Սերժ Սարգսյանը փակեց 80-ականների զենքի թեման և բարձրացրեց Իսկանդերի հարցը

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

 

 

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում քննարկվող «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի մասին, անդրադարձել է նաև բանակի սպառազինության համալրման խնդրին:

Տավուշում «Ռ Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցից նախագահն անդրադարձել է 80-ականների զենքի խնդրին: Այս մասին, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

Հաղորդման ամբողջական տարբերակը դեռ հրապարաված չէ, սակայն թողարկված հատվածում նա ասել է, որ հայկական բանակը համալրվում է արդիական սպառազինությամբ, որը լիովին թույլ է տալիս լուծել բանակի առաջ դրված ռազմական խնդիրները: Այդ շրջանակում Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձ է կատարել է հակահրթիռային Իսկանդեր կայաններին. «Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

80-ականների զենքի թեմայից սահուն անցումը Իսկանդերի կործանարար ուժին, այն էլ սահմանամերձ Տավուշից, անշուշտ պատահական չէ, հատկապես որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ռիա Նովոստի-ի հետ զրույցում ծավալուն տեղեկատվություն էր ներկայացրել իր երկրի սպառազինության մասին: Հասանովն ասել էր, որ Ադրբեջանին շուրջ 5 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն մատակարարելու պայմանագիրն արդեն 90 տոկոսով իրականացվել է, և ընդգծել, թե «նաև այդ զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել անցած տարվա ապրիլյան պատերազմում»: «Տարիներ առաջ Մոսկվան պարտավորվել էր Ադրբեջան ուղարկել 100 տանկ Т-90, 100 БМП-3, САУ 2С19М1 “Мста-С”, РСЗО “Смерч” և այլն: Այդ զենքերը վաղուց Ադրբեջանում են և բարեհաջող կիրառվում են»,- նշել է ադրբեջանցի նախարարը: Նա նաև հայտնել է, թե Բաքուն հակահրթիռային զենք ունի, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված ռուսական «Իսկանդեր»-ը». «Ես՝ որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ մենք ունենք հակազդեցության համակարգ, մենք կարող ենք կործանել այդ հրթիռները: Մենք նույնպես ունենք հրթիռներ՝ 50 անգամ ավելի շատ: Ես ամբողջական պատասխանատվություն եմ կրում իմ ասած խոսքերի համար»: Հասանովը նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է և ուզում է Ռուսաստանից զենքերի նոր խմբաքանակ ձեռք բերել:

Սերժ Սարգսյանի պատասխանը  հատկանշական է և ակնարկի թիրախը Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարն է, ով ըստ էության չի հասկանում կամ ձևացնում է,թե չի հասկացել Իսկանդերի նշանակությունը: Ամեն դեեպքում Հասանովն իր խոսքում խոսել է ավելի հզոր հրթիռային համակարգի մասին, սակայն չի ասել, թե Ադրբեջանը նույնպես Իսկանդեր ունի: Թե այդ ինչ նոր հակազդող համակարգ է, որն ավելի հզոր է քան ռուսական ամենազոր Իսկանդերը՝ դժվար է ասել: Եթե դա ռուսական զենք է, կնշանակի այն դեռևս գաղտնի է պահվում: Հասանովը սակայն ասել է, որ իրենք, բացի ռուսականից, ունեն նաև այլ սպառազինություններ: Բայց եթե կա ռուսական Իսկանդերին հակազդող համակարգ, ապա դա առնվազն պետք է հետաքրքրեր ռուսական կողմին և վերջապես չգովազդվեր: Ինչևէ, Հասանովն, իհարկե, շատ բան կարող էր ասել: Բայց Իսկանդերը մնում է Իսկանդեր, և այս մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանը ըստ էության փակել է 80-ականների զենքի թեման: Ներկայումս հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը չի նվազում, ավելին՝ ռազմական գործողությունների սկսումը ևս չի բացառվում: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի հիշատակումը Իսկանդերի մասին նշանակում է, որ այս անգամվա հակահարվածը այլևս 80-ականների զենքով չի լինելու. դա լինելու է եթե ոչ Իսկանդերով, ապա առնվազն Իսկանդերի նման հուժկու:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանը փակեց 80-ականների զենքի թեման և բարձրացրեց Իսկանդերի հարցը”

Մեկնաբանել