Սերժ Սարգսյանը որոշել է, թե ով կլինի վարչապետ

Jul 19, 2017 Չի մեկնաբանվել

Սերժ Սարգսյանը նախօրեին Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցը դարձել է քաղաքական-հանրային քննարկումների թոփ թեման։ Ու չնայած հարցազրույցի գերակշիռ հատվածն ընդգրկում է արտաքին հարաբերությունները, որոնց մասին խոսելիս Սերժ Սարգսյանը թերեւս վերջակետ է դնում հակառուսական տրամադրություններին՝ ընդգծելով, որ ռազմավարական դաշնակցի փոփոխությունը վտանգավոր է, ինչպես նաեւ ծավալուն անդրադարձ կատարում ղարաբաղյան հիմնախնդրին՝ արձանագրելով, որ եթե 20 տարի էլ հարցը չկարգավորվի, ապա կարելի է մոռանալ փոզիջումային լուծումը եւ կթեւակոխենք վտանգավոր շրջան։

Այդուհանդերձ ամենահետաքրքրականը ներքին խնդիրներին անդրադարձն է եւ մասնավորապես ներիշխանական վերադասավորումների, 2018-ից հետո վարչապետի լինել-չլինելու հարցը։ Կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանը չնայած խնդրի ակտուալության՝ վարպետորեն շրջանցել է հարցը, 2018 թվականի վարչապետի վերաբերյալ հարցին, փաստացի կրկնել է նախկինում արված հայտարարությունները: Սերժ Սարգսյանն ասել է, որ երբեք չի պլանավորել, թե որտեղ է լինելու հաջորդ պահին: Միեւնույն ժամանակ նա ասել է, թե ի՞նչ կարեւոր է վարչապետի ով լինելը, եթե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այլեւս անձը չէ որոշող, այլ խորհրդարանում իշխող մեծամասնությունը։ Տվյալ պարագայում կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ կարող է չլինել վարչապետ, սակայն այդ դեպքում նա կարող էր կարճ-կոնկրետ փակել հարցը՝ տեղի չտալով գուշակությունների, առավել եւս քննադատությունների, որոնք հնչում են իր ենթադրյալ ցանկությունների մասին։ Եւ ուրեմն կարող ենք հակառակ պնդումներ անել, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապեռ, եւ այս գլխից փափուկ բարձ է դնում հանրության գլխի տակ՝ հավաստիացնելով, որ ամենեւին էլ անձը կարեւոր չէ։ Իսկ ում համար պարզ չէ, որ Հայաստանում ցանկացած մոդել, ցանկացած համակարգ ձեւավորվում է անհատի «հագով»։

Սահմանասրական բարեփոխումների ժամանակ էլ հիմնավոր պնդումներ կային, որ Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությունը գրում է իր համար, որպեսզի վարչապետի պաշտոնում «հավերժացնի» իր իշխանությունը։ Այնպես որ իշխանության, առավել եւս Սերժ Սարգսյանի խոսքին հավատալն ամենամեծ մանկամտությունը կլինի։ Ուշագրավ անդրադարձ է եղել նաեւ տնտեսական խնդիրներին։Անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:

Սերժ Սարգսյանը, ինչպես տեսնում ենք, ի հեճուկս ներիշխանական լարմանը, պահել է թիմի միասնականությունը, չի փնովել Կարեն Կարապետյանին, որին չի հաջողվում ներդրումների խոստացած հոսքն ապահովել։Իսկ ամենաաբսուրդը ընտրությունները դրական լույսի ներքո ներկայացնելն է․«Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է», ասել է նա։ Եթե ռեյտինգային կոչվող խայտառակ ընտրակարգի ներդրումը Սերժ Սարգսյանը համարում է կարեւոր առաջընթաց, ապա մնացյալի մասին խոսելն ավելորդ է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանը որոշել է, թե ով կլինի վարչապետ”

Մեկնաբանել