Սահակաշվիլին հարցրել է Վանո Սիրադեղյանից, իսկ Վովա Գասպարյա՞նը

Sep 14, 2017 Comments Off on Սահակաշվիլին հարցրել է Վանո Սիրադեղյանից, իսկ Վովա Գասպարյա՞նը

Գողական աշխարհը կրկին անհանգիստ է: Էջմիածնում հնչել են կրակոցներ, եւ կա երկու զոհ: Տեղեկություններ կան, որ սպանությունը ուղղակիորեն կապված է ամիսներ առաջ էջմիածինցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի մահափորձի հետ: Կրակոցների պատճառով մեքենայում սպանված Լևոն Ավետիսյանն ու Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերներն են եղել, որն ըստ տեղեկությունների ՝կասկածվում է հիշյալ անձանց դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Կանեւսկոն, հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններին աջակցել էր Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի վերարտադրության համար, իսկ Դոն Պիպոն վերջին շրջանում բազմիցս է հարցազրույցներ տալիս եւ աջակցություն հայտնում վարչապետ Կարեն Կարապետյանին: Եւ հիմա, երբ հանգիստ չէ ներիշխանական հարթակը ու վերադասավորումներ են ընթանում 2018-ին ընդառաջ, միագամայն բնական է, որ պետք է անհանգստություն տիրի նաեւ գողականների շրջանում:Չէ որ գողականները Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը: Սա մեղմ է ասված. Հայաստանում գողականները վերջին տասնամյակում դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ` գողական, եւ տվյալ պաշտոնյան առավել ազդեցիկ է համարվում, երբ վայելում է գողականների ազդեցիկ հատվածի հովանավորչությունը: Այլ տարբերակ չէր էլ կարող լիներ, քանի որ գողականների միջոցով իշխանություն զավթածները պետք է տնտեսական եւ քաղաքական կապիտալի ապահովագրումն իրականացնեն համապատասխան ձեռքերում, մյուս կողմից՝ իշխանությունն էլ ապահովում է գողականների անպատժելիությունը:

Արդյունքում Հայաստանը դարձել է այն վայրը, որտեղ գողականները կարող են պատմական հավաքներ անցկացնել, այն վայրն է, որտեղ գողականների մուտքը դիտարկվում է որպես շարքային քաղաքացիների մուտք: Հեծանիվ չենք հորինի, եթե մեկ անգամ էլ արձանագրենք, որ երկրում ֆորմալ բոլոր ինստիտուտները փոխարինվել են քրեական վարքուբարքով: Քաղաքական եւ անգամ տնտեսական վեճերը լուծում են ոչ թե դատարանները, այլ օբշյակը, ոչ թե դատական նիստում կամ քաղաքական հարթակներում, այլ «սխոդկայի» ժամանակ: Եւ արդյունքում Հայաստանը վերածվել է մի վայրի, որտեղ միշտ արդիական է մեծն դասականի հարցադրումը՝ <<դուք գողական եք, թե իշխանություն>>:
Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող են գողականներին առաջակարգ հեռուստաեթերներ տալ ու պրոպագանդել տվյալ հեղինակության կյանքն ու անցած ուղին, վկան Դոն Պիպոյի պատմական ֆիլմի ցուցադրումը հեռուտաալիքներից մեկով, այն երկիրն է, որտեղ ոսկե սարեր խոստացող վարչապետը կարող է ներդրողների ակումբ հիմնադրել ու հետո պարզվի, որ ակումբի անդամներից շատերը նաեւ գողական աշխարհից են, հայտնի վարքուբարքով, վկան Ռոբսոնն ու իր արկածները:

Կարճ ասած՝ պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «ասողներն ու նայողները», որոնք վայելում են ոչ միայն քաղաքական դասի, այլ ուժային մարմինների հովանավորչությունը: Լիակատար անպատժելիության մթնոլորտ,զրո կանխարգելիչ քայլեր: Եւ այստեղ չենք կարող չհիշել Վանո Սիրադեղյանին, անկախ նրա հակասական մարդ եւ քաղաքական-պետական գործիչ տեսակին, անկախ գործած բազում դատապարտելի եւ դրվատելի արարքների/իր գործերը ժամանակի քննությանը կենթարկվեն/, նրան հաջողվեց բարդ ու դժվարին իրավիճակում կարգի բերել գողական աշխարհը, ներքին գործերի նախարարի պաշտոնում անգամ պատերազմական ժամանակները չկաշկանդեցին Վանո Սիրադեղյանին 90-ականներին Հայաստանից արտաքսել գողականներին: Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, երբ ստանձնել էր Վրաստանը բարեփոխելու առաքելություն, հայաստանյան քաղաքական դասի ներկայացուցիչների հետ մտերմիկ զրույցներում հետաքրքրվել է Սիրադեղյանի փորձով եւ հաջողությամբ կիրառել նաեւ հարեւան երկրում, այս մասին չեն խուսափում պատմել մեր քաղաքական գործիչները: Եւ ուրեմն ինչն է մեզ խանգարում կրկնել Վանո Սիրադեղյանի փորձը:Երկիրն, ի վերջո, սին խոսքերով ու շոուներով չեն պահում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: