Կարեն Կարապետյանը ստիպված կլինի հայտարարել, որ ինքն այլևս ակտուալ չէ

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին:
Զեկույցը համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը և Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները:
Համաժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը նորարարական ելույթ է ունեցել 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ռոբոտների դերակատարման մեծացման ու դրանով պայմանավորված՝ աշխատաշուկայում գործազրկության մեծացման մասին.
«Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ և ձևակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, և մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու և առավել ևս դրա դրական արդյունքներից և հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։ Ակնհայտ է, որ զարգացման հետևանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, և տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաև այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն։
Մենք ունենալու ենք նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, և կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաև ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր և բազմացրո՛ւ,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Նա ներկայացրել է 9 կետանոց տեսլական՝ տեխնոլոգիական հեղափոխությանը դիմագրավելու համատեքստում և եզրափակել իր խոսքը՝ «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք»,- հորդորով:
Երբ Կարեն Կարապետյանը նոր էր դարձել վարչապետ, այսօրիանկ մոդեռն ոճի ելույթները հաճելի էր լսել, թվում էր մենք տեխնոլոգիական թռիչքի ենք պատրաստվում, մի տեսակ վերելքի սպասում կար: Բայց հեիմա, երբ երկրում ոչ մարդ է մնում, ոչ էլ անգամ ռոբոտ, երբ արտագաղթի ավելացող տեմպերին զուգահեռ ավելանում է նաև գործազրկությունը /պաշտոնական տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության աճ է արձանագրվել/ այս կարգի ելույթները հետաքրքիր չեն անգամ լսելու համար:
Ի՞նչ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, ի՞նչ տեխնոլոգիաների մուտք. որտե՞ղ են դրանք, որտե՞ղ են խոստացված մի 3-4 մլրդ դոլարի ներդրումները, որոնցից 850 մլն-ը պետք է արվեր այս տարի, որտե՞ղ են այդ ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերը: Այս ամենի մասին մենք ընդամենը լսել ենք, բայց չենք տեսել:
Պետական ապարատի կրճատումներն այս պահի միակ տեսանելի քայլերն են,որ կատարել է Կարեն Կարապետյանը, դրա հետևանքով ավելացել է գործազուրկների թիվը, այլ տեսանելի փոփոխություն աշխատաշուկայում առայժմ չկա:
Մի՞թե Կարեն Կարապետյանը չի հասկանում,իր սուպերմոդեռն ելույթներն արդեն ակտուալ չեն և վաղուց այլևս որևէ մեկին հետաքրքիր էլ չեն: Մարդկանց հետաքրքիր են կոնկրետ գործեր, կոնկրետ աշխատատեղեր. եթե դրաքն չեղան, շատ մոտ ապագայում Կարեն Կարապետյանը ստիպված կլինի հայտարարել, որ ինքն այլևս ակտուալ չէ:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կարեն Կարապետյանը ստիպված կլինի հայտարարել, որ ինքն այլևս ակտուալ չէ”

Մեկնաբանել