Հայաստանում կրթությունից դուրս մնակու ռիսկերը.

Sep 11, 2017 Comments Off on Հայաստանում կրթությունից դուրս մնակու ռիսկերը.

 

Տարիների ընթացքում մշակված մի շարք փաստաթղթեր փաստում են Հայաստանում դպրոց չհաճախող երեխաների առկայության մասին: Այդ երեխաները հաճախ հաշմանդամ՝ հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներն են, սակայն նրանց շարքում կարող են լինել նաև փոքրամասնությունների խմբերին պատկանող կամ չափազանց խոցելի ընտանիքների երեխաները: Խնդրի մասին են վկայում  ՅՈՒՆԵՍԿՈ-ի վիճակագրության ինստիտուտի , ինչպես նաև Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության  հանրակրթության մեջ ընդգրկվածության ցուցանիշները, որոնք հրապարակվում են ամեն տարի:

Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015-2016 ուստարում ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսումն անավարտ թողած աշակերտների թիվը եղել է 302, որից 191 աշակերտ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով չի հաճախել դպրոց, 87 աշակերտի ծնողը չի ուղարկել կամ թույլ տվել, իսկ մնացածը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Սա շատ   փոքր թիվը  է և կազմում է հանրակրթական դպրոց հաճախող երեխաների ընդհանուր թվի 0,08 %-ը: Մեզ հետ զրույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, որ  սրանք այն երեխաներն են, որոնք ընդգրկված են եղել հանրակրթության մեջ, և համակարգը կարողացել է արձանագրել, որ ինչ-որ  փուլում նրանք կրթությունից դուրս են մնացել: Սակայն կան շատ այլ երեխաներ, որոնք երբևէ դպրոց չեն գնացել, քանի որ ունեն քրոնիկ կամ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, հաշմանդամություն, պատկանում են ազգային փոքրամասնություններին, փախստականների կամ հաճախ տեղափոխվող ընտանիքների երեխաներ :

Ովքե՞ր և ինչո՞ւ են դուրս մնում կրթությունից

2017 թվականի սեպտեմբերի 1-ից 12-ամյա միջնակարգ կրթությունը դաձել է չեն շարունակի կրթությունը :

«Առհասարակ, գոյություն ունի կրթությունից դուրս մնացած երեխաների երեք խումբ. առաջին՝ տեսանելի երեխաներ, ովքեր ընդունվել են դպրոց և ինչ-որ փուլում կիսատ են թողել այն, երկրորդ՝ ովքեր երբեք դպրոց չեն հաճախել, բայց ընդգրկված են որևէ տեղեկատվական բազայում, օրինակ՝ սոցհամակարգում: Որպես հաշմանդամություն ունեցող կամ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների երեխաներ՝ նրանց մասին կրթական համակարգը հնարավոր է տեղեկություն չունենա, եթե սոցհամակարգը չտեղեկացնի և չսկսի աշխատել իր համայնքում գտնվող դպրոցի հետ:  Եվ երրորդ խումբը, այսպես կոչված, անտեսանելի երեխաներն են, որոնք որևէ տեղեկատվական համակարգում ընդգրկված չեն: Այսպիսի երեխաներ, ենթադրում ենք, որ ՀՀ-ում շատ քիչ են, որովհետև մենք չունենք, օրինակ, գնչուների խնդիր կամ այլ խմբեր, որոնք հաճախ տեղափոխվում են երկրի ներսում և դրսում: Սակայն հնարավոր են նաև այսպիսի դեպքեր, և եթե որևէ հսկողություն չսահմանվի, թե երկրից գնալուց կամ վերադառնալուց հետո երեխաները արդյոք ներառվում են կրթական համակարգում»,-  նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:  

Լոռու մարզում հայտնաբերվել է կրթությունից դուրս մնացած 228 երեխա

Առհասարակ, Հայաստանում դեռևս գոյություն չունի դպրոց չհաճախող երեխաների հաշվարկման մեխանիզմ:  ՅՈՒՆԻՍԵՖ-ը հետազոտություն է իրականացրել՝ հասկանալու այդ երեխաների հիմնախնդիրը Հայաստանում:  Ալվարդ Պողոսյանի խոսքով՝  այդ նպատակով 2014 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսներին փորձնական ծրագիր է իրականացվել ՀՀ Լոռու մարզում: Միայն Վանաձոր  և Գուգարք  քաղաքներում հայտնաբերվել է կրթությունից դուրս մնացած 228 երեխա: Դեպքի վարման ընթացքում պարզվել է, որ նրանցից 212-ը 6-8 տարեկան դպրոցահասակ երեխաներ են, ովքեր տվյալ ուս. տարում չեն գնացել դպրոց, իսկ 16-ը՝ 9-16 տարեկաններ, ովքեր երբևէ դպրոց չեն հաճախել՝ ընտանիքի սոցիալական կամ առողջության վիճակից ելնելով: Արձանագրելով խնդիրը՝ Լոռու մարզում կազմակերպվեց իրազեկման քարոզարշավ՝ դպրոցահասակ երեխաների ժամանակին դպրոց հաճախելու անհրաժեշտության վերաբերյալ: Նշեմ, որ այն տվեց իր արդյունքը, և երեխաների մեծ մասը ներառվեց կրթական համակարգի մեջ: Հաջողության հասնելով՝ Լոռու մարզի ղեկավարությունը նախաձեռնությունը տարածեց նաև ամբողջ մարզում՝ 2015թ. մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:  Կատարված աշխատանքը տվեց իր արդյունքը, և երեխաների մեծ մասը ներառվեց կրթական համակարգում:

 

Հայտնաբերման նոր համակարգ

Միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ԿՏԱԿ-ին առաջարկվել է  ստեղծել դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման և արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բացակայությունների մոնիտորինգ և ժամանակին ազդարարել դպրոց չհաճախող երեխաների մասին . այս տարի նախատեսվում է ծրագրի փորձարկումը Լոռվա մարզում: «Վաղ արձագանքման համակարգը ենթադրում է համագործակցություն, այսինքն՝ տվյալ համայնքի սոցաշխատող, բուժհաստատություն, ոստիկանություն և կրթական հաստատություն: Եթե երեխան անհարգելի պատճառով բացակայում է, դպրոցը էլեկտրոնային համակարգում բացում է քարտ, որը տեսանելի է սոցաշխատողին և բուժհիմնարկին: Եթե երեխան դիմում է  բուժհիմնարկ և ստանում օգնություն, ապա այդ մասին տեղեկացվում է  դպրոցին, և խնդիրը փակվում է: Մյուս կողմից՝ շատ կարևոր է իրազեկման քարոզարշավը.  թիրախ խումբն առաջին հերթին դպրոցահասակ տարիքի երեխաների ծնողներն են, քանի որ եթե երեխան ժամանակին դպրոց չի գնում, ապա նա կորցնում է իր հասակակիցների հետ հավասար և արդարացի կրթություն ստանալու հնարավորությունը: Երկրորդ խումբը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներն են և դպրոցները, իսկ երրորդը՝ 9-րդ դասարանից կրթության հաջորդ մակարդակ տեղափոխության շահառուները: Իհարկե, շատ երկրներում կա նաև ակտիվ քաղաքացիների կողմից համապատասխան կառույցներին իրազեկման փորձ.   եթե որևէ մեկը հանդիպում է դպրոց չհաճախող երեխայի, անմիջապես հարցնում է՝ իսկ ինչու այս ժամին դպրոցում չես:Այսինքն՝ այս հարցում շատ կարևոր է հասարական վերահսկողության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների դերը»,-նշել է Ալվարդ Պողոսյանը:

Հայաստանում կան որոշակի ռիսկեր, որոնք կարող են խաթարել երեխայի կրթության իրավունքի իրականացումը, եթե պատշաճ մշտադիտարկման համակարգեր չլինեն: Առաջինը, ըստ   կրթական ծրագրերի բաժնի ղեկավարի, հատուկ դպրոցների վերակազմակերպումը, որի արդյունքում հատուկ դպրոցների երեխաները ուղղորդվում են դեպի հանրակրթություն: Եթե այդ երեխաները չստանան իրենց սոցիալական և կրթական կարիքներին համապատասխանող  աջակցություն, ապա նրանք կարող են դուրս մնալ հանրակրթությունից: Ուստի կարևոր է  ներառական կրթության մշտադիտարկման համակարգի ներդրումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 1-ից անցում է կատարվելու 12-ամյա պարտադիր կրթության, և եթե հիմնական դպրոցի շրջանավարտներին և ծնողներին չներկայացվի կրթության շարունակականության և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունը, ապա նրանք կարող են դպրոցից դուրս մնալ: Ակնհայտ է, որ դպրոց չհաճախող կամ դպրոցից հաճախ բացակայող երեխաների բացահայտման գործընթացը հնարավոր կլինի ամբողջովին ավտոմատացնել, եթե կրթության ոլորտում լիարժեք գործի տվյալների էլեկտրոնային հավաքագրման, փոխանակման և հաշվետվության համակարգը, ինչպես նաև մշակվեն էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոլորտային փոխըմբռնման համաձայնագրեր: Ուստի,  կարևոր է այս պահին մշակել մեխանիզմներ:

Փախստականներ. Սիրիահայ երեխաների կրթության հարցերը մտահոգիչ են

Անդրադառնալով փախստականների կրթության իրավունքի իրականացմանը՝ Ալվարդ Պողոսյանը՝ նշել է, որ վերջին տարիներին աշխարհում քաղաքական, սոցիալ-տնտեսական և պատերազմական իրավիճակների հետևանքով, որում հայտնվել են հատկապես Միջին Արևելքի երկրները, երեխաների կրթության իրավունքի իրականացման հարցը դարձել է խնդրահարույց: «Այսօր, օրինակ, Հայաստանում ունենք մոտ 20 հազար սիրիահայ փախստականներ, որոնց երեխաների կրթության կազմակերպման հետ կապված ծագել են որոշակի խնդիրներ: Սկզբնական շրջանում թվում էր, թե սիրիական հակամարտությունը ժամանակավոր երևույթ է, ուստի այդ երեխաների կրթությունը և վերաինտեգրման գործընթացը կազմակերպվեց մեկ դպրոցում՝ արաբերենով և արաբական ծրագրերին համապատասխան, քանի որ երեխաների հետ կային նաև ուսուցիչներ: Սակայն հետո պարզվեց, որ Սիրաիայի կոնֆլիկտը ձգձգվող  հակամարտություն է, և այս երեխաները և նրանց ընտանիքներն ավելի երկար ժամանակ պետք է մնան Հայաստանում: Հետևաբար, բոլոր դպրոցները հայերենին չտիրապետող երեխային հայալեզու կրթական համակարգում ներառելու հնարավորություն պետք է  ստեղծեին, որին, դպրոցները պատրաստ չէր: Առհասարակ, երբ Հայաստանում խոսում ենք ներառական կրթության մասին, բոլորս հաշվի ենք առնում միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին, սակայն լայն իմաստով ներառական կրթությունը՝ կրթություն է բոլորի համար, ներառականությունը կրթության կազմակերպման սկզբունք է, որը հաշվի է առնում յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները»,- ընդգծել է Ալվարդ Պողոսյանը՝ մեկ անգամ ևս կարևորելով կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման նոր ծրագրի մեկնարկը :

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: