Ով է «Վերնիսաժ»-ի մոտ վիրավորված` Ալավերդու Վահագնի հակառակորդը եւ ինչ առճակատումներ են ունեցել

Sep 15, 2017 1 Comment

Երեւանում  կրակոցներ են հնչել. «Վերնիսաժ»-ի մոտ գտնվող «Խարբերդ» հյուրանոցի մոտ կրակահերթի հետևանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել։ Վիրավորվածը 39-ամյա Վահագն Աբգարյանը՝ Ալավերդիում հայտնի հեղինակություն է, որը ըստ հրապարակված նյութերի արդեն երկու տարի է շրջում է զրահապատ մեքենայով եւ թիկնազորի ուղեկցությամբ։ Սպանվողը նրա մարդկանցից է, թեպետ թիրախում եղել է հենց Վահագն Աբգարյանը, այնուամենայնիվ սպանվել է նրա թիկնապահը 1974 թվականին ծնված Գ․Մոսինյանը։

Պարզվում է, որ Ալավերդի քաղաքում գործում է իրար թշնամի երկու հանցավոր կլան։ Մեկը ղեկավարում է նույն ինքը՝ Վահագն Աբգարյանը, մյուսը՝ մեկ ուրիշ քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը։ Նրանց մեջ ազգակցական հեռավոր կապ կա։ Այս խմբավորումների միջեւ առաջին առճակատումը տեղի ունեցավ 2015-ին, երբ Ալավերդիում քաղաքապետ էին ընտրում։ Հիմնական մրցակցությունը երկու թեկնածուների միջեւ էր՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանի, որին աջակցում էր նաեւ Վահագն Աբգարյանը ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբոր՝ Արթուր Աբգարյանի։ Արդյունքում հաղթեց մարզպետի թեկնածուն։ Եւ ահա ընտրություններից ամիսներ անց՝ 2015-ի հոկտեմբերին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ բացվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի վրա։ Այդ օրը տեղի ունեցածի հետ կապված՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց. «Հանցագործությունը բացահայտվել է եւ, ըստ նախնական քննության տվյալների, Լոռու մարզի բնակիչ Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթեւեկելիս տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի եւ նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները, հետապնդել է նրանց, ապա իր մոտ եղած ինքնաձիգից հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասել, քանի որ «Համեր»-ը եղել է զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում»։

7 ամիս է գործը քննվում էր ու դեռ չէր հասել դատաքննության փուլին, երբ հայտնի դարձավ երկրորդ առճակատման մասին՝ այս անգամ ողբերգական ելքով։ Տարոն Աբգարյանի կլանը ոչ մի կերպ չէր մարսում ընտրություններում կրած պարտությունը եւ հակառակորդ կողմին աջակցողների նկատմամբ հաշվեհարդար էր նախապատրաստել։ 2016-ին կրակոցներ հնչեցին Ալավերդիում ։ Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» աստրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի երկու տղաներին՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին ու ալավերդցի Վարդան Ավագյանին։ Մինչ օրս նա հետախուզման մեջ է։ Սակայն դա չխանգարեց, որ վենդետա տեղի ունենա։ Այս տարվա հունիս ամսին Ալավերդի քաղաքում շուկայի տարածքի բանուկ հատվածում, մարդկանց աչքի առաջ սպանվեց 39-ամյա Կարեն Փիրուզյանը, բնականաբար նրա ուղղությամբ կրակահերթ էր բացել Վալերի (Վալոդիկ) Դավթյանը, որը Վահագնի մարդկանցից է։ Վերջինիս ձերբակալեցին։

Դե, ինչ սա հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի իրավապահ համակարգ գոյություն չունի, այլապես նման կլանները ոչ թե կբարգավաճեին ու ամենաթողության մթնոլորտում կգործեին, այլ կճզմվեին առաջին իսկ հանցագործության պահին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ով է «Վերնիսաժ»-ի մոտ վիրավորված` Ալավերդու Վահագնի հակառակորդը եւ ինչ առճակատումներ են ունեցել” հրապարակմանը

  1. Հակոբ says:

    Աղջիկ ջան եթե վերլուոծում ես , ուրեմնա զնվորեն արա ու իրար մի կապի անկապելին: Այո քաղաքապետի ընտրություններին էլ գուցե առճակատվել են էդ հանցախմբերը, բայց էդ խնդիրը ավելի հին պատմություն ունի, այսինքն պիտի գնայիք Սոխ Կարենի սպանությունից, վեց տարի առաջ, որից հետո սկսվել է էդ շարքը ու մինչ ընտրությւոններն էլ տարբեր ոկղմերից զոհեր են եղել:

Մեկնաբանել