Դպրո՞ց, թե՞ հյուրանոց. Գայանե Սողոմոնյանի բիզնեսը

Sep 11, 2017 Comments Off on Դպրո՞ց, թե՞ հյուրանոց. Գայանե Սողոմոնյանի բիզնեսը

 

<<Երևանի թիվ 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո, տրվել է /տրվում է Գայանե Սողոմոնյանին, նույն ինքը՝ Երևանի հանրակրթության վարչության նախկին պետը, նույն ինքը՝ ընդդիմադիր Իշխան Զաքարյանի կինը: Էն նույն Զաքարյանները, ովքեր միլիոնանոց տուն էին սարքել, բայց այլ երկրի քաղաքացիություն ունեցող մեծահարուստի փողերով։ Ու այդ ժամանակ Իշխանը վերահսկիչ պալատի ղեկավարն էր։

Մանրամասները կներկայացնեմ քաղաքապետարան հարցմանս պատասխանները ստանալուց հետո»։

Ի դեպ, ինչպես հայտնում է ավագանու անդամը, թիվ 41 դպրոցը մի հիանալի տեղ է, հարմար, մեծ կայանատեղիով՝ «Պլանի գլուխ», Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում>>:Այս մասին ֆեյսբուքում գրել էր Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Խոսքը Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 41 դպրոցի շենքի մասին է, որը 13 այլ դպրոցների հետ ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի որոշմամբ օպտիմալացված հանրակրթական հաստատություններից մեկն է: Մյասնիկյան 2 հասցեում գտնվող դպրոցը վերակազմակերպվելով միավորվել է Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցին: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ դպրոցի շենքի ընդհանուր մակերեսը ավելի քան 1 500 քառ. մետր է՝ նախատեսված 300 սովորողի համար, սակայն այնտեղ սովորող աշակերտների քանակը ընդամնեը 39-ն է եղել, ինչով պայմանավորված էլ դպրոցը փակվել է: Նշվում է նաև, որ թիվ 41 դպրոցի շենքը թողնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

Ինչպես գրում է armtimes.com-ը, շենքը հանրակրթության վարչության նախկին պետը ձեռք է բերել աճուրդով: Հատկանշկան է, որ դեռևս ՀՀ կառավարության 2012 թվականի N 614-Ա որոշմամբ՝ նույն դպրոցից տարածք էր հատկացվել  Իշխան Զաքարյանի դստեր՝ Շուշանիկ Զաքարյանին պատկանող «Վարդանանք» մասնավոր կրթահամալիրին: Այն ժամանակ, ինչպես նշվում է կառավարության հիշատակված որոշման մեջ, վարձակալության է հանձնվել մ մոտ 400 քառ. մետր տարածք՝ 20 տարի ժամկետով: Հիմա, ըստ էության, Գայանե Սողոմոնյանն ու նրա ամուսինը որոշել են շենքը ամբողջությամբ վերցնել, որպեսզի այնտեղ գործի իրենց մասնավոր դպրոցը:

Նկատենք, որ համաձայն կրթության մասին ՀՀ օրենսդրության՝ դպրոցների շենքերը, բացի կրթական նպատակներից, որևէ նշանակությամբ չեն կարող օգտագործվել: Ուստի օպտիմալացման արդյունքում ազատված դպրոցների շենքերը, պետական գույքի կառավաման վարչության կողմից առանց այս պահանջի ամրագրման չեն կարող աճուրդի դրվել: Չնայած օրենքի այս պահանջի առկայությանը՝ Զաքյան փողոցում գտնվող Մռավյանի անվան դպրոցը վերածվեց հյուրանոցի: Այն նախ հատկացվել էր փաստաբանական դպրոցին, ըստ այդմ օտարումը հիմնավորվել էր որպես կրթական նպատակով արված քայլ: Հետագայում փաստաբանների դպրոցի տարածքը հատկացվեց փաստաբանների պալատին, վերջինս էլ շենքի մի մասը, սեփական կարիքներից ելնելով, վաճառեց մասնավոր անձի: Արդյունքում դպրոցը դարձավ հյուրանոց: Թե ինչ տեղի կունենա թիվ 41 դպրոցի պարագայում, այս պահին հայտնի չէ:

Կոնկրետ Գայանե Սողոմոնյանի դեպքում օրենքի դրույթը այս պահին ֆորմալ առումով պահպանվել է. եթե թիվ 41 դպրոցում գործելու է մասնավոր դպրոց, դա օրենքին չի հակասում: Իսկ ինչ կլինի մի քանի տարի հետո, ցույց կտա ժամանակը: Մյուս հարցն այն է, թե որքանով է պահպանվել աճուրդի օրինականությունը: Միայն այն փաստը, որ աճուրդի դրված շենքը 20 տարով վարձակալված է եղել «Վարդանանք» կրթահամալիրի կողմից, արդեն բավական էր, որ այլ անձինք կամ կազմակերպություններ չմասնակցեին աճուրդին: Այդ ո՞վ աճուրդով կգներ մի շենք, որտեղ 20 տարով պետք է գործեր մեկ այլ մասնավոր կազմակերպություն, տվյալ դեպքում՝ դպրոց:

Հատկանշական է նաև, որ ժամանակին, երբ Գայանե Սողոմոնյանն ու նրա ամուսինը պետական պաշտոնյաներ էին, նրանց հաջողվել էր քողարկել պետական դպրոցի տարածքից կատարված վարձակալության փաստը: Թե ինչպես է եղել, որ քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը աշակերտ չի ունեցել, իսկ տարածքը վարձակալվել է մասնավոր դպրոցի կողմից, թերևս ուսումնասիրության առանձին թեմա է:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: