում ստեղծված խայտառակ վիճակի վերաբերյալ որևէ ադեկվատ բացատրություն դեռ չեն տվել: Թերևս հակառակը՝ անընդհատ անհարկի գովազդում են գյուղոլորտին հատկացված պետական սուբսիդաները, այդպես էլ չտալով մի պարզ հարցի պատասխան. եթե իրականացվել է ոլորտային փայլուն քաղաքականություն, ինչու է վիճակն այսքան վատ:

Ի դեպ, կառավարության վերջին նիստում գյուղատնտեսության ոլորտում ստեղծված մտհոգիչ վիճակի մասին հրապարակավ արտահայտվեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսին 2016-ի օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,- ՀՀ կառավարության երեկվա նիստում հայտարարեց վարչապետը: «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը։ Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու եւ այն արդյունավետ իրագործելու վրա։ Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, եւ հետեւաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձեւավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարեւոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի եւ հաշվառելի»,- հայտարարել է վարչապետը և հանձնարարել գյուղատնեսության նախարարին, տարածքային կառավարման նախարարին և մարզպետներին երկու շաբաթվա ընթացքում ամփոփել  արձանագրված ցուցանիշները՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառներին:

Պաշտոնյաները, հավանաբար հերթական լոլոները կկարդան, կասեն որ երաշտ է եղել, անձրև ու կարկուտ: Եվ ինչ՝ դրանից մսի գինը կնվազի՞: Ամեն դեպքում սպասենք բացատրություններին:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: