Հեղինե Բիշարյանը դեմագոգիա արեց

Սեպ 07, 2012 Չի մեկնաբանվել

Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանի հետ:

Տիկին Բիշարյան, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց կուսակցական շինարարության նոր փուլի մասին, սառեցվեցին ՕԵԿ-ի նախկին բոլոր անդամատոմսերը: Նախանշված բոլոր ժամկետներն արդեն ավարտվել են, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:

<Օրինաց երկիր> կուսակցության վերակազմակերպումը ավարտվել է դեռևս հունիսի վերջին և ես հուլիսի սկզբին մի քանի անգամ ասուլիս եմ տվել, տարբեր հարցազրույցներում ասել եմ այդ մասին: Ողջ հանրապետությունով մեկ այդ գործընթացը տեղի է ունեցել, մեր կուսակցության բոլոր տարածքային կառույցները արդեն վերակազմակերպվել են: Այս շաբաթ մենք նաև հրավիրել ենք առաջին քաղխորհրդի նիստը և բոլորին տեղեկացրել ենք, որ արձակուրդներն ավարտվել են և կուսակցության համար սկսվում է ակտիվ աշխատանքային շրջան:

Տիկին Բիշարյան, եթե գաղտնիք չէ, վերակազմակերպումից հետո ՕԵԿ-ը քանի՞ անդամ ունի:

Ես կարծում եմ, որ ՕԵԿ-ի անդամների թիվը հրապարակման կարիք չունի:

Բայց ինչո՞ւ չունի: Գոնե մոտավոր թիվ ասեք՝ նախկին թվի քանի տոկոսն է այժմ մնացել ՕԵԿ շարքերում:

Հիմա ընտրություններ չկան և բոլորովին կարիք չկա հայտարարել, թե կուսակցությունը քանի անդամ ունի:

Ասում են՝ նախկին ՕԵԿ-ականների ընդամենը 10 տոկոսն է ցանկություն հայտնել մնալ ՕԵԿ-ում, մյուսները հրաժարվել և դուրս են եկել:

Ձեր ասածը ընդամենը ծիծաղելի է:

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՕԵԿ-ը ո՞ւմ է սատարելու, ի դեպ Դուք այդ հարցի հետ կապված պաշտոնական հայտարարություն կարծս թե չեք արել:

Ո՛չ, սխալվում եք, պաշտոնական հայտարարություն արել ենք և ասել ենք, որ որևէ մեկին նախապատվություն չենք տալիս: Գյումրիում ՕԵԿ  համակիրների համար մենք դաշտը ազատ ենք թողնում, ով ում ուզում է, թող քվեարկի:

Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այն իրողությունը, որ Ձեր նախկին կուսակից Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանում է ՕԵԿ-ի գլխավոր գործընկեր ՀՀԿ-ն, ավելին՝ նրա թեկնածությունը անձամբ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանն է առաջարկել:

Շատ էլ լավ է արել, դա իրենց խնդիրն է, ում ուզում են թող առաջարկեն ու առաջադրեն: Մենք հարգում ենք երկրի նախագահի տեսակետը, բայց կրկնում եմ, բոլոր երեք թեկնածուներից մենք որևէ մեկին նախապատվություն չենք տալիս:

 Չե՞ք կարողանում ներել Սամվել Բալասանյանին, քանի որ նա լքել է ՕԵԿ-ը, հակառակ պարագայում, եթե հարգում եք երկրի նախագահի տեսակետը, ուրեմն նաև պիտի պաշտպանեիք նրա առաջարկած թեկնածուին:

Բայց ինչո՞ւ պիտի պաշտպանենք, դա ի՞նչ կապ ունի: Ես ի՞նչ իրավունք ունեմ երկրի նախագահի տեսակետը քննարկելու:

Տիկին Բիշարյան, Դուք ԱԺ պատգամավոր եք, ժողովրդի քվե եք ստացել, երկրի նախագահի տեսակետը քննարկելու իրավունք ինչո՞ւ չունեք: Կարծում եմ՝ նման իրավունք լիովին ունեք:

Ո՛չ, Դուք ինձ սխալ եք հասկանում, ես այլ բան էի ուզում ասել, Դուք նույն հարցը մի քանի անգամ եք տալիս… Այո՛, մենք հարգում ենք երկրի նախագահի տեսակետը, նա բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների նախագահն է, ինչպես ինքը ասաց՝ անկախ քաղաքական հայացքներից: Դրանք այստեղ առաջնային չեն: Բայց մենք նրա առաջարկած  թեկնածուին չենք պաշտպանում:

Խորհրդարանական ընտրություններից հետո մինչ օրս չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ որոշ ՕԵԿ-ական գործիչներ փոխնախարարների և փոխմարզպետերի պորտֆելներ են ստանալու…

Որտե՞ղ է եղել նման խոսակցություն, ո՞վ է ասել, ես երբեք չեմ լսել:

Այդ մասին բազմիցս գրվել է մամուլում, էլեկտորոնային կայքերում, ի դեպ ՕԵԿ-ի կողմից այդ լուրերը երբեք չեն հերքվել:

Ես ոչ մի տեղ այդպիսի լուր չեմ կարդացել:

Անգամ չեք էլ լսե՞լ:

Չեմ կարդացել, չեմ լսել, տեղյակ չեմ, չգիտեմ:

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

  

 

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Հեղինե Բիշարյանը դեմագոգիա արեց”

Մեկնաբանել