Այո՛, Հայաստանն օր առաջ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց ոչ թե Վոլոդինի երևակայական առաջարկի պատճառով.Անժելա Խաչատրյան

Jul 19, 2017 Comments Off on Այո՛, Հայաստանն օր առաջ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց ոչ թե Վոլոդինի երևակայական առաջարկի պատճառով.Անժելա Խաչատրյան

«Բնականաբար անընդունելի և անգամ զավեշտալի է Վոլոդինի՝ վարորդական իրավունքի ճանաչման դիմաց ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկը, քանզի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածում հստակ գրված է, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, իսկ այդ հոդվածն էլ, ի գիտություն, կարող է փոփոխվել միմիայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն դրա մասին խոսելը նույնն է, ինչ խոսենք Անտարկտիդայում երաշտ լինելու մասին»,- Հայելիի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկին, նշեց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, հավելով, որ աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքը ֆիքսված է ԵԱՏՄ պայմանագրում և դա գերակա էՌԴ պետդումայիկողմից ընդունված ցանկացած որոշման հանդեպ։

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս խնդիրը կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանը սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, Խաչատրյանն ասաց․ «Իհարկե, ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի խնդիրը ևս կարևոր է, սակայն սա թերևս ամենափոքր դեպքն է, որ Ռուսաստանը ոտնահարում է ՀՀ քաղաքացիների շահերը, և անհասկանալի է այն փոթորիկը, որը սկսվել է այս խնդրի շուրջ, քանզի, ինչպես նշեցի, սա հեշտ կարգավորվող, և ներքին օղակների չինովնիկների մակարդակով լուծվող խնդիր է։ Այն դեպքում, երբ թե՛ Ռուսաստանը, և թե՛ մեզ դեպի հետադիմություն տանող ԵԱՏՄ ակումբնու դրա անդամ պետությունները բազմիցս և կոպտորեն ոտնահարել են ՀՀ պետական շահը։ Այո՛, Հայաստանն օր առաջ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց ոչ թե Վոլոդինի երևակայական առաջարկի պատճառով, այլ այն պատճառով, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ն բացի տնտեսական և քաղաքական կորուստներից, որևէ օգուտներ չի ստացել, այն պատճառով, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո օտարերկրյա ներդրումների ծավալները ՀՀ-ում շեշտակի նվազել են, համաշխարհային սանդղակում ՀՀ-ն ՀՆԱ-ի ցուցանիշներով 79-րդ հորիզոնականից հայտնվել է 125-րդ հորիզոնականում։ Եւ վերջապես, այն պատճառով, որ անվտանգության ապահովման խնդիր ունեցող Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, երրորդ երկրներից զենք ձեռք բերելու դեպքում պարտավոր է 18 տոկոս հավելյալ վճարում անել միութենական բյուջե։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հստակ երևաց տնտեսական հորջորջվող այդ միության իրական դեմքը, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները Ադրբեջանին չնեղացնելու համար հրաժարվեցին գալ Երևան նախատեսված նիստին մասնակցելու համար»։

Անժելա Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ դեռևս մեկ տարի առաջ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ԱԺ է ներկայացրել ԵԱՏՄ-ին Հայսատանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագիծը․ «ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացն սկսվել է դեռևս մեկ տարի առաջ, և Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դա նախաձեռնել է՝ իր ունեցած լծակներով։ Նախագիծն այսօր էլ ԱԺ մեծ օրակարգում  է և ես պաշտոնապես դիմում եմ ԱԺ մեր գործընկերներին՝ լինի իշխանության, թե ընդդիմության ներրկայացուցիչ, որ եթե իրավամբ կա ցանկություն, ապա կարող են Խաչատուր Քոքոբելյանի նախագիծը շարունակել»։

Լանա Մկրտչյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: