«Ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր»` անկրկնելի մակարդակ փաստարկների սնանկությունից

Aug 12, 2017 1 Comment

Ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը հերթական անգամ հիշեցրել է իր մասին։ Նա զարմացած է՝ ի՞նչ «կռվաններ են» բերում այն քաղաքական գործիչները, որոնք ցանկանում են ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության դադարեցման գործընթաց սկսել: Tert.am-ի հետ զրույցում նա հարց է բարձրացրել, թե ինչ նկատի ունեն որոշ քաղաքական գործիչներ՝ ասելով, որ ԵԱՏՄ-ի հետ մեր համագործակցությունը արդյունքներ չի տալիս:

«Կառավարության ղեկավարի գործն է, նա պետք է ցույց տա, թե ինչքան է աճել Հայաստանը տնտեսապես ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, որ պարզ լինի, թե ինչ դինամիկա կա: Ես իհարկե, ելնում եմ այն հասարակ մտքից, որ հայկական ապրանքներին շուկա է պետք, և Եվրասիական տնտեսական միության շուկան շատ հարմար է հայաստանյան և՛ գյուղատնտեսական, և՛ այլ ապրանքների համար»,- ասել է նա՝ նշելով, որ փոխանակ քննարկվի, թե ինչպես պետք է զարգացնել տնտեսական այս կամ այն ուղղությունը, որը կունենա մրցակցային ավելի մեծ հնարավորություններ ԵԱՏՄ-ի շուկայում, որոշ քաղաքական ուժեր «ապուշ-ապուշ» առաջարկություններով են հանդես գալիս:

Նախ` սկսենք նրանից, որ եթե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ինչ-որ ոլորտում աճ արձանագրված լիներ` դա մեր հասարակությանը կներկայացնեին իշխանությունները: Եթե խոսում են այն մասին, թե ինչու առայժմ աճ չկա և ավելին` հետընթաց է, ուրեմն պրոբլեմը ԵԱՏՄ կառույցում է, նրա ոչ կենսունակ լինելու մեջ: Ու այստեղ հարց է, թե, ուրեմն, ով է` «ապուշ-ապուշ» խոսում:

Անդրանիկ Միհրանյանի խոսքով՝ մարդիկ, որոնք պնդում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, դիմում են «դեմագոգիայի», «պրովոկացիայի», որի միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց վրա: «Դրանք անիմաստ քննարկումներ են և ժողովրդի ու քաղաքական ուժերի ուշադրությունն են շեղում,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հայտարարություններն ու առաջարկությունները անէական են, դրանց հիմքում նյութ չկա,- եթե գոնե առաջարկ լիներ, թե որ կողմ պետք է գնալ, որ ուղիով զարգանալ, կարելի կլիներ ասել, որ դրանք լուրջ քաղաքական ուժեր են և փորձում են Հայաստանին սխալ ճանապարհից հետ կանգնեցնել»,-ասաց նա:

Տպավորություն է ստեղծվում, որ Միհրանյանը բավական անհանգստացած է իր խոսքով ասած` «դեմագոգիայի», «պրովոկացիայի» դիմող ուժերից: Եթե այդ մարդիկ ժողովրդի ուշադրությունն են շեղում, Միհրանյանն ու ԵԱՏՄ-ականներն էլ փաստորեն զբաղված են «ճշմարտության» վրա լույս սփռելով:

Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողները կարևորում են Հայաստանի եվրաինտեգրումը, ցանկանում են, որ Հայաստանը Եվրոպական ուղիով գնա, նա պատասխանեց․«Ես մասնակցում էի 2013թ․ քննարկումներին, երբ Հայաստանը՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ պետք է ստորագրեր Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը: Այն ժամանակ տնտեսագետ Վլադևը ներկայացնում էր, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի համար: Հիմա մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի խնդիրներ ունեցավ Ուկրաինան, երբ ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը․ Ուկրաինան փակեց իր համար ռուսական շուկան, և դա էլ իր հերթին նրա համար բերեց տնտեսական խնդիրներ: Այսպիսի խնդիրներ կարող են լինել նաև Հայաստանի համար»:

Փաստորեն, Միհրանյանը բռնել է ռուսական ավանդական ոճի` շանտաժի ուղին, «եթե չանդամակցեինք, ինչեր կլիներ…»: Իսկ Միհրանյանին, հավանաբար, ձեռնտու չի հիշել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց անմիջապես հետո Հայաստանում իշխանական որոշ շրջանակներ և նաև իր նմանները մեր հասարակությանը հրամցնում էին, թե անդամակցության դեպքում կլուծվի Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը, Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելը կկանխվի:

Ու ի՞նչ եղավ անցյալ տարի ապրիլին… Միհրանյանն ու իր շեֆերը կարողացա՞ն կանխել Ալիևի կողմից ապրիլյան պատերազմի հրահրումը… Էլ դրանից ավելի վատ ի՞նչ պետք է լիներ, որ Միհրանյանն ու իր շեֆերը համարեին, որ այ, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին` ավելի վատ կլիներ Հայաստանի համար: Թե՞ ապրիլյան պատերազմը, ռուսական զենքից հայ զինվորների կորուստը Միհրանյանի համար այնքան էլ «խնդիրներ» չեն Հայաստանի ու Արցախի համար:

Հետևաբար, ի՞նչ «երեսով» է Միհրանյանը հրճված հայտարարում, թե «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի անվտանգությունն առաջնահերթ է և՛ ժողովրդի, և՛ պետության, և՛ Լեռնային Ղարաբաղի համար»:

Իսկ իրականությունն այն է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության «արդարացիությունն» ապացուցելը մնացել է Պուտինյան Ռուսաստանի ջատագով Միհրանյանի ուսերին, որն իր պարտքն է համարում Հայաստանում լռեցնել ԵԱՏՄ-ին անդամակցությունից դժգոհությունները, կարծես, կարող է ապացուցել դրա հակառակը:

Հիմա պարզ է, թե ինչու է ռուսաստանյան քաղաքագետը գռեհիկ որակումներ շռայլում, հայաստանցի գործիչներին անվանում` «ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր»: Հակափաստարկներ ունենային` հակառակն ապացուցելու, ի ցույց կդնեին Հայաստանի ստացած «բարիքները» ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “«Ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր»` անկրկնելի մակարդակ փաստարկների սնանկությունից” հրապարակմանը