Ով է վարչապետի նոր խորհրդականը

Jun 19, 2017 Comments Off on Ով է վարչապետի նոր խորհրդականը

Այսօր Կարեն Կարապետյանի որոշմամբ Վռամ Գյուլզադյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, Գյուլզադյանը կպաշտոնավարի հասարակական հիմունքներով:

Հիշեցնենք, որ Վռամ Գյուլզադյանը Վարդաբլուրի պետտնտեսությունում աշխատել է որպես օղակավար, այնուհետև Վարդաբլուրի գյուղական խորհրդի նախագահ, 1996-1999 թթ.` գյուղապետ: Եղել է ՕԵԿ-անդամ, որից շուտով հեռացվել է:

1999-2003թթ. ԱԺ պատգամավոր է դարձել թիվ 53 ընտրատարածքից: Եղել է ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Նախկին ՕԵԿ-ականին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրեց ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: 2010 թ.-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննություն տարավ, որից հետո որոշում կայացվեց Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու վերաբերյալ:  Նրան մեղադրեցին իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ:

Վռամ Գյուլզադյանն այդ օրերին հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում իր սկանդալային հայտարարութւունների պատճառով: Նա Գերասիմ  Ալավերդյանին մեղադրեց մեծ ախորժակ ունենալու, պետբյուջեի շնորհիվ  շատ շուտ հարստանանասլու և  իրեն ծուղակը գցելու  համար:

Հավելենք նաև, որ Վռամ Գյուլզադյանը «Հունայկա» ՍՊԸ-ի նախագահն է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: