Ավարտել են 8-9-րդ դասարան և եզդիերենի ուսուցիչ են աշխատում. Հասան Թամոյանը 12-ամյա պարտադիր կրթության մասին

Sep 14, 2017 Comments Off on Ավարտել են 8-9-րդ դասարան և եզդիերենի ուսուցիչ են աշխատում. Հասան Թամոյանը 12-ամյա պարտադիր կրթության մասին

 

Այս տարվա սեպտեմբերի 1-ից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Իսկ դա  ենթադրում է, որ առնվազն մինչև 18 տարեկանը, պատանեկան կյանքն ու առօրյան կապված են լինելու կրթական համակարգի հետ:

Տարիներ շարունակ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններից, մասնավորապես եզդիական համայնքից մտահոգություններ են հնչել, թե օրենքի այդ կետը հակասում է եզդիական ավանդույթներին, քանի որ իրենց ազգային ավանդույթները թույլ չեն տալիս, որ 18-ամյա աղջիկը դպրոց հաճախի:

Եզդիների ազգային միության ներկայացուցիչ, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ավագ խմբագիր, ՀՀ գրողների միության անդամ Հասան Թամոյանի տեղեկացմամբ՝ օրենքի ընդունումից դեռևս կարճ ժամանակ է անցել, և այս պահի դրությամբ եզդիական համայնքից արձագանքներ չկան: Սակայն խնդիրը միշտ էլ եղել է՝ դեռևս 10-ամյա կրթության համակարգի ժամանակ էլ եզդիական համայնքի ներկայացուցիչներից շատերը դպրոցը մինչև վերջ չէին գնում. «Այդ խնդիրը միշտ եղել է: Մերոնք իսկապես չեն փայլում իրենց ուսումնատենչությամբ. հատկապես իգական սեռի ներկայացուցիչների պարագայում ծնողները ունեն նման վերաբերմունք, որ կրթական հարցերը վերջին տեղում են, ինչը գովելի հատկություն չէ: Բոլոր մարդահամարի արդյունքներում արձանագրված է, որ մենք մեր կրթական ցենզով վերջին տեղն ենք զբաղեցնում ՀՀ բնակչության մեջ: Ես ինքս կողմնակից եմ, որ համայնքի բոլոր ներկայացուցիչները՝ անկախ իրենց սեռից, սովորեն: Ոչ միայն իմ, այլ նաև եզդի ողջ մտավորականության միասնական կարծիքն այն է, որ մեր երեխաները պետք է սովորեն>>,- նշում է Հասան Թամոյանը:

Նա դժվարացավ նշել, թե օրենքի փոփոխությունից հետո արդյոք կան եզդի աղջիկներ կամ պատանիներ, ովքեր կրթությունը ընդհատել են, չեն հաճախում ավագ և միջնակարգ դպրոցներ, ինչպես նաև քոլեջ կամ ուսումնարան:

Անդրադառնալով համայնքում կրթության նկատմամբ ձևավորված մոտեցմանը՝ եզդի մտավորականը ցավով նշում է, որ ինքը հաճախ տեղեկություններ է ստանում տարբեր դպրոցներում եզդի երեխաները կանոնավոր դպրոց չեն հաճախում: Դա վերաբերում է նաև այն դպրոցներին, որտեղ մայրենի լեզվով կրթություն է կազմակերպվում: Նրա խոսքով՝ շատերն իրավիճակը պատճառաբանում են ներկա սոցիալ-տնտեսական պայմաններով և կենցաղային դժվարություններով, սակայն դեռևս խորհրդային տարիներին, երբ սոցիալական պայմաններն անհամեմատ ավելի բարվոք էին, նույն խնդիրը կար. «Ես մեղքը փնտրում եմ մեր մեջ: Մենք՝ եզդի մտավորականներս, լավ չենք աշխատում: Ես կուզենայի խոսել ոչ թե հետևանքների, այլ պատճառների մասին. եթե մենք՝ մտավորականներս, կարողանանք տեղ հասցնել, թե ինչ բարիք է կրթությունը, և՛ եզդի տղաները, և՛ աղջիկները կգնան դպրոց»,- ասում է Հասան Թամոյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, թե ինքը չի կիսում մոտեցումը, թե կրթության ընդհատումը ավելի շատ սպառնում է եզդի աղջիկներին. «Տղաների դեպքում ևս վիճակը նույնն է: Դեռ հակառակը՝ պատկերը փոխվել է՝ աղջիկներն ավելի հետևողական են այս հարցում, օրինակ՝ վերջին տարիներին բուհերում սովորող եզդի աղջիկների թիվն ավելի շատ է, քան տղաներինը: Հավանաբար պատճառն այն է, որ աղջիկներն ավելի աշխատասեր են, և դա ինձ ուրախացնում է: Մենք ունենք եզդիաբնակ գյուղեր, որտեղ վերջին անգամ 10-15 տարի առաջ է եզդի մարդը բարձրագույն կրթություն ստացել»,- նշեց Հ. Թամոյանը: Նա հակված է մտածել, որ եթե եզդի աղջիկները հակված լինեն կրթություն ստանալ, ապա ծնողները խոչընդոտներ չեն ստեղծի: Նման ավանդույթ, որ անպայման եզդի աղջիկը 16 տարեկանում պետք է ամուսնանա՝ չկա:

Եզդիական համայնքի ներկայացուցիչը գտնում է, որ ՀՀ-ում բնակվող եզդիները պարտավոր են հետևել և անշեղորեն կատարել օրենքի պահանջը. «Կրթությունն է, որ պիտի փրկի մեր նման փոքր ժողովուրդներին: Եթե մենք հեռու կանգնենք կրթական գործից և կրթությունից, մենք դատապարտված ենք: Հատկապես հիմա՝ Հայաստան երկրում, մենք հնարավորություն ունենք կրթություն ստանալ մեր մայրենի լեզվով: Աշխարհի ոչ մի երկրում այպիսի հնարավորություն չկա: Երկու տարի առաջ մեր սեղանին դրվեց 12-րդ դասարանի եզդիերեն դասագիրքը /հեղինակներից մեկը Հասան Թամոյանն է, մյուսը՝ Ազիզ Թամոյանը/: Կան երկրներ, որտեղ ավելի շատ թվով եզդիներ են ապրում, սակայն մայրենի լեզվի դասագրքեր չունեն, և դպրոցներում էլ մայրենի լեզու չի դասավանդվում: Փաստորեն պետությունը ստեղծել է բոլոր հնարավորություները, իսկ մենք չենք ուզում, շեշտում եմ՝ ոչ թե չենք կարող, այլ չենք ուզում կրթվել: Ես ցավով եմ ասում, որ մենք կրթության նկատմամբ դրվատելի ավանդույթներ չենք ունեցել և չունենք: Երևի անկեղծ և ազնիվ չի լինի, եթե ասեմ, որ այս տարվանից, քանի որ 12-ամյա պարտադիր կրթության մասին օրենքը ուժի մեջ է մտել, միանգամից վերանալու են բոլոր խնդիրները>>: Հասան Թամոյանը շեշտում է վարչական իրավախախտումների այն դրույթը, որտեղ կրթությունից դուրս մնալու համար երեխայի ծնողների համար վարչական պատասխանատվություն է նախատեսվում: Բայց նա գտնում է, որ վարչական հարկադրանքը հազիվ թե ցանկալի արդյունք ապահովի, առավել կարևոր է, որ համայնքը սեփական ինքնագիտակցությամբ հասկանա, որ կրթությունը եզդի ազգի միակ փրկությունն է. «Մենք պիտի կրթվենք, որպեսզի ապագայում չկորցնենք մեր տեսակը: Կրթության հանդեպ անտարբեր լինելով՝ մինչև ուր պիտի հասնենք: Կրթությունը մեր գոյատևման կարևոր կռվանն է, մեր միակ փրկությունն է՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Կիսագրագետ լինելով՝ մենք դատապարտված ենք: Ապրել հայ ժողովրդի մեջ և չօգտվել նրա կրթական ավանդույթներից՝ ուղղակի աններելի է: Ունենալով կրթության հզոր ավանդույթներ՝ Հայաստանը նույն հնարավորությունը տալիս է նաև մեզ՝ եզդիներին, մենք պետք է այս շանսը օգտագործենք: Հասան Թամոյանը բարձրացնում է նաև եզդիերենի ուսուցիչների կրթական ցենզի հարցը. «Գյուղերում դասավանդող ուսուցիչների մեծ մասը չունեն ոչ միայն բարձրագույն, այլ մինչև անգամ լիարժեք միջնակարգ կրթություն: Շատերը ավարտել են ընդամենը 8-9-րդ դասարան և այսօր դասավանդում են եզդիերեն: Մենք ստիպված ենք թույլ տալ, որովհետև մասնագետ չկա: Ես այս հարցը բարձրացրել եմ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մոտ: Մենք պետք է ինչ-որ տարբերակ գտնենք և լուծենք եզդի ուսուցիչների բարձրագույն կրթության հարցը: Նախարարը խոստացել է աջակցել, տեսնենք՝ ինչ կստացվի»,- նշեց պարոն Թամոյանը՝ իր խոսքն ավարտելով, նույն լոզունգով՝ կրթությունը կփրկի եզդի ժողովրդին:

Նշենք, որ ՀՀ-ում պաշտոնական տվյալներով բնակվում է մոտ 40 հազար եզդի, մոտ 5 տասնյակ դպրոցներում ուսուցանվում է եզդիերեն լեզու և գրականություն: Դրանք այն բնակավայրերի դպրոցներն են, որտեղ կա կոմպակտ եզդիական բնակչություն: Դրանք հիմնականում գյուղական բնակավայրեր են: Այս տարվա հոկտեմբեր ամսին եզդիերեն կուսուցանվի նաև Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի թիվ 136 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 66 դպրոցներում: Ըստ Հ. Թամոյանի, եթե Երևանի քաղաքապետարանը ուսուցիչների վարձատրության հարցը լուծի, անգամ 5-6 աշակերտների առկայության դեպքում ուսուցումը կկազմակերպվի:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: