Մարտի 1-ի կրկնության վտանգն ու ընդդիմադիրների անհանգստությունը

Sep 13, 2017 Comments Off on Մարտի 1-ի կրկնության վտանգն ու ընդդիմադիրների անհանգստությունը

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը Աժ-ում բուռն քննարկման ենթարկվեց, ընդդիմադիրները հիշեցին անգամ Մարտի 1-ը։ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծը՝ ասելով, որ փոփոխությունը պայմանավորված է նոր` փոփոխված Սահմանդրությամբ, որում ավելի հստակ են արտացոլված որոշ դրույթներ: Նշենք, որ ըստ օրենքի նախագծի՝ դատավորները, դատախազները, քննիչները, զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայողները հավաքների մասնակցելիս քաղաքական չեզոքություն և զսպվածություն պետք է ունենան, նրանք նաև իրավունք չունեն մասնակցել ծառայողական համազգեստով:

Ծառուկյան խմբակցության դաշինքի պատգամավոր Սերգել Բագրատյանը տարակուսեց՝ առանց համազգեստի լրտես են ներկայանո՞ւմ, եթե չեզոքություն պիտի պահպանեն, ավելի լավ է չներկայանան։ Նա հարց հնչեցրեց՝ ո՞վ է որոշում՝ քաղաքական զսպվածությո՞ւն է ունեցել, թե՞ ոչ. «Ես գիտեմ, որ խմածության համար կա գործիք, որոշում են, բայց քաղաքական զսպվածությունն ու չեզոքությունը ո՞նց եք չափելու, խիստ կասկածելի է»:

Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ որեւէ օրենք չպետք է վերածվի բացատրական բառարանի, գնահատողը վերջին հաշվով լինելու է դատարանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ գործող օրենսգիրքը չի հակասում փոփոխված Սահմանադրությանը, և այն փոխելու կարիք չկա: Նա ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց` արդյոք գործող ձևակերպումը հակասում է նոր Սահմանադրության ձևակերպմանը: Հրայր Թովմասյանն ընդունեց՝ չի հակասում: «Եթե չի հակասում, ինչո՞ւ ենք ընկել այդ ձևակերպման հետևից, որ հետևողական կերպով դա փոխենք, որպեսզի բանավեճն էլ չլինի, մենք էլ կողմ քվեարկենք»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Գործ ունենք այն դեպքի հետ, որ Սահմանադրության անվան տակ ինչ կարողանում, սղղացնում եք: Ասում եք` տեխնիկական փոփոխություն է, բայց մի նախադասության մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվում, այսինքն` մենք թաքուն, քողարկելու մեթոդներով վերադառնում ենք 2008թ. արտակարգ ռեժիմի ընթացքում եղած օրենքի վիճակին»։

Ելույթ ունեցավ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը․ «Պատկերացրեք՝ քաղաքական հանրահավաք է, ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անում իշխանությունների այս կամ այն քայլի դեմ, ու իշխանություններն ինչ-ինչ պատճառներով լցնում են զինվորներին և այլ հատուկ ծառայության աշխատակիցներին, և հետո տեղի է ունենում այնպիսի մի սցենար, ինչպիսին Մարտի 1-ին տեղի ունեցավ: Որքանո՞վ եք Դուք դա հավանական համարում, և արդյոք չկա՞ նման ենթատեքստ, ու հավանականությունը նման բանի ավելի չի մեծանում այս դրույթով»:

Ի պատասխան՝ Հ. Թովմասյանն ասաց. «Ո՛չ, չկա, այն դրույթը, որը Դուք նշում եք, որևէ փոփոխության չի ենթարկվում: Ձեր նշած խումբը ոչ իշխանության, ոչ ընդդիմության հանրահավաքին իրավունք չունեն մասնակցելու, որովհետև նրանց քաղաքական չեզոքությունը կդրվի կասկածի տակ, ու կառաջանան այլ հետևանքներ»:

«Այսինքն՝ ձեր մեկնաբանությամբ՝ ստացվում է՝ մասնակցությունը հանրահավաքին ընդհանրապես ապօրինի է, այս դրույթի հետ, որ ասվում է՝ մասնակցելիս պետք է քաղաքական զսպվածություն պահպանեն, հակասություն չկա՞»,- փորձեց հարակից զեկուցողից ճշտել Միրզոյանը:

Թովմասյանը մանրամասնեց, որ ինքնին մասնակցությունը դեռևս քաղաքական կողմնորոշման նշան չէ. «Կախված է նրանից, թե նա ինչ է անում հանրահավաքի ժամանակ»:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: