Հայ-չինական «պատ»` ռուսական խանդոտ հայացքի ներքո

Sep 14, 2017 Չի մեկնաբանվել

Անցյալ շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության առնչությամբ մի իրադարձություն տեղի ունեցավ, որը, կարծես, փոքր-ինչ ստվերում մնաց: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Պնախարարի հրավերով, պաշտոնական այցով այցելեց Պեկին:

Այս այցը խիստ կարևոր էր հաշվի առնելով Չինաստանում հնչած հայտարարությունները: Պեկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ քննարկումները Հայաստանի հետ՝ պաշտպանական ոլորտում։ Սա էր Վիգեն Սարգսյանի եռօրյա այցից ստացված բոլոր հաղորդագրությունների մեխը:

Ավելին, Վիգեն Սարգսյանի և Չինաստանի Պնախարար Չան Վանցյուանի հետ հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, առավել ևս, որ դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Նրա գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից մեկն է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։

Փաստացի պաշտոնական Երևանը բարձրաձայնել է, որ չինական կողմը տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն է տրամադրվել, ավելին` է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագրի ստորագրմամբ` ակնհայտ է, որ հայ-չինական ռազմական համագործակցությունը հասել է բավական տպավորիչ մակարդակի:

Ի դեպ, Հայաստանն ու Չինաստանը վաղուց և արդյունավետ համագործակցում են պաշտպանական հարցերում, և մասնավորապես՝ ակտիվ փոխգործակցություն է ծավալված ռազմական կրթության և հումանիտար ոլորտներում, հայ սպաները կրթություն են ստանում չինական հեղինակավոր ռազմական հաստատություններում։

Այսպես, հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և պաշտոնական Երևանն ակնհայտորեն, ցանկանում է առաջ գնալ, և «երկու բարեկամ երկրների» միջև փոխգործակցությունն առավել խորացնել:

Փաստ է, Վիգեն Սարգսյանի այցով ոչ միայն պաշտպանական ու անվտանգային, այլև արտաքին քաղաքականության ուղղությամբ դիվերսիֆիկացման հստակ քայլ է արվել: Սա մի քայլ է, որ Մոսկվայում, կարծես, այնքան էլ դրական չընդունվեց:

Ռուսական հեղինակավոր քարոզչական գործիք հանդիսացող «РИА Новости»-ում մի հոդված էր հրապարակվել, որը թեև արագ հեռացվեց, բայց չվրիպեց հայաստանյան ԶԼՄ-ների ու փորձագետների ուշադրությունից: Ռուսական կողմը ուղղակի մի լավ «մուննաթ» էր գալիս, թե` ռուսական «Սմերչն» ու «Իսկանդերը», փաստորեն արդեն չեն բավարարում Հայաստանին, ու Երևանը վազում է չինական զենքի հետևից: Ռուս հեղինակը հիշեցնում էր, թե ահա, Ռուսաստանը Հայաստանի հետ վարկային համաձայնագիր կնքեց, որով 200 մլն դոլարի չափով ռազմամթերք տրամադրվեց, ապա` «Իսկանդեր», «Սմերչ», «Սոլնցեպյոկ», ու այդքանից հետո Հայաստանը, հանկարծ, վեր է կենում ու գնում Չինաստան` զենք գնելու հնարավորությունները քննարկո՞ւմ…

Ռուսները, ավելի ու ավելի անհասկանալի են դառնում իրենց վարքագծում: Հոդվածն իհարկե, հեռացվեց «РИА Новости»-ի կայքից: Բայց ով է կասկածում, որ Ռուսաստանում շատերը հենց այդպես էլ մտածում են, որ Հայաստանը իրավունք չունի այլ երկրից զենք ձեռքբերել, եթե դա անում է Ռուսաստանից:

Մենք դատապարտվա՞ծ ենք մեր երկրի անվտանգությունը ամրացնելու հարցում մնալ կառչած Ռուսաստանից, այն էլ այն դեպքում, երբ Մոսկվան զինում է Ադրբեջանին… Մենք այլ երկրներից զենք ձեռքբերելու քայլեր չպե՞տք է անենք միայն նրա համար, որ դա դուր չի գալիս Մոսկվայի՞ն: Իսկ մեզ դուր է գալի՞ս, որ Մոսկվան զինում է Ալիևին: Մոսկվան, թող դրա մասին մտահոգվի:

Ի դեպ, երեկ թեմային է անդրադարձել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա: «Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»,-ասել է դեսպանն ու հավելել, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, և Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում», ըստ «Արմենպրեսի»` ասել է դեսպանը:

Արձանագրենք, որ որոշակի նստվածք, այնուամենայնիվ, թողել է Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան ու պաշտպանական ոլորտի վերաբերյալ արված հայ-չինական պաշտոնական հայտարարությունները:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Հայ-չինական «պատ»` ռուսական խանդոտ հայացքի ներքո”

Մեկնաբանել