Իշխանության փչած փուչիկը պայթեց, վտանգավոր ահազանգ

Sep 20, 2017 1 Comment

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի իր ելույթով թերեւս խափանեց իշխանության գծած սցենարը։ Որպես կանոն վերջին տարիներին այդ համաժողովները ուղեկցվել են իշխանություններին հասցեագրված դիֆերամբներով, իսկ մյուս կողմից ուռճացրել են այն փուչիկը, որ ձեւավորվել է Հայաստան-Սփյուռք անքակտելի միավորում, սակայն Արամ Ա-ն սրտացավորեն ու մանրակրկիտ պայթեցրեց այդ փուչիկը։ Ի հեճուկս Վեհափառի, որի ելույթը կարծես թե գրվել էր նախագահականում, Արամ Ա-ն խոսեց առանց մի թիզ կաշկանդման, առանց կոմպլեքսների ու ճշգրիտ ախտորոշմամբ վեր հանեց Հայաստան-Սփյուռք շինծու հարաբերությունները։ Սփյուռքը Արամ Առաջինի բերանով նախ փոխանցեց, որ այլեւս չի ցանկանում հանդես գալ զուտ փող տվողի, ներդրում անողի, բիզնես դնողի կարգավիճակում եւ մի քանի անգամ շեշտվեց, որ ժամանակն է մասնակցություն ունենալ Հայաստանի կյանքին բոլոր ոլորտներում։ Նա շեշտեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը:

«Մեր ազգային գաղափարախոսության հենքն ու նպատակն ունենալով ամբողջական Հայաստանի տեսլականը՝ հզոր Հայաստանը, ամուր Արցախը և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույցը: Ազգային այս գաղափարախոսությամբ ու տեսլականով ամրագրված ազգային քաղաքականությունը, անկասկած, իր շուրջը պետք է համախմբի մեր ազգի բոլոր զավակներին՝ միաժամանակ մղիչ ուժ դառնալով համահայկական մտածողության կազմավորման ու գործելակերպի զարգացման համար»,- ասաց նա:

Իհարկե, ակնարկը հասկանալի է, հատկապես Հայաստանի վարչախումբը լավ է տիրապետում «պատահական» ու միամիտ մեր սփյուռքահայ հայրենակիցներին թակարդը գցելու վարպետություններին։ Երբ ճոխ խոստումներով մեծ ներդրումներ են կորզում, իսկ հետո կամ դառնում բիզնես փայատերեր, կամ ամբողջությամբ տիրանում նրանց բիզնեսին՝ հերթական խաբված ու հիասթափված սփյուռքահային հիմնավորապես կտրելով հայրենիքից։ Սակայն միեւնույն ժամանակ դա չի կարող մեր հայրենակիցներին Հայաստանից ձեռքերը լվանալու, հեռվից հայրենիքը քննադատելու հոռետեսական տրամադրություններ բարձրացնելու սովորություն վերցնել։ Այո, ինչպես Արամ Ա-ն ասաց. «Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկատառումներից: Հետևաբար անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը»։

Այսինքն, մենք եւ հայրենիքը որեւէ մեղք չենք գործել, որ դրա ղեկավարումը ստանձնել են ապաշնորհ այրեր ու «պարպում» են Հայաստանը։ Քննադատել, եւ այն էլ, հեռվից կարող է ցանկացած ոք, բայց մի՞թե անկյուն քաշվելը եւ գառին գայլի առջեւ անօգնական թողնելը ամենամեծ մարդասիրությունն է։ Մի՞թե կրավորական կեցվածք ընդունելու եւ իշխանություններից «պատասխան» պահանջելու ժամանակը չէ։ Եւ որքան էլ նման ելույթները, ասել է թե իրավիճակի արձանագրումը հաճելի չլինի մեր երեւելի այրերին, ինչպես ասենք պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր Արամ Ա-ի ելույթի ժամանակ ցուցադրաբար հոգոցներ հանում եւ հորանջում, կամ Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն էին անհաղորդ ու դիսկոմֆորտի մեջ հայտնվել։ Ընդամենը ժամանակն է այս պատմական ելույթի ցանկացած բառ, տառ սերտել ինչպես հանապազօրյա աղոթք ու առաջնորդել Հայաստանի վերածնման սուրբ գործը՝ թե սփյուռքից, թե Հայաստանից։ Ու գիտակցել, որ «շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի առջև է կանգնած» եւ եթե բոլորս քաշվում ենք մի կողմ, ապա Հայաստանը հանձնում ենք նախ ներքին, ապա արտաքին թշնամուն։ Ի վերջո՝ ով ենք մենք առանց հայրենիքի, առանց պետության։

Անի Սահակյան

 

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Իշխանության փչած փուչիկը պայթեց, վտանգավոր ահազանգ” հրապարակմանը

  1. ԱնունՅուրիկ Հակոբյան says:

    Հայաստան–սփյուռք հարցերի հարցը–ով ում մեջ պետք է ինտեգրվի??? Միջազգային փորձերի օրինակով սփյուռքը պետք է ինտեգրվի Հայաստանին, իսկ Հայաստանը պետք լինի ՓԱՐՈՍ և Պաշտպան սփյուռքին : Հրեաների, թուրքերի, չինացիների տարբերակը մեր պարագայում չի գործում, քանզի չկա սփյուռքին գրկաբաց սպասողը, ոգևվորողը, գարանտը : Սփյուռքին մեկ անգամ խաբեցիր, ձեռքերդ լվացիր, Հայկական սփյուռքում միամիտ լոռեցիներ չկաաաան: