Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անտանելի պաթոսն ու կեղծ օրակարգը

Sep 19, 2017 Comments Off on Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անտանելի պաթոսն ու կեղծ օրակարգը

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքին ու դրանում հնչող ճառերին հետևելիս մարդ կարող է անհավասարակշիռ դառնել՝ անտանելի պաթոսի տիեզերական մասշտաբներից, կեղծ օրակարգից ու կեղծ հերոսներից: Ակամա հիշում ես հայտնի անեկդոտային ֆրազը․ «Չգիտեմ, թե ինչ է ասում, բայց վստահ է ասում»: Առաջին օրն է, բայց արդեն հասցրել եմ մի քանի գերնյարդայնացնող կետեր նշմարել:

1. Սերժ Սարգսյանն ու 4 միլիոնանոց Հայաստանը

Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ռեպատրիացիայի հաշվին նպատակադրված են ՀՀ բնակչությունը 2040 թվականին հասցնելու 4 միլիոնի: Բա, իհարկե, հեսա ու եկան: Սփյուռքն արդեն այնքան է վարժվել Հայաստանը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից սիրելուն, որ 2040 էլ չէ, 3040 թվականին այդքան ռեպատրիանտ չենք ունենա, եթե, իհարկե, խոշոր կատակլիզմներ չլինեն ու Հայաստանը բնակության համար պիտանելի միակ վայրը չմնա: Առհասարակ, կարևորագույն ցուցիչը Սփյուռքի՝ առ Հայաստան վերաբերմունքի, ՀՀ անվտանգության ապահովմանն անմիջական մասնակցությունն է, երբ սփյուռքահայ երիտասարդները գալիս են ու ծառայում են ՀՀ ԶՈւ-ում: Եթե սփյուռքից եկածների թվից հանում ենք Ռուսաստանից ու հետխորհրդային տարածքից եկած տղաներին ու թողնում ենք հենց սփյուռքը՝ բառի ակադեմիական իմաստով, ապա սփյուռքի մասնակցությունը ՀՀ սահմանների պաշտպանությանը կարելի է գնահատել 0: Ու խիստ հաճելի անակնկալ կլինի, եթե մինչև 2040 թվականը ոչ թե 4 միլիոն հայ լինի Հայաստանում, այլ ամեն տարի գոնե 400 սփյուռքահայ ծառայի ՀՀ ԶՈւ-ում:

Չբարձրաձայնվող իրականությունն այն է, որ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում այնքան կազմակերպություններ ու կոնգլոմերատներ կան, որոնք ուղղակիորեն շահագրգռված չեն ռեպատրիացիայով, որ դրա վրա հույս դնելն անիրատեսական է:

2. Արամ կաթողիկոսն ու ուժեղացող սփյուռքը

Ոչ մի կասկած չկա, որ Արամ Ա կաթողիկոսը հզոր հռետոր է, դրա հրամար էլ բացարձակ դատարկաբանությունն անգամ բուռն էքստազի է հասցնում միջին վիճակագրական հայի, եթե այդ դատարկաբանությունն ասվում է Արամ Ա-ի շուրթերով: Հայաստանի Հանրապետությանը ուժեղ սփյուռք պետք չէ: Հայաստանի Հանրապետությանը, առհասարակ, սփյուռք պետք չէ: Համենայն դեպս, ոչ ավելի շատ, քան պետք է Նորվեգիային, Կամբոջային, Բրազիլիային կամ էլ Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Առավել ևս՝ պետք չէ, եթե ի հաշիվ Հայաստանի Հանրապետության ու ՀՀ բնակչության պետք է համալրվի այդ սփյուռքը: Իսկ Արամ Ա-ին սփյուռք պետք է և որքան ավելի մեծ, այնքան ավելի լավ: Ի վերջո, Մեծին Տունն Կիլիկիոն հենց վերոնշյալ կոնգլոմերատներից մեկն է, որը բնավ շահգրգռված չէ ռեպատրիացիայով: Ничего личного, только бизнесс… Եթե սփյուռքը փոքրանում է, ու հայերը վերադառնում են հայրենիք, թուլանում է Անթիլեասը, նվազում են ֆինանսական հոսքերն ու ազդեցությունը հոգևոր հիերարխիայում: Ի դեպ՝ նաև այս պատճառով էին Անթիլեասն ու անձամբ Արամ Ա-ն սաբոտաժի ենթարկում սիրիահայերի հայրենադարձության գործընթացը:

3. Կարո Փայլանը՝ նոր հայկական մեսսիա

Ժողովուրդ, հանգստացե՛ք, Կարո Փայլանը ո՛չ ռոք աստղ է, ո՛չ մեսսիա, ո՛չ էլ, մեծ հաշվով, համընկնող շահեր ունի ՀՀ-ի հետ: Կարո Փայլանը Թուրքիայի պետական այր է ու Կարո Փայլանի ուզած տեսլականը հզոր ու բարեկեցիկ Թուրքիա ունենալն է: Թուրքիա, այլ ոչ թե Հայքաստան: Դրա համար այդ նվաստացուցիչ էյֆորիան նրա շուրջ պետք է դադարեցնել: Իհարկե, հասկանալի է, որ մեր շատ լրագրողուհիներ ռոմանտիկ պոռթկումներ են ունենում բարետես Կարոյի կերպարից, բայց էրոտիկ ֆանտազիաները չպետք է ազդեն հանրային ընկալում ձևավորելու պրոցեսների վրա:

Եվ վերջապես, ամենամեծ բանը, որ պակասում է Հայաստան-Սփյուռք համաժողովներին, դա անկեղծությունն է: Պետք է հայերով նստենք ու իրար դեմքին ասենք եղելությունը, որքան էլ դառը լինի: Իսկ ամենամեծ եղելությունն այն է, որ 21-րդ դարում գենը պետք է ստորադասվի, իսկ անձնագիրը՝ գերադրականացվի:

Գրել է Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: