Անցում համընդհանուր ներառականության. ինչպե՞ս է այն կատարվելու

Jul 31, 2017 Comments Off on Անցում համընդհանուր ներառականության. ինչպե՞ս է այն կատարվելու

 

 

Համաձայն Կրթության մասին ՀՀ օրենքի մինչև 2025 թվականը Հայաստանն անցում է կատարում ամբողջական և համընդհանուր ներառական կրթության համակարգի: Սա նշանակում է կրթության համակարգում արմատական փոփոխություններ՝ սկսած մի շարք իրավական և նորմատիվ կարգերից վերջացրած ընկալումների փոփոխություն:

Կա թյուր տպավորություն, թե ներառական կրթությունը նախատեսված է սոսկ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար, սակայն համակարգի խորքային ընակալումը փաստում է, որ ներառականությունը շատ ավելի լայն գաղափար է, որի հիմքում ընկած է ոչ թե կոնկրետ երեխայի կամ երեխաների խմբի կրթության իրավունքի ապահովումը, այլ յուրաքանչյուր երեխայի կրթական առանձնահատկությունների վրա հիմնված կրթություն ստանալու հիմնարար իրավունքի ապահովումը: Այսինքն՝ եթե ձևակերպելու լինենք ավելի հակիրճ՝ համընդհանուր ներառականության գլխավոր առաքելությունը մեկն է. ստեղծել այնպիսի պայմաններ և միջավայր, որ որևէ երեխա կրթությունից դուրս չմնա:

Ներառական կրթության սկզբնավորումը Հայաստանում

Կրթության մատչելիությունն ու հասանելիությունը՝ որպես հասարակության զարգացման ու առաջընթացի հիմնական պահանջներ, ամրագրվել են դեռևս 1990-ականներին՝ ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ընդունված «Երեխաների իրավունքների կոնվենցիանյով» և «Կրթությունը բոլորի համար համաշխարհային հռչակագրով»։ 1994թ. աշխարհի 92 երկրների կառավարությունների ու 15 միջազգային կազմակերպությունների կողմից ստորագրվեց  «Սալամանկայի հռչակագիրը», որտեղ սահմանվեց, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթական առանձնահատկություններ, ուստի կրթական ծրագրերը պետք է մշակվեն և իրականացվեն՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները: Հայաստանը վավերացրել է թվարկված միջազգային փաստաթղթերը:

2005թ. Հայաստանում  ընդունվեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, որով պաշտոնապես դրվեցին Հայաստանում ներառական կրթության հիմքերը և քայլեր ձեռնարկվեցին  այդ ուղղությամբ: 2005-2012 թվականները պայմանականորեն կարելի է համարել ներառական կրթության իրագործման առաջին փուլը, երբ առանձին դպրոցներ, համապատասխանելով օրենքի պահանջներին, ճանաչվում էին ներառական: 2012 թվականին հանրակրթության մասին օրենքում կատարվեց փոփոխություն, որի համաձայն՝ ներառական կրթության կազմակերպումը ներառվեց Հանրակրության մասին օրենքում և սահմանվեց, որ Հայաստանն անցում է կատարում համընդհանուր ներառականության:

ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանի տեղեկացմամբ՝ առաջին փուլում ամեն տարի մոտավորապես 15 դպրոց հատուկ նախապատրաստվում և ճանաչվում էր որպես ներառական կրթություն իրականացնող: 2017 թվականի դրությամբ՝ ՀՀ-ում գործում է մոտ 250  ներառական դպրոց, որը ընդգրկում է ընդհանուր դպրոցների մոտ 15 տոկոսը:

«Անցում կատարել համընդհանուր ներառականության գաղափարին, նշանակում է հրաժարվել առանձին դպրոցներ ներառական դարձնելու գաղափարից և ամբողջ համակարգը պատրաստել ներառականության, այսինքն՝ հանրապետության բոլոր դպրոցները ճանաչել ներառական կրթություն իրականացնող: Սա շատ կարևոր քայլ է, որովհետև ներառական կրթությունը կրթության առանձին տեսակ չէ: Դա կրթության հատկանիշ է, որը ենթադրում է յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթության իրականացում: Որքան ավելի շատ է դպրոցում ստեղծված կրթական միջավայրը նպաստում յուրքանչյուր երեխայի կրթության կարիքի արձագանքմանը՝ անկախ նրանից, թե այդ կարիքն ինչպիսի առանձնահատկությունների վրա է հիմնված, այնքան տվյալ դպրոցն ավելի ներառական է: Մենք գիտակցում ենք, որ սա տևական  գործընթաց է, որին կարելի է հասնել հետևողական աշխատանքի արդյունքում. չի կարող որևէ դպրոց միանգամից ինչ-որ պահից սկսած դառնալ ներառական»,- նշում է Ռոբերտ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ այժմ համակարգը գտնվում է անցումային փուլում, և այս ժամանակահատվածում դեռևս զուգահեռաբար գործելու են ինչպես առանձին ներառական դպրոցները, այնպես էլ հատուկ դպրոցների դեռևս խորհրդային տարիներից ժառանգված համակարգը:

Անցումային փուլ. դեպի համընդհանուր ներառականություն

Հայաստանում որդեգրվել է ըստ մարզերի համընդհանուր ներառականության   անցնելու քաղաքականությունը: Մարզ առ մարզ ստեղծվում են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, որոնք պետք է աջակցեն դպրոցներին՝ երեխայի կարիքներին համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու հարցում: 2016-17 ուսումնական տարում ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթություն իրականացվել է միայն Սյունիքի մարզում: Նոր ուստարվա մեկնարկից՝ 2017թ. սեպտեմբերց համընդհանուր ներառականության անցումը կապահովվի նաև Լոռու և Տավուշի մարզերում: 2018 թվականի սեպտեմբերից ամբողջական ներառականության անցումը պլանավորված է մայրաքաղաք Երևանում և Արմավիրի մարզում:

Ըստ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանի՝ Երևանի նկատմամբ ցուցաբերվելու է հատուկ մոտեցում՝ հաշվի առնելով մայրաքաղաքի կրթական ցանցի առանձնահատկությունները. «Հանրապետության հատուկ դպրոցների մեծ մասը կենտրոնացված են Երևանում և դրանով պայմանավորված՝ հատուկ մոտեցում է ցուցաբերվելու: Համընդհանուր ներառականությանը զուգահեռ՝ որոշ հատուկ դպրոցները շարունակելու են գործել՝ ապահովելու համար որոշակի կարիքներ ունեցող երեխաների կրթությունը: Արդեն հաստատված են երեխայի կրթության կարիքների գնահատման նոր չափանիշները, որոնք այժմ փորձարկվում են: Ակնկալվում է, որ մինչև սեպտեմբեր վերամշակումները կավարտվեն: Ներդրվում է կարիքների գնահատման բազմամակարդակ համակարգ՝ թեթև, միջին, ծանր, խորը որակումներով: Ընտրությունը, թե երեխայի կրթությունը որտեղ է նախընտրելի կազմակերպել,  հատո՞ւկ, թե՞ սովորական դպրոցում, թողնվում է ծնողի հայեցողությանը: Հատուկ դպրոցներում սովերելու իրավունք կունենան միայն կրթության կարիքի գնահատման արդյունքում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները: Փաստացի՝ այդպիսի երեխայի համար պետությունն առաջարկում է հատուկ կրթություն, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթություն սովորական հանրակրթական դպրոցում»,- նշում է Ռոբերտ Ստեփանյանը:

Ստացվում է, որ վերջիվերջո ծնողն է որոշելու՝ կշարունակե՞ն գոյություն ունենալ հատուկ դպրոցները, թե՞ ոչ: Հայտնի է,  որ հատուկ դպրոցները նախկինում ունեցել են որոշակի ուղղվածություն՝ տեսողական, լսողական խնդիր ունեցողների, մտավոր որոշակի ախտորոշումներ ունեցողների և այլն: Ռ. Ստեփանյանի հավաստմամբ՝ հատուկ կրթության այդ մոդելը դեռևս պետք է ապացուցի իր գոյության կարևորությունը. «Հատուկ կրթության կարևորությունը կայանում է նրանում, որ կոնկրետ խնդիրներով երեխաների համար մշակված է առանձնահատուկ մասնագիտացված մանկավարժական մոտեցում, որն ընդհանուր է այդ նույն խնդիրներն ունեցող բոլոր երեխաների համար: Մինչդեռ եթե նույն երեխան սովորի սովորական հանրակրթական դպրոցում, առաջնորդվելու է անհատական ուսուցման պլանով, որը մշակվելու է կոնկրետ իր համար»,- պարզաբանում է վարչության պետը:

Ովքե՞ր և ինչպե՞ս են գնահատում. սոցիալական ինտեգրումը՝ գնահատման նախապայման

Համընդհանուր ներառականության անցման շրջանակում ներդրվում է երեխայի կրթության կարիքի գնահատման եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանի գանահատումը կատարվում է դպրոցում՝ դպրոցի մանկավարժական ներուժի միջոցով՝ ներգրավելով ծնողին և այլ մասնագետների: Երկրորդ աստիճանի գնահատումը կատարվում է տարածքային մանկավարժահոգեբանական ծառայության կողմից, իսկ գնահատման երրորդ աստիճանը կատարվում է հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից: «Երեխայի կարիքի գնահատման արդյունքներից ելնելով՝ կազմվում է ուսուցման անհատական պլան: Եթե երեխան ճանաչվում է կրթության առանձնահատուկ ծանր կամ խորը կարիք ունեցող երեխա, և այդ գնահատականը հավաստվում է տարածքային մանկավարժահոգեբանական ծառայության կողմից, ապա դպրոցն այդ երեխաների կրթության կազմակերպման համար ստանում է լրացուցիչ ֆինանսավորում: Այն դեպքերում, երբ առաջանում են վիճելի իրավիճակներ, առաջին երկու մակարդակներում արված գնահատման արդյունքների հետ կապված, նախատեսված է բողոքարկման մեխանիզմ. հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպվում է գնահատման երրորդ աստիճանը»,- պարզաբանում է Ռ. Ստեփանյանը՝ հավելելով, որ ծնողը պարտադիր մասնակցում է երեխայի կարիքի գնահատման և ուսուցման անհատական պլանի կազմման գործընթացներին:

Հարցը, թե արդյոք ծնողի համար դժվար չէ ինքնուրույն կատարել  երեխայի համար առավել արդյունավետ դպրոցի ընտրություն /հատու՞կ, թե՞ հանրակրթական դպրոց/,  միանշանակ պատասխան չունի: Համենայն դեպս, այս փուլում պետությունը հակված է այդ պատասխանատվությունը վերապահել ծնողին՝ նրան դիտարկելով որպես կրթության կազմակերպման կարևոր գործընկեր: «Խորհրդատվական գործառույթներ և՛ դպրոցները, և՛ մանկավարժահոգեբանական ծառայություններն ունեն, սակայն ուղղորդելու իրավասություն որևէ մեկին տրված չէ: Որևէ մեկն իարվունք չունի ծնողին ուղղորդել կամ պարտադերլ իր երեխային տանել այս կամ այն դպրոց. դա բացառապես ծնողի ընտրության իրավունքն է: Չկա պարտադիր հատուկ կրթություն հասկացություն՝ անկախ երեխայի գանատման արդյունքից և ունեցած կարիքից: Այլ հարց, որ կարող են լինել դեպքեր, երբ այս կամ այն դպրոցը չի կարողանա բավարարել կոնկերտ երեխայի կրթական կարիքը: Նման դեպքերում դպրոցը լավագույն դեպքում կարող է ներողություն խնդրել ծնողից՝ ասելով, որ ինքը լավագույնս չի կարող ապահովել երեխայի կրթությունը, սակայն նրան դպրոց չընդունելու իրավունք չունի: Տարբերակներից մեկն էլ այն  է, որ  կրթությունը կարող է կազմակերպվել տնային պայմաններում, սակայն այս տարբերակը չի խրախուսվում. վստահաբար դա լավագույն ընտրությունը չի լինի>>,- ընդգծում է Ռոբերտ Ստեփանյանը:

Մանկավարժահոգեբանական ծառայությունները համալրված են հատուկ մանկավարժներով, հոգեբաններով, սոցիալական մանկավարժներով: Նախատեսվում է, որ մեծ դպրոցները համալրվելու են նման կադրերով,  իսկ  փոքր դպրոցները կարող են գնահատման ժամանակ այս մասնագետներին հրավիրել տարածքային կենտրոններից: «Ներառական կրթության գլխավոր գաղափարներից մեկը սոցիալական ինտեգրումն է, որը, ի տարբերություն հատուկ կրթության գաղափարի / հատուկ կրթությունը կառուցված է երեխայի մտավոր և ֆիզիկական խնդիրների հաղթահարման հիման վրա/, կառուցվում է երեխայի ակտիվության, տվյալ միջավայրում նրա ինտեգրման սահմանափակումների և խոչընդոտների վերացման հիման վրա: Օրինակ՝ վերցնենք մի իրավիճակ, երբ երեխան չի կարողանում շփվել շրջապատի հետ: Հատուկ կրթության դիտանկյունից սա խնդիր կդիտվի միայն այն դեպքում, եթե երեխան ֆիզիկապես խոսել չի կարողանում /համր է/: Իսկ ներառական կրթության պարագայում դա խնդիր է, եթե անգամ երեխան չի տիրապետում միջավայրի լեզվին՝ ենթադրենք վերադարձել է ՌԴ-ից և հայերենին բավարար չափով չի տիրապետում: Նույն մոտեցումն է նաև փախստականների, միգրանտների, մեր երկրի պարագայում սիրիահայերի կրթության կազմակերպման դեպքում: Այսինքն՝ ցանկացած պարագայում, եթե երեխան ուսուցման գործընթացի հետ կապված դժվարությունների է հանդիպում հոգեբանական, լեզվական կամ այլ պատճառով, ուրեմն ներառման խնդիր ունի»,- եզրափակում է Ռոբերտ Ստեփանյանը:

Կրթությունից դուրս մնացած երեխաների ներառումը

Նկատի ունենալով, որ ժամանակին հատուկ դպրոցները հիմնականում տեղակայվել են Երևանում, մարզերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի կազմակերպումը խնդրահարույց է եղել: Ծնողների համար դժվար է եղել ապահովել երեխայի տեղափոխումը հատուկ դպրոցներ, իսկ հանրակրթական դպրոցներում այդ երեխաների համար չեն եղել պայմաններ, և նրանք գտնվել են կրթությունից դուրս մնալու մեծ ռիկի տակ: Պաշտոնական հստակ տվյալներ չկան, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների քանի տոկոսն է դուրս մնում կրթությունից: Մի քանի տարի առաջ նման հետազոտություն արվել է ՄԱԿ-ի կողմից. ըստ այդմ՝ մարզերում հաշմանդամություն ունեցող երեխաների 18 տոկոսը դպրոց չի հաճախում: Դպրոց չհաճախելու դեպքեր հայտնաբերվել են Սյունիքի մարզում, որտեղ այդ խնդիրն արդեն լուծում է ստացել, քանի որ մարզն անցում է կատարել համընդհանուր ներառականության:

Ակնկալվում է, որ համընդհանուր ներառականության անցումն արմատապես  կլուծի այս խնդիրը, և դրան մեծապես կնպաստի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համագործակցությամբ մշակվող՝ կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման, հաշվառման և կրթական համակարգ ներառման ծրագիրը, որը կգործարկվի առաջիկա սեպտեմբերից: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր տարի  վերցվում են տվյալ ուստարում առաջին դասարան հաճախելու ենթակա երեխաների ծննդյան տվյալների բազան և դրանք էլեկտրոնային եղանակով համադրվում դպրոց հրամանագրված երեխաների տվյալների հետ: Եթե որևէ երեխա հրամանագրված չէ, ահազանգ է հնչեցվում միանգամից մի քանի պետական կառույցների: Համակարգը երեխայի կրթական շարժին հետևում է ուսումնառության ողջ ընթացքում, և կրթության ընդհատման դեպքում ևս ահազանգի մեխանիզմը գործի է դրվում:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: