Տղայականը չանցավ

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Մոտ մեկ ամիս առաջ ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին մի քննարկման ժամանակ, որին մասնակցում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն, ասել էր. ««ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»: Սվիտալսկին քննադատաբար էր խոսել նաեւ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: Այս հայտարարությանը հաջորդեց իշխանության տարբեր ներկայացուցիչների հակադարձումները, որոնցից մեկը Դավիթ Հարությունյանն էր:«Ես կարծում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե՝ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, եւ որոշում է Ազգային ժողովը: Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես ծանոթ չեմ, ես կարծում եմ՝ դա որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելուն, ինչը համարում եմ անթույլատրելի: Անկախ նրանից՝ դա արվում է բարի, թե՝ այլ նպատակով»,-  լրագրողների հետ զրույցում ասել էր Դավիթ Հարությունյանը: Եւ ահա, նույն Դավիթ Հարությունյանը այսօր հանձ էր առել Սվիտալսկու հետ մասնակցելու մի միջոցառման, որը անցկացվում էր Երեւանի «Էրեբունի» բիզնես կենտրոնում: Միջոցառումն այդ վերնագրված էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն»: Սակայն, պարզվում է՝ Դավիթ Հարությունյանը ոչ թե վերանայել է իր մոտեցումներ ԵՄ դեսպանի նկատմամբ ,այլ այդ միջոցառմանը մասնակցել է զուտ այն պատճառով, որ վարչապետ Կարեն Կարապետյանն է հանձնարարել: Ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ  նախարար Դավիթ Հարությունյանը բացման խոսքում հատուկ շեշտել է, որ  վարչապետի հանձնարարությամբ է մասնակցում այս միջոցառմանը. «Ես այստեղ ներկա եմ վարչապետի հանձնարարությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցողական երկխոսության հանձնարարության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք երկխոսության մասին, մյուս կողմը՝ կառավարությունը, պետք է իր դիրքորոշումը հայտնի, ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես եւ անկեղծ համագործակցելու»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ կրկնելով, որ միջոցառման մասնակիցներին է փոխանցում այս խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի անունից:

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունից հետո Դավիթ Հարությունյանն ու Պյոտոր Սվիտալսկին ձեռքսեղմումով վեր կացան իրենց տեղերից եւ փորձեցին դուրս գալ միջոցառման սրահից: Լրագրողների ներկայությամբ նրանք ժպիտով որոշ մտքեր փոխանակեցին, իսկ հարցերի Դավիթ Հարությունյանը չցանկացավ պատասխանել: Պյոտոր Սվիտալսկին նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ինքը չունի:Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ փոխադարձ քննադատություններից հետո իշխանությունները, այնուամենայնիվ, հասկացել են, որ Եվրոպական միության ներկայացուցիչների կոշտ ու կոպիտ լեզուն չի անցնում:Թերեւս մեր քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները հասկացան, որ եվրոպական գործընկերությունը համապետական ընտրություններ չեն, որտեղ որոշիչը վարչական ռեսուրսն ու ադմինիստրատիվ լծակներն են, երբ  կարելի է դիմացինի վրա հոխորտալ իբրեւ քաղաքական հակառակորդի եւ գծել խաղի կանոնները: Սա քաղաքակիրթ մակարդակ է, որտեղ համարժեք վերաբերմունք է պահանջվում, մինչդեռ քաղաքական դիվանագիտությունի եւ առհասարակ դիվանագիտությունից զուրկ իշխանությունը առաջնորդվում է տղայական հոգեբանությամբ, Սվիտալսկին կպել է մեր թասիբին, ոնց պատասխան չտայինք: Իսկ քանի որ Հայաստանը-ԵՄ փխրուն համագործակցությունը եւ դրանից օգուտները մի շարք հանգամանքներով վտանգված են, Դավիթ Հարությունյանին այլ բան չէր մնում, քան խելոք ներկայանալ Սվիտալսկու հետ հանդիպման, որի արարքներն ու հայտարարություններն իր համար անթույլատրելի են: Մյուս կողմից՝ անհասկանալի է ԵՄ-ի եւ նրա ներկայացուցչի ուշացած գնահատականները: Վերջապես, ինչու ապրիլին կայացած ընտրությունների մասին խոսել , քննադատել հունիսին, երբ հաստատվել է իշխանության լեգիտիմությունը, իսկ նման իշխանությունը կարող է ցանկացած սանձարձակ հայտարարության գնալ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Տղայականը չանցավ”

Մեկնաբանել