Սևանի թերակղզում 22-ամյա վարորդը Nissan Armada-ով վրաերթի Է ենթարկել 3 հետիոտնի

Jul 30, 2017 Comments Off on Սևանի թերակղզում 22-ամյա վարորդը Nissan Armada-ով վրաերթի Է ենթարկել 3 հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Եփրեմյանը Սևանի թերակղզում իր վարած Nissan Armada մակնիշի 16 LL 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ Լևոն Աբրահամյանի կողմից շահագործվող Opel Astra մակնիշի 34 AN 662 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հոգին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկին հիվանդանոց է տեղափոխել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը, իսկ երկուսին հիվանդանոց են տեղափոխել այդ պահին նշված հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև « Նաիրի Ինշուրանս » ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդ Խ. Եփրեմյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է 0.22 տոկոս ոգելից օգտագործած վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Խ. Եփրեմյանը Կոտայքի մարզի Սոլակի գյուղապետի եղբոր տղան է: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: