«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն միացել ո՛չ կոնվենցիային, ո՛չ արձանագրությանը». ԱԺ-ն վավերացնում է

Sep 13, 2017 Comments Off on «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն միացել ո՛չ կոնվենցիային, ո՛չ արձանագրությանը». ԱԺ-ն վավերացնում է

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանին, հետաքրքրվեց, թե ի՞նչ է տալու նախագիծը մեր կրթական համակարգին: «Ենթադրում ենք, որ այն ստորագրել են նաև Թուրքիան և Ադրբեջանը, բայց մենք գիտենք, որ այդ երկրներում որքան ոչ հայանպաստ դասագրքեր և վերաբերմունք կա: Եթե մենք միանում ենք այս արձանագրությանը և ստորագրում ենք, ի՞նչ է տալու դա մեր կրթական համակարգին, և մեր դերակատարությունը որքանո՞վ է լինելու արդյունավետ այս արձանագրությունը ստորագրելիս»:

Ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն միացել. «Ինչ վերաբերում է, թե ինչ կտա սա մեզ, ասեմ, որ, երբ մենք ԵՄ-ի ընդհանուր կրթական տարածքի մեջ ենք ինտեգրվում, մեր ուսանողների ակտիվությունն ավելի մեծանում է, շատ հաճախակի մեր ուսանողները կրթությունը շարունակում են այլ երկրներում, և այլ երկրների քաղաքացիներ մեր երկրում են շարունակում կրթությունը: Սրանով մենք կարող ենք մեր ուսանողների շահերն ավելի լավ պաշտպանել այդ երկրում, և մենք էլ մեր հերթին՝ պարտավորություն ենք կրում այլ երկրի քաղաքացիների համար պատշաճ կրթություն ապահովել»:

«Ճիշտ կլիներ, որ կրթության հանդեպ խտրականությունը չվերաբերի միայն ուսանողներին, այլ վերաբերի նաև որոշակի կրթական ծրագրերի և որոշակի աղավաղումների»,- արձագանքեց պատգամավորը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: