Ինչից է ահաբեկված Ալիևը

Aug 12, 2017 Comments Off on Ինչից է ահաբեկված Ալիևը

Վերջին անգամ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգում և դրանից առաջ Վիեննայում: Այսինքն, մեկ տարուց ավելի է, ինչ հնարավոր չի լինում կազմակերպել ևս մեկ հանդիպում:

Դրա պատճառների մասին բազմիցս խոսվել է: Ադրբեջանը չի ընդունում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցություններում ձեռքբերված որոշումները` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, հայկական կողմն էլ դեմ է` Ալիևի կողմից նման դիրքի դեպքում շարունակել բանակցությունները:

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլի մասին թեմային, նշել էր, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ և հանդիպումը կարող է կայանալ այս աշնանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մի առաջնային խնդիր ունեն՝ կանխել հնարավոր ռազմական գործողությունները և հասնել նրան, որպեսզի լարվածության աստիճանը նվազի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում երեկ ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգին։

Շավարշ Քոչարյանը նշել է, որ միջնորդները շատ հետևողական են՝ թե՛ իրենց քայլերով, թե՛ իրենց հայտարարություններով։ «Եվ այսօր իրենց երկու առաքելությունից, որ իրենք ունեն, մեկը՝ նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, երկրորդը՝ թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները։ Այսօր իրենք կենտրոնացած են երկրորդի վրա՝ շատ լավ հասկանալով նաև միջնորդները, որ պատճառը, որ այն դաշտում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է, պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ»։

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ արտգործնախարարների հանդիպմանը որոշում կայացվի նախագահների հանդիպման մասին Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Բնական է, որ եթե այդպիսի որոշում կայացվի, նախապես պետք է քննարկվի արտգործնախարարների մակարդակով»։

Եթե անգամ Ալիևն համաձայնություն տա Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածություններին, միևնույն է, գոնե հայկական կողմի համար մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարց կա` ինչ տարբերակների շուրջ են ընթանալու բանակցությունները:

Պաշտոնական Երևանը մի քանի անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, այն է` Արցախի վերջնական կարգավիճակ պետք է հստակեցվի:

Սա ընդունելու՞ է Ալիևը: Միջնորդների խնդիրը, խոշոր հաշվով այսօր մեկն է` Ալիևին բերել հենց այս թեմայի շուրջ քննարկման: Առանց ԼՂ վերջնական կարգավիճակն ընդունելու` բանակցություններն անիմաստ են դառնալու:

Բայցև պարզ է նաև, որ հենց դրանից է խուսափում Ալիևը: Նա քաջ գիտակցում է, թե ինչ է նշանակում տարիներ շարունակ «հաղթական» ճառեր արտասանած ղեկավարի կողմից նման փաստն ընդունելը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: