«Փախցնոցի», «փայ մտնոցի» ու այսպես շարունակ

Aug 12, 2017 Comments Off on «Փախցնոցի», «փայ մտնոցի» ու այսպես շարունակ

Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսության համար դեռևս լուրջ մտահոգությունների պատճառ չեն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով, իրենք, այդուհանդերձ, վերլուծում են, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենան այդ պատժամիջոցները: «Պատժամիջոցները վաղուց են գործում, դուք տեսաք, որ մեր տնտեսությունն արդեն ադապտացվել է, և ես այս պահին մեծ մտահոգությունների պատճառ դեռ չեմ տեսնում», ասել է Սուրեն Կարայանը:

Կարայանի խոսքով. «Առաջին 6 ամիսների ընթացքում, եթե դեպի ԵՏՄ շուկաներ արտահանումն աճել է 25 տոկոսով, ապա արտահանումը դեպի Եվրամիության շուկա աճել է 20 տոկոսով: Այսինքն՝ մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր շուկաները»:

Փաստորեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին ամիսներ շարունակ շրջանառվող տեղեկությունների պարագայում Հայաստանի կառավարությունը հստակ լուծումներ գտնելու փոխարեն միայն վերլուծում է հնարավոր հետևանքները: Այսինքն՝ Հայաստանը չունի տնտեսական զարգացման իր տեսլականը, իր ռազմավարությունը:

Արդեն վաղուց ՀՀ կառավարությունը բացառապես խոսում է ներդրումների հոսքի մասին, բայց իրականում արդյունքներ չկան: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում էր կայացվել՝ ակտիվացնել արտաքին տնտեսական քաղաքականությունը: Այդ նպատակով գործադիրն առանձնացրել էր 14 երկիր, որոնց հետ տնտեսական հարաբերություններն աշխուժացնելու ուղղությամբ տարվելու է համապատասխան աշխատանք: Այդ նախաձեռնությունում, սակայն, Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չէր հիշատակվում, իսկ առանձնացված երկրների ցանկում ԵՏՄ անդամներից տեղ էր գտել միայն Ռուսաստանը:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի տասնյակ գործարարների մասնակցությամբ ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբը» հանդես է գալիս Հայաստանի էներգետիկ ոլորտում խոշոր ներդրումային ծրագրով:

Կառավարության նիստում հավանության է արժանացել Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին շրջանակային համաձայնագիրը, որը կնքվել է ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև: Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է մինչև 150-180 մլն դոլար: «Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը», – նշել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: – «Սա «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ բավականին մանրակրկիտ»,- նշել է Մանուկյանը:

Նախարարի խոսքով, այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում մեր երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսի: Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի: Կառուցվելիք ՀԷԿ-ը կարտադրի Հայաստանի ներքին սպառման էլեկտրաէներգիայի հինգ տոկոսը:

Կառավարությունը երաշխավորում է, որ կայանի կոմերցիոն շահագործումից հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կգնի տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: ՀԷՑ-ը հիշեցնենք, պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին», ով «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիրներից է:

Տնտեսագետները, սակայն, թերահավատ են: Ներդրման մասին խոսելը, դեռ ներդրում չէ, քանի որ եղել են այլ ներդրումային բազմաթիվ ծրագրեր, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել:

Հետաքրքրական է, որ բաց մրցույթ չի հայտարարվում հիդրոէլեկտրոկայանի գրավիչ թվացող ծրագիրն իրականացնելու համար: Այսինքն, կոռուպցիոն ռիսկի հոտ է գալիս: Այն էլ ամառային այս պասիվ սեզոնում, երբ մամուլի գերակշիռ մասը արձակուրդում է, ԱԺ-ն` ևս: Այսինքն, Կարեն Կարապետյանի կառավարությունը արագ-արագ որոշումներ ընդունելու ռեժիմի մեջ է: Ավելին` Կարեն Կարապետյանը դրական ու հեռանկարային է գնահատում նախագիծը: Այստեղ էլ պարզ է վարչապետի դիրքորոշումը, բացառապես քարոզչական բնույթ ունի` ցույց տալ, թե կառավարությունն իսկապես աշխատում է:

«Հայաստանի ներդրողների ակումբը» հիմնադրվել է հունվարին: Վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված ակումբը այս տարվա համար խոստացել է մոտ 300 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել: Նախաձեռնության պաշտոնական կայքում նշված ծրագրերի թվում են Շնող հիդրոէլեկտրակայանը, Հայաստանում 50 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը, կենցաղային աղբից էներգիայի ստացման կայանը, և Մեղրիի հիդրոէլեկտրակայանը:

Փաստորեն, Սամվել Կարապետյանը Լոռիում ՀԷԿ կկառուցի: «Շնող» ՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջոցով, դրա մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգից: Կառավարությունը մտադիր է հավանություն տալ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին:

Ըստ որոշման նախագծի, նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի Կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում: ՀԷԿ-ի կառուցման համար որքան գումար է ներդրվելու, երբ է մեկնարկելու շինարարությունը և երբ է կառուցապատման ավարտը, նախագծում գրված չէ: Իսկ ՀԷԿ-ի կառուցապատողը՝«Դեբեդ Հիդրոն» հիմնադրել է «Էներգոինվեստ հոլդինգը», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: