Նույն ստոր բոլշևիկների ժառանգներն ու հետնորդները 

Sep 14, 2017 1 Comment

Աղմուկը Թումանյանի տուն-թանգարանում ընդհատված «Խավարում» ցուցահանդեսի շուրջ չի դադարում: Ըստ էության, մենք գործ ունենք իսկական խայտառակության, ամենաիսկական մշակութային գրաքննության հետ:

Ցուցահանդեսը, ինչպես հայտնի է, բացվել էր դեռևս օգոստոսի 4-ին և նվիրված էր  բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ներկայացվել էին փաստական տվյալներ այն հայ բոլշևիկների մասին, ովքեր դավադրաբար 1920-1953թ.թ. բռնաճնշումների զոհ դարձրին ավելի քանի 45000 հայաստանցիների, որոնց թվում էին նաև Թումանյանի որդիները: Մեծ գրողի երեք որդիները մեկ տարվա ընթացքում իրար հետևից հայ բոլշևիկների թեթև ձեռքով զոհվեցին: Այժմ կոնկրետ փաստերով ներկայացվել են հենց այդ բոլշևիկների անունները: Թումանյանի տուն–թանգարանի  տնօրեն Նարինե Թուխիկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման եթերում պատմել էր, որ ցուցադրության կազմակերպումից հետո իրեն սպառնացել են հայ կոմունիստները: Դրանից հետո էլ, մշակույթի նախարարության հրահանգով, ցուցադրությունն ընդհատվեց ու փակվեց.

« Ցուցահանդեսի բացման 15-րդ օրը զանգեց Կոմկուսի առաջնորդը, սպառնալիքներ հնչեցրեց՝ լուրջ չընդունեցի: Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը: Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի»,- նշել էր թանգարանի տնօրենը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Factor.am-ին՝ որպես ցուցահանդեսի փակման հիմնավորում նշելով այն փաստը, թե այն նախարարության հետ համաձայնեցված չի եղել.

«Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել։ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»,- նշել էր նախարարը:

Փոքր-ինչ ավելի անկեղծ էր գտնվել Արմեն Ամիրյանի տեղակալը՝ փոխնախարար Արև Սամուելյանը. «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր»,- նշել էր նա:

Թեմայի քաղաքականացվածությունը թերևս հենց սա է՝ ցուցահանդեսի փակման իրական պատճառը: Իսկ ովքեր են այն մարդիկ, որ բոլշևիկյան բռնաճնշումներից ավելի քան 90-100 տարի անց, դեռևս չեն ուզում, որ փաստերը հրապարակվեն, ու բացվեն մարդկանց իրական դեմքերը:

Կարելի է ենթադրել, որ մարդիկ, ովքեր կարողացան հասնել ցուցադրության փակմանը, նույն ստոր բոլշևիկների ժառանգներն ու հետնորդներն  են: Հավանաբար գաղտնազերծված փաստերի մեջ նրանք տեսել են նաև իրենց նախնիների անունները  և չեն կամեցել հանդուրժել նման պահվածք: Ողբերգությունը սակայն այն է, որ բոլշևիկ ԿԳԲ-չիկների սերունդը, որը 1937 թվականին սպանեց Չարենցին, Բակունցին, Թումանյանի որդիներին, այսօր նորից համակարգում է և շարունակում է իր սև գործը՝ թելադրելով, վախեցնելով և պարտադրելով մշակույթի նախարարին ու բոլոր նրանց, ովքեր առանց ամոթի որոշեցին փակել ցուցադրությունը:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նույն ստոր բոլշևիկների ժառանգներն ու հետնորդները ” հրապարակմանը

  1. suren says:

    կեցցես Նարինե , հրաշալի հայուհի , ճշմարտության հրամանատար , որ մ իջոցներ է գտնում բացահայտելու արժանապատվություն չունեցով խոտակերներին,մանավանդ այստեղ ամենևին որևէ կապ ճկար հակառուսականության հետ կար նժդեհյան խնդիր
    արժանապատիվ գիտակցությունն ունենալ Աստծո առաջ

Մեկնաբանել