Ուր են տանում կրակոցների հետքերը, Դոն Պիպոն հակահարվա՞ծ է տալիս, թե ամեն ինչ դեռ առջեւում է

Sep 14, 2017 Comments Off on Ուր են տանում կրակոցների հետքերը, Դոն Պիպոն հակահարվա՞ծ է տալիս, թե ամեն ինչ դեռ առջեւում է

Էջմիածնում հնչել են կրակոցներ, եւ կա երկու զոհ: Տեղեկություններ կան, որ սպանությունը ուղղակիորեն կապված է ամիսներ առաջ էջմիածինցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի  և Վստրեչի Ապերի մահափորձի հետ: Կրակոցների պատճառով մեքենայում սպանված Լևոն Ավետիսյանն ու Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերներն են եղել, որն ըստ տեղեկությունների կասկածվում է հիշյալ անձանց դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Կանեւսկոն, հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններին աջակցել էր Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի վերարտադրության համար, Արտյոմ Կանեւսկոն  2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է:Նա  բավական լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Կանևսկոյ եղբայրների անունը ժամանակին կապվում էր նաև նախորդ տարի մեծ աղմուկով պայթած՝ գոմեշի մսի սկանդալի հետ: «Հետքի» փոխանցմամբ՝ որպես Հայաստան գոմեշի միս ներկրող ընկերությունների հովանավոր նշվում էր հենց Կանևսկի եղբայրներից Արմենի անունը, որը քրեական աշխարհում հայտնի էր իբրև մեկ այլ հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) «աջ ձեռք»: Ապա 2010-ի գարնանը դատարանը Արմեն Կանևսկուն մեղադրեց անզգուշությամբ մահվան հասցրած միջադեպի կազմակերպման համար և դատապարտեց 11 տարվա ազատազրկման: Նույն տարվա դեկտեմբերին Կանևսկին մահացավ Աստրախանում. մահվան պատճառը կենսական օրգանների աշխատանքի դադարն էր: Արմեն Հարությունյանին թաղեցին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղ) գերեզմանատանը: Մամուլը գրեց, որ քրեական հեղինակության հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են այն ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանն ու Արշալույս Փայտյանը:Արտյոմ Կանևսկոյի անունը շոշափվում էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ վերջինս նախկին գլխավոր դատախազ, ներկայիս քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի ընտրության համար հող էր նախապատրաստում: Դոն Պիպոն,նույն ինքը էջմիածինցի Արթուր Ասատրյանը ավելի լայն ճանաչում ունի, գուցե թերեւս այն պատճառով, որ ամիսներ առաջ իր կյանքի մասին պատմող մոտ մեկ ժամանոց հաղորդում ցուցադրվեց Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկով: Ըստ մամուլի՝ դեռեւս 90-ականներին էջմիածինցի Արթուրը, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը, լքել է Էջմիածինը, տեղափոխվել է Մոսկվա: Սակայն Մոսկվայում էլ երկար չի մնացել.կոնֆլիկտ է ծագել Պիպոյի եւ հայազգի «օրենքով գող» և մեծ հեղինակություն Արմեն Կանևսկու (Արմեն Հարությունյանի) հետ: Դոն Պիպոյին ստիպել են լքել Մոսկվան, հաստատվել Իտալիայում: Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը, ով դարձել է մեր հայազգի հեղինակության խնամին։ Պիպոն սկսեց առավել հաճախ այցելել Հայաստան, երբ վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը: Նշանակման օրից շատ չէր անցել, երբ Դոնը հայտնվեց ու հրապարակային աջակցություն հայտնեց վարչապետ Կարապետյանին:Եւ ահա, երբ ապրիլյան խորհրդարանական ընտրություններն այլեւս անցյալում էին, եւ  ներիշխանական տիրույթում  առաջ էր եկել արդեն 2018-ի վարչապետության հարցը, մայիսին հայտնի դարձավ, որ Պիպոյի դեմ մահափորձ է կազմակերպվել, որը կանխվեց իրավապահների կողմից, կազմակերպողն էլ, ըստ մամուլի տեղեկությունների ՝Արտյոմ Կանեւսկոն է, համենայն դեպս հետքերը նրա կողմն են տանում: Մահափորձից հետո Դոն Պիպոն հարցազրույց էր տվել և, անդրադառնալով կատարվածին և հնարավոր պատվիրատուին, նախ ասել էր, թե չի ճանաչում Կանեւսկոյին, սակայն ընդգծել էր. «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով ինքս ինձ համար, կարծում եմ, կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ և շատ լուրջ ճանապարհ եմ անցել, և կարծում եմ՝ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ…Գիտեք, Աստված տալիս է բոլորի պատասխանը: Երբ որ ես հարյուր տոկոսով պարզեմ ու հասկանամ, թե ով էր այս դավադրության հեղինակը կամ գուցե հեղինակները, այն ժամանակ ես իմ հետևությունները կանեմ»: Այսօր էլ նա, մեկնաբանելով Էջմիածնում կատարվածը, մեկ անգամ եւս ասել է, որ չի ճանաչում նշված մարդուն: Ի դեպ, մեր տեղեկություններով ՝ Դոն Պիպոն այժմ Ռուսաստանում է, հնարավոր է նա պարզել է իր դեմ կազմակերպված դավադրության հեղինակին եւ կատարվածը հենց այն հետեւությունն է, որի մասին ակնարկում էր նա: Հնարավոր է, սակայն, որ երկրորդական անձինք  գործիքներ են զոհաբերում, որպեսզի խոշոր խաղացողների շրջանում հարաբերական հրադադար հաստատվի, մինչեւ կկարգավորվի հարաբերությունները, կամ գուցե ավելի խոշոր պայթյուն հասունանա:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: