Սերժ Սարգսանի խոշոր ներումը. ռևանշի հնարավորություն կստանան բոլորը

Jul 17, 2017 Comments Off on Սերժ Սարգսանի խոշոր ներումը. ռևանշի հնարավորություն կստանան բոլորը

 

 

 

Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին Եղվարդում ներկա է եղել Սուրբ Սարգիս նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցին կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական  կայքը: Լուսանկաներից երևում է, որ նորաբաց եկեղեցում Սերժ Սարգսյանին ուղեկցել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հենց նրա  կողմից էլ կառուցվել է Եղվարդի եկեղեցին, որի օծման արարողությունը կատարում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Գագիկ Խաչատրյանի հայտնությունը հայկական եկեղեցաշինության պատմության մեջ միանգամայն տեղավորվում է հայկական օլիգարխիայի բարերարության կանոնների մեջ: Եկեղեցին մեղքերի սրբագրման լավագույն միջոցն է, այս ճանապարհով են գնացել համարյա բոլոր հայտնի օլիգարխները. Ինչո՞ւ պիտի նրանցից ետ մնար Խաչատրյանը:

Խաչատրյանի անունը հայկական իրականության մեջ ասոցացվում է կոռուպցիայի, պետական թալանի, պետական միջոցները սեփական կապիտալի վերածելու և այս շարքի մնացած բնորոշիչների հետ: ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են Գագիկ Խաչատրյանի ահռելի ունեցվածքին, բազմիցս գրվել է, որ երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ՝ նա հասցրել է կուտակել ահռելի կապիտալ, որն ահնահամատեղելի է պետական պաշտոնյայի վարձատրությանն ու գործունեությանը:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ նրան են պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը: Եղվարդում նա ունի նաև ջերմոցներ: Մինչև Երևան տեղափոխվելը Գագիկ Խաչատրյանը Եղվարդում է ապրել: Թերևս սա է պատճառը, որ նա բիզնեսներ ունի նաև այդ քաղաքում: Ծաղկաձոր քաղաքում գտնվող մի դղյակ նույնպես կապում են Խաչատրյանի անվան հետ: Այդ դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ. առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար:

Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը: Նրան է պատկանում հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ էլ 200 միլիոն եվրո գումարով ձեռք է բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող շոկոլադի գործարանը: Հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանում առավել հայտնի «Մոցարտ» շոկոլադների շարքը: Գ. Խաչատրյանը շուրջ 15 տարի Հայաստանում շոկոլադի խոշորագույն ներկրողներից մեկն է: Նա Հայաստան է ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք, ու տեղական արտադրողները հաճախ էին բարձրաձայնում նրա դրսևորած անբարեխիղճ մրցակցության մասին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ մինչև վերջերս Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը: Բացի այդ՝ նրա որդիները շքեղ առանձնատներ ունեն նաև ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, որը, ըստ ԶԼՄ-ների, վաճառքի էր հանվել մոտ 19 մլն դոլարով:

Ապշել կարելի է, թե 35 տոկոս աղքատություն ունեցող երկրում պետական պաշտոնյան ինչպես կարող էր այսպիսի խոշոր կապիտալիստ դառնալ: Նրան է վերագրվում նաև Դիլիջանում կառուցված ՊԵԿ ուսումնական կենտրոնի կոռուպցիոն սկանդալը. այս կառույցի վրա պետության սուղ բյուջեից ծախսվել էր մոտ 30 մլն դոլար: Մամուլը հայտնաբերել էր, թե ինչպիսի ճոխ ծախսեր էր արվել, ինչ գույք ու սպասք էր նախատեսված այս կենտրոնի համար: Ի վերջո այս կենտրոնը հանձնվեց ՀՀ ՊՆ-ին. այն այժմ ծառայում է որպես Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարան:

Գագիկ խաչատրյանը պաշտոնակ արվեց մոտ մի տարի առաջ՝  Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու ժամանակ: Կյանքը սակայն ցույց  է տալիս, որ Սերժ Սարգսյանը, որպես կանոն, որևէ մեկից վերջնականապես երես չի թեքում: Նրա մոտ բոլորը կարող են  ստանալ ռևանշի և ներման հնարավորություն:  Օրերս մամուլում հրապարակում էր եղել, որ Գագիկ Խաչատրյանը 2018 թվականին կրկին վերադառնալու է պետական բարձր պաշտոնի: Հավանական է համարվում, որ նա կնշանակվի փոխվարչապետ: Եկեղեցու օծումը նրա վերադարձի առաջին կարևոր քայլն էր: Ակնհայտ է, որ 2018-ից առաջ Սերժ Սարգյանը բոլորին իր կողքը պահելու և յուրաքանչյուրին իր տեղում վերահսկելու խնդիրը լուծում է յուրովի, որպեսզի հանկարծ որևէ մեկը տեսադաշտից դուրս չմնա: Հաջորդը հավանաբար կլինի Հովիկ Աբրահամյանը:

 

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: