«Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

Aug 08, 2017 Comments Off on «Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

Օգոստոսի 10-ին,  ժամը 19.00-ին  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հարսանեկան արարողություն է նախատեսված:  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի  նախաձեռնած  յուրօրինակ  միջոցառումը  ավանդական հայկական հարսանիքի  բեմականացում է` իր  բոլոր ավանդույթներով:

Հայկական տարազներով  հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն  ու քավորը կներկայացնեն  հայկական հարսանիքի  ինչ-որ տեղ նաև մոռացված  տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը  կզարդարվի  հայկական  մոտիվներով` գորգեր,  կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն` զուռնա-դհոլով:

Միջոցառմանը իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» (գեղ. ղեկավար` Գ. Գինոսյան) ազգագրական երգի-պարի համույթը,  «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան),  «Զվարթնոց» կվարտետը (գեղ. ղեկավար` Տ. Կոնինյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք»  ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և  Հ. Անանյան):

Տոնական միջավայրի  անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց»  արգելոց-թանգարանի այցելուները:

Միջոցառման բեմադրող ռեժիսորն է  ՀՀ  մշակույթի վաստակավոր  գործիչ  Արմեն Մանուկյանը:

 

Տոմսերի համար խնդրում ենք զանգել 010- 58-74-25, 093-19-96-67 հեռախոսահամարներով:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: