Հակառակ 5 տարի պայթող ռումբերին՝ մի օր դասերը չդադարեցին. Հալեպի հայկական վարժարանի տնօրեն

Aug 01, 2017 Comments Off on Հակառակ 5 տարի պայթող ռումբերին՝ մի օր դասերը չդադարեցին. Հալեպի հայկական վարժարանի տնօրեն

 

 

Հալեպի Հայկական բարեգործական ընդհանուր միության Լազար Նաջարյան, Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանի տնօրեն Գայանե Թիմպալյանը   մասնակցել է հուլսիսի 2-ից 29-ը Հայաստանում կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: Ծրագրի արդյունքներից նա տպավորված էր, սակայն մեր զրույցի թեման Հալեպի կրթական կյանքն ու հալեպահայ գաղութի ներկա խնդիրներն էին: Ինքը՝ Գայանեն, որոշել է չհեռանալ Հալեպից և իր սիրելի վարժարանից, չնայած որ իր ողջ ընտանիքը հեռացել է Հալեպից. «Մտածեցի՝  ուր ալ որ երթամ, ի վերջո գործ մը պիտի ընեմ այս աշխարհին վրա: Ուրեմն ինչու ուրիշ երկիր երթամ և ուրիշ երկրին ծառայեմ, ավելի լավ չէ՞ մնամ և հայ աշակերտին ծառայեմ: Ես հայ աշակերտը պաշտած եմ և բոլոր դժվարությունները հաշվի առնելով պիտի մնամ Հալեպ մինչև այն ատեն, որքան որ Աստված ինձ այդ կարողությունը կուտա: Հակառակ 5 տարվա պատերազմին՝ կրթական կյանքը Հալեպին մեջ, ի մասնավորի մեր՝ հայկական վարժարաններուն մեջ չկաղաց: Մեր վարժարանին աշխարհագրական դիրքը օգնեց, որպեսզի մենք մեկ իսկ չկորսնցնելով, այս ամբողջ պատերազմական 5 տարին գործածենք ամբողջական կրթական ծրագրերը: Մեր վարժարանում մենք միշտ դասեր արել ենք»,- ներքին գուհունակությամբ և ընդգծված հպարտությամբ պատմում է Գայանե Թիմպալյանը, ցավով շարունակում՝ նշեով, որ աշակերտների թիվը Հալեպի նվազել է. նախկին 1250 աշակերտի փոխարեն՝ Հալեպի Լազար Նաջարյան Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանն այսօր ունի 415 աշակերտ: Տիկին Գայանեն հույս ունի, որ սեպտեմբերին աշակերտների թիվը մի փոքր կավելանա. «Մեծ թվով հայություն ելավ Հալեպեն. աշակերտներ կային, որոնց տուները ավերված են, աշակերտներ կային, որոնց բնակարանները վտանգին մեջ էին, աշկարետներ ունեի, որոնց հայրերը իրենց գործերը կորսունցած էին և ստիպված էին ձգել երկիրը և երթալ, աշակերտներ էլ կան,որոնց ընտանիքներն ու հարազատները պատերազմին պատճառով ուրիշ երկրներ գնացին և իրենք ալ ճամփորդեցին նրանց մոտ»:

Տիկին Գայանեի պատմելով, հայության արտագաղթով պայմանավորված, Հալեպի հայկական կրթօջախներից մի քանիսը միավորվել են, և այս պահին 6 կրթօջախ՝ 2 հիմնական և 4 երկրորդային վարժարան, գործում են, որոնք կանոնավոր դասեր են անցկացնում: Ընդհանուր առմաբ, ինչպես մեր զրուցակիցն է պատմում, եթե մինչ պատերազմը Հալեպի հայկական դպրոցներում սովորում էին 6000 հայ աշակերտ, ապա այսօր նրանց թիվը 2000 էլ չկա: Ու չնայած այն հանգամանքին, որ Հալեպի հայկական համայանքը փոքրացել և ջլատվել է, հալեպահայերը չեն ուզում առաջնորդվել փոքրացող համայնքի հոգեբանությամբ. «Տարօրինակ զգացում է՝ Հալեպում ոչ ոք չի ըսեր՝ աման փոքրացանք: Մենք առաջ երթալու ուժ և հավատ ունինք, որովհետև Հալեպը հայության հնոցն է. հոն հայ կպատրաստեն: Մեր աշակերտը տան մեջ, ակումբին մեջ, դպրոցին մեջ, փողոցին մեջ հայերեն կխոսի: Անշուշտ, դպրոցին մեջ բոլոր նյութերը /մաթեմատիկա, ֆիզիկա, բնագիտություն/ արաբերեն են, բայց նրանք իրար հետ հայերեն կխոսին: Մենք պիտի այդ աշակերտին վրա գուրգուրանք, եթե  անգամ մեկ հատ հայ  աշակերտ մնա Հալեպում, նորեն պետք է գուրգուրանք: Մենք հավատ ունինք, որ Հալեպի հայ գաղութը վերստին պիտի հզորանա, և այդ հավատի ուժով առաջ կերթանք»:

Կրթական գործի կազմակերպման առումով դժվարություններ են առաջացել դասագրքերի հետ կապված՝ արաբերենով մատուցվող առարկաների դասագրքեր վերջին տարիներին պետությունը բավարար քանակով չի ապահովել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Համայնքում այս պահին կա նաև հայերենի ուսուցիչների պակաս. «Շատ հայերենի ուսուցիչներ հեռացան.  մենք հիմա եղած ուսուցիչների վրա կգուրգուրանք, կպահենք և կսիրենք իրենց: Եթե հիմա ևս մի ուսուցիչ հայտարարի, որ պիստի ձգե Հալեպը և երթա, մենք ճգնաժամի առաջ կկանգնինք և չենք գիտեր, թե ինչ պիտի ընենք»,- մտահոգված պատմում է տնօրինուհին: Վարժարանի ֆինանսավորումն իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիո շրջանակային հանձնաժողովը, որի բոլոր նվիրատու անհատներին Գայանե Թիմպալյանը անվանում է հերոսական աշխատանք կատարող անհայտ զինվորներ: Նվիրատուների շնորհիվ բոլոր հայկական կրթօջախները գործում են անվճար, որը հատկապես այս փուլում, երբ շատերը տնտեսական լուրջ կորուստներ են ունեցել, շատ կարևոր է. «Մեզ համար սկզբունքի հարց է, որ հայ երեխան պետք է անպայման սովորի հայկական վարժարանում: Ավելի մեծ նվիրումով ու զոհաբերությամբ առաջ կտանինք կրթության գործը»:

Պատերազմի ժամանակ Հալեպում 125 հայ է զոհվել՝ խաղաղ բնակիչ, որոնք, տիկին Գայանեի խոսքով, Հալեպահայ գաղութի ամենամեծ կորուստն են եղել. «Հարսներ, տղաներ, ընտանիքի հայրեր և մայրեր. նրանց բոլորի դեմքերը, իրենց մահվան պատկերները, տուներու տեղը մեկ առ մեկ կհիշեմ: Նրանք մեր ցավն են, մեր բաց վերքը»:

Խոսելով երբեմնի մեծահարուստ հալեպահայերի գործերի մասին՝ Գայանե Թիմպալյանը փաստում է, որ ջայլամի քաղաքականություն կլիներ ասել, թե նրանք հիմա լավ վիճակում են. «Շատերն իրենց գործերը կորցրեցին, ընտանեկան գույքերը քանդվեցին, շատերու ընկերները, բարեկամները հեռացան, շատերը ստիպված եղան փոխել իենց գործի բնույթը, շատերն ալ զգալով, որ վտանգ կա իրենց գործի համար ձգեցին հեռացան: Իսկ նրանք, որ մնացել են, հավատացած են, որ հոն պիտի ապրին և  փոքրիկ գործ մը ընելով իրենց ընտանիքի կեցությունը հոգան: Թեպետ հիմա դեռ հստակ չէ, բայց հայտարարություններ կան, թե որոշ հատուցումներ պիտի արվեն  հայ ընտանիքներին»: Ամփոփելով իր խոսքը՝ Գայանեն նշում է, որ անցած 5 տարիներին իրենք սովորեցին ապրել պատերազմի հետ, հասկացան, որ պատերազմը պատճառ չէ դպրոց չգնալու, չաշխատելու, չապրելու.«Լույսի և ջրի չգոյության պայմաններում հայ մայրերը մաքուր և կոկիկ հագցրած՝ երեխաներին դպրոց էին ուղարկում, հայ տանտիկինները ամենահամով ճաշերն էին պատրաստում: Մենք անգամ սովորել էինք տարբերել մեր վրայով թռչող հրասայլերի ձայները, գիտենք, թե որ բանակի հրթիռը ինչ ձայն ունի: Ամենամեծ բանը, որին փափագում էինք՝ խաղաղությունն էր: Ռուսիո բանակը շատ մեծ գործ արեց Հալեպի ազատագրման համար, որը շատ մեծ իրադարձություն էր մեզ համար: Մենք չենք գիտեր, անունով չենք ճանաչում, թե ովքեր են Հալեպն ազատագրողները, բայց մենք շնորհակալ ենք այդ սուրբ գործն անողներից՝ սիրիական և ռուսական բանակից: Այժմ մենք ունինք զսպված, կրնամ ըսել անգամ ամրապնդված խաղաղություն: Աստված մի արասցե, որ սխալվիմ, և հանկարծ մի բան պատահի: Սիրիո արևմտյան մասերը տակավին կռմբակոծվին, բայց ես  կհավատամ,որ Սիրիո ընդհանուր խաղաղությունը հորիզոնի վրա կգտնվի»,- նշում է Գայանե Թիմպալյանը:

Հալեպը շատ բան է կորցրել, բազմաթիվ շինություններ, Սուրբ Գևորգ եկեղեցին հրթիռակոծվեց, Դեր Զորի մատուռն ու հուշարձան կոթողը փոշիացան, կործանվեցին տներ, խանութներ, գործարաններ, բայց ամենակարևորը՝ պատերազմի հեղինակներին չհաջողվեց կործանել Հալեպի բերդը, որը, ինչպես տեղի արաբների, այնպես էլ հայերի համար Հալեպի սիրտն ու ոգին էր: Իսկ եթե ոգին մնացել է, ուրեմն քաղաքը կապրի և կվերածնվի:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: