Գյուղացիների պարտքը կներենք, բայց միայն մեկ ագամ. Կարեն Կարապետյան

Sep 14, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի գյուղացիներին կներվեն պարարտանյութի և սերմերի պարտքերը, սակայն միայն մեկ անգամ,այս մասին կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

2012-2016 թվականների համար մեծ թվով պարտքեր են կուտակվել, չնայած 2017-ի համար ոչ մի պարտք չկա:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վստահեցրեց, որ 2017-ին ոչ մի դրամ պարտք չի եղել, զեկուցեց նաև, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն, սակայն դեռևս ցուցակները հստակ չեն. «Մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ ենք տալիս, նորից լրացումներ կատարում: Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել Կառավարություն», – ասաց նախարարը:

«Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը», – հայտարարեց Կարեն Կարապետյանը, այնուհետև մարզպետներին հանձնարեց մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել: Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարեց պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառման վերաբերյալ:

«Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ», – նշեց վարչապետը:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակներին, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Գյուղացիների պարտքը կներենք, բայց միայն մեկ ագամ. Կարեն Կարապետյան”

Մեկնաբանել