Չի’ կարելի, ձեզ երեխաներ են նայում

Sep 13, 2017 Comments Off on Չի’ կարելի, ձեզ երեխաներ են նայում

 

Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստն անցել է բակի կամ թաղի կռիվների մակարդակով: Խոսքն այն կարգի կռիվների մասին է, որոնց ժամանակ, սովորաբար, թաղի հերոները միմյանց հասցեին վիրավորական բառեր են ասում, իսկ կողքից նայողները, եթե դրանք հասուն ու լուրջ մարդիկ են, փորձում են բաժանել: Փոքր երեխաներին նման դեպքերում մեծերը խորհուրդ են տալիս՝ տուն գնալ կամ էլ գոնե հեռու մնալ: Երեկվա ավագանու նիստը հենց այն դեպքն էր, երբ  չէր կարելի թույլ տալ, որ երեխաները նայեն: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով ուղիղ եթեր հեռարձակվող ավագանու նիստի տեսագրությունից այդ էժանագին  լեզվառվի դրվագը հեռացված է : Երևի մոնտաժի հեղինակները ևս հասկացել են, որ չի կարելի թույլ տալ, որ երեխաները այդ խայտառակությունը տեսնեն, թե ինչպես է  Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության <<Ծիտ>> մականունով անդամ Արմեն Սահակյանն անհարգալից տոնով  խոսում  «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հասցեին: Նա նրան  դիմել էր «Անո»-ով եւ «պարոն Բախշյան»-ով:

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, դիմելով Արմեն Սահակյանին, ասել էր. «Ծի՛տ, լսի՛, այ տղա չի քո համար»: Արթուր Սահակյանը տեղից հակադարձել էր. «Ծիտը քեռիդ ա, է»: «Քեռիիս չես ճանաչում, Անո չի քո համար»,- պատասխանել է Ալեն Սիմոնյանը: Արթուր Սահակյանի պահանջին, որ Սիմոնյանը ձայնի տոնն իջեցնի, վերջինս հակադարձել է. «Ձայնս չեմ իջեցնում, արան էլ դու ես: Արաս ո՞րն ա»: Արմեն Սահակյանն էլ շարունակեց. «Քեզ ինչ որն ա»:

Ալեն Սիմոնյանը  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջել էր, որպեսզի նիստում  պահպանվեն  էթիկայի կանոնները:

Հետո արդեն կռվին խառնվել է Ծտի ավագ ընկեր Լևոնը՝ Իգիթյանը էլի նույն ոճով` «տոժե մնե»: Տարոն Մարգարյանը նրանց կարգի հրավիրել էր, սակայն կռվել էին նաև ընդմիջմանը, քաղաքապետարանի միջանցքում: Դահլիճում նստած մյուս ավագանիները, որ այս կռվի թամաշա անողներն էին,  լուռ էին և այս ողջ ընթացքում ներքին կուլտուրա չունեցան միջամտելու և կամ հուշելու իրենց գործընկերոջը,   որ  գոնե ներողություն խնդրի տիկին Բախշյանից: Տիկին Բախշյանը տարեց և հարգարժան կին է,  նրա  ամուսինը՝ Յուրի Բախշյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոր՝ Անդրանիկ Մարգարյանի հետ միասին կանգնած է եղել ՀՀԿ-ի ստեղծման ակունքներում:Այսօր  ՀՀԿ-ին անդամագրված ինչ-որ մի շարքային ծիտ   ՀՀԿ ողջ  ավագանու և քաղաքապետարանի ղեկավարության  ներկայությամբ վիրավորում է Յուրի Բախշյանի այրուն՝ նրա երեք դուստրերի մորը:  Հավանաբար  ավագանու անդամ պարոն Ծիտը իր մորն էլ է <<արա>>-ով դիմում: Ինչ կարող ես անել՝ պատահում են ներքին կուլտուրայից զուրկ մարդիկ:  Բայց մյուսները դաստիարակված  մարդիկ են: Կարծում ենք՝ տեղի ունեցածն  իսկապես ամոթ է նրանց համար:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: