«Ոսկե ծիրան»-ի ընթացքում կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ և համերգներ

Jul 07, 2017 Comments Off on «Ոսկե ծիրան»-ի ընթացքում կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ և համերգներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել են 14-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումներն ու հետագա ծրագրերը: Այս տարի նույնպես «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայանա մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրով:

Կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքում կինոփառատոնի նշանակությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի ևս կլինի երևանցիների, զբոսաշրջիկների, կինոսիրող հասարակության ուշադրության կենտրոնում: Փոխքաղաքապետը հանգամանորեն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող ու փառատոնի բաղկացուցիչ մասը հանդիսացող բացօթյա միջոցառումներին: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ընդլայնվել է բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը: Եթե մինչ այժմ դրանք տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում:

«Կարապի լիճն այս տարի կառանձնանա համր ֆիլմերի ցուցադրումով, ինչը պայմանավորված է վերջին շրջանում տվյալ ֆիլմերի նկատմամբ ցուցաբերվող հանրային հետաքրքրությամբ, ինչպես նաև Ազատության հրապարակում նախատեսված կինոցուցադրումներին չխանգարելու հանգամանքով: Նշեմ նաև, որ կլինեն բազմաժանր և բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններ և, կարծում եմ, մեր հանդիսատեսը, կինոսիրողը հնարավորություն կունենա դիտելու իր ճաշակին համապատասխան ֆիլմեր», – նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ ի թիվս փառատոնի մրցութային ֆիլմերի՝ նախատեսվում է նաև հայ անվանի կիոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերի ցուցադրություն:

Բացօթյա կինոդիտումներից բացի, նախատեսված են նաև բացօթյա համերգներ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ժամը 21:00-23:00-ն հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև՝ ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով:

«Ոսկե ծիրան» կիոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն իր հերթին նշել է, որ փառատոնն այս ընթացքում մեծ հաջողությունների է հասել, այդ թվում նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների շնորհիվ, ովքեր մշտապես եղել են փառատոնի կազմակերպիչների կողքին ու իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել:

«Օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին ու անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով մշտապես մեր կողքին է և աջակցում է կինոփառատոնը պատշաճ մակարդակով անցկացնելու հարցում», – նշել է Հարություն Խաչատրյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: