Մանրամասներ՝ Արցախի սահմանին վիրավորված զինվորի վիճակի մասին

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մասնագետները դրական են համարում, որ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։

Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։ Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։

Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ՝ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,- հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։ Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Մանրամասներ՝ Արցախի սահմանին վիրավորված զինվորի վիճակի մասին”

Մեկնաբանել