Ով է ում ընդդիմությունը

Jul 07, 2017 1 Comment

Ազգային ժողովում ընդդիմություն հռչակված Ծառուկյան դաշինքը հերթական փորձությունը ձախողեց եւ մեկ անգամ եւս կասկածի տակ դրեց  ընդդիմադիր կարգավիճակը։ ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Մինչ այդ ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը: «Կարծում եմ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհդարանական մեծամասնության քվեարկության դեպքում այն չի անցնի: Առաջարկում ենք չմասնակցել քվեարկությանը, որպեսզի դեմը հաստատվի նաեւ դե յուրե»,- ասաց Փաշինյանը:

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերը բացակա էին, շատերը գործուղումների էին։ Վարման կարգով խոսեց նաեւ Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա հայտարարեց, որ խմբակցությունում հարցը քննարկել են, եւ 2016 թվականին տեղի ունեցածն արդեն իսկ իրականություն է: «Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք դեմ ենք եւ չքվեարկելու հիմք չենք տեսնում»,- հայտարարեց Էնֆիաջյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գործուղման է, սակայն գրավոր տեղեկացրել է, որ կողմ է կատարման հաշվետվությանը: Արդյունքում կողմ քվեարկեց 52 պատգամավոր, դեմ էր 22-ը, իսկ եւս մեկ պատգամավոր ձեռնպահ մնաց:

Ի դեպ, քվեարկությունից հետո արդարանում էին ոչ միայն Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները, այլեւ նրանց աջակցում էին ՀՀԿ-ական պատգամավորները։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության 2016թ. բյուջեի կատարողականի հաստատումից հետո լրագրողներին վստահեցրեց, որ, անկախ «Ծառուկյան» դաշինքի քվեարկությունից, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների ձայները բավարար էին բյուջեի կատարողականը հաստատելու համար: «Մեր պատգամավորների թիվը բավարար էր, առավել ևս` մեկ ձայնով էլ ավելի էր»,- ասաց նա:

Չգիտես ինչ հաշվարկով՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 54 ձայն ապահովել են, և բացատրեց, որ 53 կողմ է գրանցվել, իսկ ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի «կողմ» քվեարկությունը չի արձանագրվել տեխնիկական պատճառներով, քանի որ կոճակը չի աշխատել, բայց դահլիճում հայտարարվել է, որ նա ներկա է և կողմ է քվեարկել: Բացի դրանից՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ գործուղման էր և գրավոր հայտնել էր, որ կողմ է քվեարկելու: «Ուստի ընդդիմադիրների մտահոգությունը, որ եթե «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր, բյուջեի կատարողականը չէր անցնի, իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա և ընդգծեց, որ որևէ մեկը ուրիշի փոխարեն չի քվեարկել:

Սակայն ԱԺ պաշտոնական կայքում ցուցանիշներն այլ են, որի մասին վերեւում նշել ենք։ Դե ինչ ստացվում է, որ Ծառուկյան դաշինքը հերթական անգամ ապացուցեց իր կեղծ ընդդիմադիր կարգավիճակը, իսկ Ելք-ն էլ առիթը բաց չթողեց դիվիդենտներ շահելու, հատկապես որ իրենց հասցեին էլ իշխանության հետ համագործակցելու մեղադրանքների պակաս չի զգացվում։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ով է ում ընդդիմությունը” հրապարակմանը

  1. Կարեն says:

    Ծառուկյան դաշինքը կեղծ ընդդիմություն չէ, ձեր գլուխներին երևի հասւո չի, որ մենակ քվերակություններով չի որոշվում կուսկացության քաղաքական գիծը, կամ միայն Նիկոլի առաջաչրկները ընդունելով: