Պատժիչ գործողությունները չեն կարող զսպել հակառակորդին

Jul 07, 2017 Comments Off on Պատժիչ գործողությունները չեն կարող զսպել հակառակորդին

Հուլիսի 4-ին կրկին սրվել է Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գիծը, տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմը կիրառել է  ականանետ, հաստոցավոր հակատանկային, այն զինատեսակները, ինչը կրառել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: Հակառակորդն ունի կորուստներ, որոնց թվում երկու տարեկան երեխա: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:Ուշագրավ է, որ հերթական լարումն արժանացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուշադրությանը, վերջինս  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին: Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ հերթական սահմանային լարումն ամենեւին էլ անակնկալ չէ: Եւ քանի դեռ չկան հետաքննող մեխանիզմներ, ապա Ադրբեջանը շարունակելու է դիմել սադրանքների:

-Ադրբեջանի համար մարդկային կորուստները կարեւոր չեն, հատկապես, որ զոհերը հիմնականում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են լինում: Ինչպես գիտեք, Ադրբեջանի սահմանին հիմնականում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն են, նույնը վերաբերում է սահմանամերձ գյուղերին, որոնք որպես կենդանի վահան են օգտագործվում: Այս առումով Հայաստանի պատժիչ գործողությունները չեն կարող զսպել հակառակորդին եւ դա վտանգավոր է: Բոլոր դեպքերում այդ միջոցները բերում են կոնֆլիկտի էսկալացիայի,որտեղ տրամաբանորեն օգտագործվելու են հզոր զինատեսակներ: Այս առումով մենք գիտենք, որ նման դեպքեր կարող է լինել ցանկացած պահի եւ որեւէ միջոց չի կարող նրանց կանխել:

Իսկ այս անգամ պաշտոնական Երեւանի եւ Արցախի հայտարարություններում փոփոխություն նկատե”լ եք, օրինակ ԱԳ նախարարն է անգամ կապ հաստատել Կասպրշիկի հետ:Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչության, սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ:
-Անկեղծ ասած գիշերն եմ վերադարձել եւ առանձապես ծանոթ չեմ այդ հայտարարություններին: Բայց բնական է, որ Ադրբեջանը պետք է ասի, որ հայկական կողմն է սկսել, սա գալիս է հարցի չկարգավորվածությունից: Որեւէ կերպ հնարավոր չէ պարզել, թե որ կողմն է առաջինը սկսել, քանի որ չկան հետաքննող մեխանիզմներ:Բնական է, որ Ադրբեջանը օգտագործելու է զոհերի խնդիրը քարոզչական նպատակներով, բնական է, որ երեխայի մահը պատրվակ է, որը մեծ արձագանք կարող է ունենալ: Եւ ինչպես փոքրամասնություններին է օգտագործում, նույն կերպ էլ կարող է օգտագործել սահմանային գյուղերի բնակիչներին, որոնք ինչ որ չափով պատանդ են այս քաղաքականությանը:

Իսկ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի կյանքի կոչվեն հետաքննող մեխանիզմների տեղադրման վերաբերյալ Վիեննայում կայացած պայմանավորվածությունը, որի մասին հայտարարեցին հայաստանյան իշխանությունները:

-Բայց չէ՞ որ Ադրբեջանը չի համաձայնվել, Պետերբուրգի հանդիպման ընթացքում այդպիսի առաջարկ հնչել է, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնել, որեւէ տեղ չկա պաշտոնական համաձայնություն: Սա խոսում է այն մասին, որ մենք անգամ չունենք հակադարձելու կոնցեպցիա, թե բացի բողոքելուց ինչ քայլեր պետք է արվեն, որ հասնենք նպատակին: Իսկ թշնամու դեմ բողոքելը դա ոչ մի խնդիր չի լուծում:

Ո՞րն է այս իրավիճակից ելքը, թե ելք չկա:

-Այսօրվա պայմաններում, այո, ելք չի երեւում:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: