Ես որ չլինեմ, բա ո՞վ լինի

Jul 07, 2017 Comments Off on Ես որ չլինեմ, բա ո՞վ լինի
Լեռնային Ղարաբաղում այս տարվա սկզբին ընդունված նոր Սահմանադրությամբ փոխվում է երկրի կառավարման համակարգը, անցում է կատարվում ուժեղ նախագահական ինստիտուտի, վերացվում է վարչապետի պաշտոնը: Հուլիսին լրանում է ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը, խորհրդարանական երեք իշխանական ուժեր կրկին նրա թեկնածությունն են առաջադրել նախագահի պաշտոնում, որը նոր Սահմանադրության անցումային դրույթների համաձայն պետք է ընտրի Ազգային ժողովը, երեք տարի հետո նոր կլինեն ուղիղ ընտրություն եւ ժողովուրդը կընտրի երկրի ղեկավարին: Փորձագետները այս առիթով հասցրել են կարծիք հայտնել, որ նման կերպ հարվածի տակ է դրվում ԼՂ ժողովրդավարության հարց: Այս թեմայով զրուցեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:
-Պարոն Շիրինյան, Բակո Սահակյանին հնարավորություն է տրվում շարունակել երկրի կառավարումը, Ղարաբաղում կատարվող գործընթացներին ձեր գնահատականը կուզենք լսել:
-Եկեք անձը մի կողքի դնենք եւ արձանագրենք, որ հայկական կողմը գնում է միջնադար, ամեն ֆոկուսով ուզում են ընտրվել: Եթե Սահմանադրությամբ նախատեսված է երկու ժամկետ, էլ ի՞նչն է քննարկվում, ինչ նոր վարչաձեւ: Հիմա մենք որպես ժողովուրդ ձգտում ենք մոտենալ քաղաքակիրթ Եվրոպային եւ ԱՄՆ-ին, մշակութային հարստությամբ մենք բոլոր նախադրյալներն ունենք: Բայց դուք կպատկերացնեք նման վիճակ Ֆրանսիայում, կամ եվրոպական այլ երկրում: Սա ոչ մի առաջընթաց չունի:
-Բացի առաջընթացը, վտանգավոր չէ նման մոտեցումը հակամարտող երկրի ներքին կյանքում, որը փաստացի խարխլում է ժողովրդավարության հիմքերը:
-Իհարկե, չի կարելի, մենք պետք է որդեգրենք մի քաղաքականություն, որը մեզ ուժ եւ դիվիդենտներ կբերի իմիջի իմաստով: Առանց այդ էլ մենք տարիներով ռուսական ճահճի մեջ խրված ենք դարերով: Բայց մեզ մոտ գավառական մտածողություն կա, չեմ ուզում անձնավորել, բայց բոլորը մտածում են՝ ես որ չլինեմ, բա ով լինի: Այնինչ պետք է կազմակերպել արդար ե լեգիտիմ ընտրություն, ով ուզում է թող լինի:
-Իսկ քողարկված նպատակներ կան, որոնց համար Բակո Սահակյանը պետք է շարունակի իշխել:
-Մի թիմ է այստեղ եւ անտեղ: Քլինթոնն էլ կարող էր մնալ, մանավանդ 2-3 մլն ավել ձայն է ստացել, կարող էին մի մուտիլովկա անել եւ ինքը մնար, բայց ԱՄՆ-ն ունի Սահմանադրություն, իսկ այստեղ դա չգիտես ինչ է:Մխիթար Գոշ ենք տվել, իրավաքաղաքական միտք, հետեւապես մենք քաղաքակրթություն ծնող ժողովուրդներից մեկն ենք եւ չպետք է հետ դառնանք միջնադար:
Անի Սահակյան
Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: